Երևանի բերդը

Երևանի բերդը

with No Comments

«Եւ եկին ժողովեցան ի յԵրևան և մարտեան ընդ բերդին և ոչ կարացին առնուլ»։-Սեբեոս

 

Երևանի բերդն առաջին անգամ հիշատակում է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը։ Նա իր «Պատմութիւն» աշխատությունում գրում է, որ Երևանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբներին չի հաջողվել գրավել Երևանի բերդը։

 

Կարո Ղաֆադարյանը, անդրադառնալով Երևանի բերդի տեղադրությանը, նշում է, որ Վանի թագավորության անկումից հետո Էրեբունի և Թեյշեբաինի քաղաքների բնակիչները, հավանաբար տեղաշարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատել նոր ջրային տարածքներում՝ Գետառ և Հրազդան գետերի շրջակայքում։

 

Երևանի բերդի մասին կարևոր տեղեկություն է հաղորդում Խաչատուր Աբովյանը.

《Երևանու հազար տարեկան քավթառ … մեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրած … մարդակեր բերդը…》։

 

1679 թ. հունիսի 4-ին Գառնիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից մեծ վնասներ կրեց նաև Երևանի բերդը, սակայն վերականգնվեց 18֊րդ դարի սկզբներին։

19֊րդ դարի սկզբներին, ռուս֊թուրքական և ռուս֊պարսկական պատերազմների ժամանակ, Երևանի բերդը մշտապես ռազմական գործողությունների թատերաբեմում էր՝ լինելով կարևոր ռազմական հենակետ։

 

1865 թ. բերդը գնել է առաջին դասի վաճառական Ներսես Թահիրյանը, ով իր բարեկամ և նկարիչ Հովհաննես Այվազովսկու աջակցությամբ 1877 թ. բերդի տարածքում սկսել է գինու, իսկ 1887 թ. կոնյակի արտադրությունը։

Բերդի պարիսպները շրջապատված են եղել լայն ու խորը խրամներով, որոնք վտանգի ու հարձակումների ժամանակ լցվել են ջրով։ Բերդն ունեցել է երկու մեծ ու ամրակուռ դարպասներ` երկաթե ամուր դռներով ու փականներով։ Երկու դարպասներն էլ ունեցել են հատուկ պահակախմբեր։ Բացի երկու հիմնական դարպասներից բերդն ունեցել է նաև գաղտնուղի, որը դուրս է եկել դեպի Դալմայի այգիներ, այնուհետև դեպի Հրազդան գետը՝ պաշարման ժամանակ գետից ջուր վերցնելու նպատակով։

 

Բերդը սոսկ պաշտպանական կառույց լինելուց զատ ունեցել է նաև մի շարք հրաշակերտ շինություններ.
բաղնիք, քարավանատուն, պալատ, զորանոցներ, պահեստներ, զինանոցներ, կրպակներ, խանութներ, բնակելի տներ և այլ շինություններ։ Ըստ Շարդենի՝ բերդի ներսում եղել է 800 բնակելի տուն։

Երևանի բերդը տեղ է գտել նշանավոր նկարիչներ Ֆրանց Ռուբոյի և Կառլ Բեգրովի կտավներում՝ «Երևանի բերդի գրավումը» խորագրով։

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։