ԱՍԱԼԱ-ի զինվոր Եղիա Քեշիշյանի նամակը ծնողներին

ԱՍԱԼԱ-ի զինվոր Եղիա Քեշիշյանի նամակը ծնողներին

with No Comments

«Այս նամակը գրում եմ ձեզ եւ պահում իմ անձնական իրերիս մէջ, եթէ պատահի որ ես նուիրուեմ ( զոհուեմ ) ազգիս պայքարի ճանապարհին, եւ այլեւս դուք չկարողանաք ինձ տեսնել, թող որ այս երկտողս մնայ ձեզ մոտ, որպէս յիշատակ ինձանից, որ ես գիտակցաբար ընտրեցի հայոց փշոտ, բայց ազնիւ ճամբան։
Սիրելի հայր, ների՛ր ինձ, որ առանց քո արտոնութեան գնում եմ այն պայքարիճանապարհով, որ պարտաւոր է գնայ ամէն մէկ հայրենասէր Հայ։
Ես գիտեմ, որ դու որպէս պարտաճանաչ հայր՝ կատարեցիր քո հայրական պարտականութիւնը զավակներիդ նկատմամբ, ապրուստի եւ ուսումի հետ միասին մեզ տուեցիր ազգային բարձր գիտակցութիւն եւ մեր տունը դարձրիր փոքրիկ Հայաստան, սակայն հայրական մեծութեամբ ներիր ինձ, եթէ ասեմ, որ իմ ցանկութիւնն է վերամիացուած տեսնել այդ փոքրիկ Հայաստանը։
Իսկ դու իմ պաշտելի մայր, հպարտ եղիր ինձանով եւ քո ութ զավակներով, որոնք հայ ժողովրդի համար մէկ-մէկ մարտիկ են․ դու պիտի անմահանաս, որովհետեւ քո ճերմակ եւ սուրբ կաթով սնուցել ես ինձ եւ իմ եղբայրներիս ու քոյրերիս՝ նուիրուելու համար այն հերոսական ազգի արդար դատին, որին դու ես պատկանում։
Որդիական ջերմ համբոյր՝ քո մայրական սուրբ ձեռքերին, որոնցով ինձ խնամել ես։
Իսկ դուք իմ անուշիկ եղբայրներ եւ քոյրեր, գիտեմ, որ մենք հարազատական ամենաբարձր սիրով կապուած ենք միմեանց հետ, սակայն պիտի ընդունել, որ բոլորից բարձր մեր ազգային պարտականութիւնն է, որին պիտի նուիրուենք մեր ամբողջ էութեամբ։
Սիրելի եզբայրներ, եթէ լսէք, որ ձեր եղբայրը իր կեանքը զոհաբերեց իր ազգի սիրոյն, լացի փոխաէն հպարտացէք եւ աւելի նուիրուեցէք ձեր բազմաչարչար ժողովրդին։
Վերջացնելով սիրելի հայր եւ պաշտելի մայր, գիտեմ, որ ժամանակիս ազգային մարմինները իմ արած գործը կը նկատէն որպէս անխոհեմ քայլ, բայց այդ կլինի ժամանակաւոր, որից յետոյ նրանք ձեզ պիտի ընդունեն որպէս հերոս ծնողներ։
Այս նամակը առանց թուականի է, որ ձեզ համար միշտ նոր լինի։
Համբոյրներով, եւ մնաք բարով իմ չարչարուած ծնողներ»:


Ձեր զավակ՝ ԵՂԻԱ