Զորանամակ

Զորանամակ

with No Comments

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ է։

Մեզ է հասել կարևորագույն մի պատմական փաստաթուղթ՝ Զորանամակը, որը հստակ նկարագրում ու թվում է Հին Հայաստանի զորքը, դրա թվակազմը և կազմակերպչական առանձնահատկությունները։ Այս փաստաթուղթն իրենից ներկայացնում էր 4 մասի բաժանված աղյուսակ՝ համաձայն Մեծ Հայքի 4 զորավարությունների՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դարպասների։ Յուրաքանչյուր զորավարություն կազմված էր 21-22 նախարարություններից, և փաստաթղթում նշված էր դրանցից յուրաքանչյուրի զինված ուժերի քանակը։

Համաձայն մեզ հասած միակ զորանամակի՝ միջնադարյան Հայաստանում Արշակունիների օրոք բանակի ընդհանուր ուժը կազմում էր 124 հազար զինվոր, որոնցից 84.000-ը նախարարական զորքեր էին, իսկ 40.000-ը՝ պալատական ու մարդպետական։ Արտաքին վտանգի ծագման դեպքում նախարարները հավաքում էին իրենց զորքը և տեղակայում դրանք Զորանամակում նշված վայրում, իսկ հարկ եղած դեպքում արքայի կամ էլ սպարապետի հրամանով օգնում էին այլ նախարարական զորքին։ Զորանամակները գործում էին մինչև Արշակունիների արքայատոհմի անկումը։

Զորանամակի միակ ձեռագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Այն առաջին անգամ հրատարակել է (1842 թ) Հովհաննես Շահխաթունյանցը իր «Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի և հինգ գավառացն Այրարատայ» գրքի Բ հատորում (Էջմիածին, 1842, էջ 58)։ Զորանամակի ձեռագիր թերի մի օրինակ պահպանվում է Մատենադարանում։

Նյութի հեղինակ՝ Խաժակ Սիրեկանյան

Հավանեցի՞ք նյութը։