Ի՞նչ է էկոտուրիզմը

Ի՞նչ է էկոտուրիզմը

with No Comments

Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։

 

Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ։ Իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։

 

Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։ Էկոտուրիզմ տերմինը Արևմուտքում պաշտոնապես օգտագործվել է XX դարի 80-ականների առաջին կիսամյակում կոնֆերանսներից մեկի ժամանակ մեքսիկացի էկոլոգ Հեկտոր Սեբալոս-Լասկուրայնի (իսպ.՝ Hector Ceballos-Lascurain) կողմից։ Ռուսաստանում, գրեթե նույն ժամանակ, այն շրջանառության մեջ մտավ «Շուրջբայկալյան երկաթուղի» երթուղու մշակման և շահագործման ժամանակ։ Մասնագիտական (ինչպես նաև ակադեմիական) շրջանակներում գոյություն ունեն էկոտուրիզմի՝ նույնատիպ իմաստով մի քանի իդեալիստական սահմանումներ.

 

Էկոտուրիզմ – բնության և մշակութային տեսարժան վայրերի ուսումնասիրության և ըմբոշխնելու նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությամբ ճանապարհորդություն կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, շրջակա միջավայրի վրա ունենում է «մեղմ» ազդեցություն, ապահովում է տեղացի բնակիչների ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և նրանց կողմից այդ գործունեությունից առավելությունների ստացումը։ Բնության պահպանության միջազգային միություն։

 

Էկոտուրիզմ – դեպի բնական տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն, որը նպաստում է բնության պահպանությանն ու բարելավում տեղացի բնակչության բարօրությունը։ Էկոտուրիզմի հասարակություն (The Ecotourism Society)։

 

Էկոտուրիզմ – զբոսաշրջություն, որը ներառում է համեմատաբար անխախտ բնություն ունեցող վայրեր ճանապարհորդություններ տվյալ տարածքի բնական և մշակութա-էթնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որը չի խախտում էկոհամակարգի ամբողջականությունը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց ներքո բնության ու բնական ռեսուրսների պաշտպանությունը արդյունավետ է դառնում տեղացի բնակչության համար։ Վայրի բնության համաշխարհային ֆոնդ։

 

Էկոտուրիզմի առանձնահատկություն այն է, որ կարող է կանխել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և խրախուսել տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Էկոտուրիզմի զարգացման ամենակարևոր մասնագիտական գործիքը բնական ռեսուրսների կառավարումն է: Ողջ աշխարհում կան մի քանի վայրեր, որտեղ առկա են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ: Կառավարման պատշաճ ծրագրեր պետք է ներդրվեն, որպեսզի այդ ռեսուրսները մնան անձեռնմխելի: Մի քանի կազմակերպություններ, ՀԿ-ներ, գիտնականներ աշխատում են այս ուղղությամբ: Էկոտուրիզմը կարող է ապահովել ազգային պարկերի և այլ բնական տարածքների պաշտպանությունը, կարող է բարձրացնել զբոսաշրջիկների շրջանում կրթության և ակտիվության մակարդակը՝ դարձնելով նրանց շրջակա միջավայրի պաշտպանության ավելի խանդավառ և ազդեցիկ գործակալներ:

 

Նյութի աղբյուրը` Econews.am

Հավանեցի՞ք նյութը։