Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը

Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը

with No Comments

Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր ջրային ռեսուրսների հարստությամբ: Այն առաջավոր Ասիայի գլխավոր ջրաբաշխն է, և իզուր չէ, որ Հին Միջագետքի սեմական բնակչության կողմից դեռ Ք.ա. 2-րդ հազարամյակում ստացել է Նաիրի, այն է «գետերի երկիր», անվանումը: Ուշագրավ է, որ այդ փաստը նկատի առնելով, Միջագետքի հնագույն բնակչությունը մարդկային դրախտը տեղադրում էր Հայկական լեռնաշխարհի տարածքում:

 

Գետերը.

-Հայկական լեռնաշխարհից սկսվող գետերն ըստ ավազանների բաժանվում են չորս խմբի` դեպի Սև ծով հոսող գետեր, Պարսից ծոց հոսող գետեր, Կասպից ծով հոսող գետեր և ներքին ավազանները (երկրի ներսի լճերը) թափվող գետեր:
Դեպի արտաքին ավազանները հոսող բոլոր խոշոր գետերն ակիզբ են առնում Բարձր Հայքի բուն տարածքից կամ նրան շրջապատող լեռների լանջերից:
Դեպի Պարսից ծոց Հայկական լեռնաշխարհից հոսում են երկու գետ` Եփրատը և Տիգրիսը:

 

Եփրատ.

Եփրատն Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է (Արածանի-Արևելյան Եփրատի հետ` 3065 կմ, Հայաստանի մասում` 800 կմ): Եփրատը (հայկական աղբյուրներում` նաև Եփրատական գետ, անունը բացատրվում է որպես «շատ լայն» կամ «մեծ գետ») կազմվում է երկու բազուկներից Արևմտյան և Արևելյան:
Արևմտյան Եփրատը (երկարությունը 500 կմ), (օտարահունչ` Ֆրատ, Կարա-սու, հայերեն` Սև ջուր) սկիզբ է առնում Կարին (Էրզրում) քաղաքից հյուսիս գտնվող Ծաղկավետ լեռներից: Դարեր ի վեր այն համարվել է Մեծ Հայքի թագավորության արևմտյան սահմանը: Արևմտյան Եփրատը սկսվում է Ծաղկավետ (այժմ` Դյումլու) լեռների հարավային լանջերից: Այն ակունքում տեղացիների մոտ պաշտամունքի առարկա դարձած մի հսկայական հորդաբուխ աղբյուր է, որը կազմում է հինգ-վեց ոտնաչափ լայնություն ունեցող մի գետակ: Ակունքից դուրս գալով` հանդարտ իջնում է դեպի հարավ, աջ և ձախ կողմերից իր մեջ ընդունելով բազմաթիվ աղբյուրներ: Հասնելով Կարին, նրա ընթացքն ավելի է դանդաղում: Այստեղ առաջացնում է բավականին ընդարձակ ճահիճներ, որոնք մեր հին մատենագրության մեջ կոչվում են «Շամբ Կարնոյ»: Ջուրը պղտոր է և, հավանաբար, հենց այդ պատճառով է, որ ստացել է Սև ջուր անունը: Կարինի մոտ այն թեքվում է դեպի արևմուտք և, շատ չանցած, աջ կողմից իր մեջ ընդունում Պաղագոմք գետը, որը սկիզբ է առնում Օվաջիղի լեռների տակից և, ոռոգելով նույնանուն նեղ ու երկար դաշտը, հասնում է Եփրատին: Դերջանի գետաբերանից հարավ Սև ջուրը նորից է ընդունում արևմտյան ուղղություն և, շարունակ քսվելով Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի հյուսիսային փեշերին, հասնում է նախ Երզնկայի դաշտը, ապա` Կամախի հրաբխային բարձրավանդակը: Կամախից հարավ-արևմուտք նա կազմում է մի օղակ և աջ կողմից իր մեջ Տեվրիկ վտակն ընդունելուց հետո, ուղղվում է դեպի հարավ-արևելք` Խարբերդի դաշտի արևմտյան մասում միանալով Արածանիին: Նախքան Արածանիին միանալը, անցնում է Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևմտյան մասով:Այստեղ նրա հունը նեղ է և խորը: Նրա ձորն ահավոր խորության է հասնում Ակն քաղաքի մոտ: Ակնի կիրճը կազմող բարձրությունները հասնում են ձյան գծին և մինչդեռ կիրճի հատակում ծաղկում է նշենին, վերևում, բարձրությունների վրա խոր ձմեռ է լինում:

 

Արածանին (կամ Արևելյան Եփրատ, թրք. Մուրադ-չայ), Այն եղել է հին հայոց սրբազան գետերից մեկը (ի դեպ, անունը մեկնում են իբրև «լուսավոր», «մաքուր»): Ուշագրավ է, որ վանյան կամ ուրարտական դիցարանում պահպանվել է գետի աստվածության անվանումը` Արծանիա: Արածանին, որը Եփրատի մյուս ճյուղի` Սև ջրի նման իր ամբողջ հոսանքով անցնում է Հայկական լեռնաշխարհի տարածքով, սկսվում է Ծաղկանց հրաբխային լեռնային համակարգին պատկանող Թոնդուրեկ գագաթի մոտից` Ոսկիք վայրից: Նա սկզբից ևեթ մի հորդահոս գետակ է կազմում, որը կարճ ճանապարհ անցնելուց հետո, մտնում է Թոնդուրեկի հյուսիսային լավային փռվածքների շրջանում գտնվող ձորը, Դիադին ամրոց-քաղաքից 22-27 կմ դեպի հարավ: Այս շրջանում գետի երկու ափերի ձագարաձև փոսերից դուրս են ցայտում ծծմբային տաք ջրեր, այնքան տաք, որ «տեղացիները, այդ աղբյուրների վրա եփում են ոչխարի միս»: Այդ տաք աղբյուրները, որոնք թափվում են Արածանիի մեջ, հնում կոչվում էին «Վարշակի ջերմուկ»-ներ: Դարերի ընթացքում դրանց պարունակությունները գետի վրա կազմել են երկու բնական կամուրջ: Կամուրջներից մեկն այնքան լայն է, որ նույնիսկ վրայով կարող են ձիավորներ անցնել:
Այնուհետև Արածանին մտնում է բազալտի սև ժայռերից կազմված մի նեղ և երկար ձոր, ուր դառնում է ավելի սրընթաց: Շատ չանցած, դուրս գալով այդ անձուկ ձոր-ճեղքերից, նա փոխում է իր հյուսիսային ուղղությունը և հոսում է դեպի հյուսիս-արևմուտք: Դիադինի խոր ձորից դուրս գալուց հետո էլ հանքային ջրերը, գրեթե առանց ընդհատվելու, ուղեկցում են նրան երկար տարածության վրա` մինչև Ծաղկանցից դեպի հյուսիս մատնաձև տարածվող լեռնաճյուղերի հյուսիսային ստորոտները:

 

Արածանին իր վերնագավառում եղել է պաշտամունքի առարկա, այնպես, ինչպես Եփրատն իր ակունքի շրջանում: Ալաշկերտի հովտում նա իր մեջ է ընդունում բազմաթիվ գետակներ, որոնց մեջ ամենից երկարն ու ջրառատը Շառիան գետն է: Մանազկերտի դաշտից մինչև Մուշի դաշտ մտնելը Արածանին անցնում է լեռնային շրջաններով և ունի արագ ընթացք: Աջից ու ձախից նրա մեջ են թափվում մի շարք գետեր, այսպես` Մանազկերտ քաղաքի մոտ նրա մեջ է թափվում Մանազկերտ (այժմ` Պատնոս կամ Պատնոց) գետը, դրանից արևմուտք, աջ կողմից` Խնուսի (Վարաժնունիք) գետը, ապա` Բյուրակնը, որն իր ստորին հոսանքի շրջանում կոչվում է Չհարբոհար (այսինքն` չորս տեղից անցանելի): Մուշի դաշտում ձախ կողմից նրա մեջ է թափվում Մեղրագետը (կամ Մշո գետը):

 

Ժամանակակից աշխարհագրական գրականության մեջ Արևմտյան Տիգրիսի ակունքները բխում են Ծոփքի տարածքում գտնվող Ծովք լճակից: Հնում, սակայն Արևմտյան Տիգրիսի ակունքները համարվել են Տավրոսյան լեռնաշղթայի Կղեսուրք (Օլորի) լեռնանցքի շրջանը Հաշտյանք գավառում:
Արևմտյան ճյուղը, որը կոչվում է նաև ուղղակի Տիգրիս, իր հերթին կազմվում է երկու ճյուղից: Դրանցից մեկը հայտնի է Արղանա անունով: Արղանայի գրեթե միջին հոսանքի շրջանում, նրա աջ ափին, գտնվում է Արղանա գյուղաքաղաքը, որը հին և միջին դարերում հռչակված էր իր գունավոր մետաղների (գլխավորապես պղնձի) հանքերով: Շատ չանցած Արղանա գետը միանում է Արևմտյան Տիգրիսի մյուս ճյուղի` Զիբենեի հետ, որի ակունքն ավելի արևելք է գտնվում: Վերջինս բավականին երկար տարածություն հոսում է բնական թունելով, որը փորել է ինքը` Զիբենեն:
Արղանա և Զիբենե գետակները միանալուց հետո, գետն արդեն կրում է իր իսկական անունը` Տիգրիս, որը մինչև Դիարբեքիր (Ամիդ) քաղաքի մոտերքը հոսում է դեպի հարավ, իսկ Դեարբեքիրից քիչ հարավ փոխում է հոսանքի ուղղությունը դեպի արևելք և ընդունում` Սուբնատ (Զիբենե, Դբնի), Ապար կամ Ամբար, Բաթմանաջուր (իր Սանասնոջուր օժանդակով, Բաթման գետը (Բաթման-սու) հնում հայտնի էր Քաղիրդ և Նիմֆիոս անուններով) և Արզան վտակները:
Բաթման վտակն ընդունելուց հետո գետը մտնում է մի լեռնային շրջան: Նրա հունը հարավից պատող լեռնաճյուղերից մեկի վրա այժմ գտնվում է Հասանքեյ գյուղը, որտեղ պահպանվել են ուրարտական զանազան կառուցվածքներ (այդ թվում լեռնալանջի ուղղությամբ դասավորված 16 «հարկանի» ջրաղացների ավերակներ): Այստեղից շարունակելով հոսել նույն արևելյան ուղղությամբ, գետը Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք միանում է Արևելյան Տիգրիսին:

Արևելյան Տիգրիսը (թրք. Բոհտան-սու, Քսենոփոնի մոտ կոչված է Կենտրիտես) սկսվում է Հայկական Տավրոսի և Կորդվաց լեռների հյուսիսահայաց լանջերից հոսող աղբյուրներից, որոնք գտնվում են պատմական Վասպուրականի Անձևացիք գավառի տարածքում: Հին հայերը կոչել են Ջերմ` ամենայն հավանականությամբ նրա ձորահովիտների (Ջերմաձոր) տաք, մերձարևադարձային կլիմայի պատճառով: Ակունքներից քիչ հեռու նա փոխում է իր հյուսիս-արևմտյան ուղղությունը, ընդունելով արևմտյան ուղղություն, որը մինչև Արևմտյան Տիգրիսին միանալը համարյա չի փոխում: Վերին հոսանքի շրջանում, ձախ կողմից իր մեջ է ընդունում Շահբուր գետակը: Ավելի արևմուտք, աջ կողմից նրա մեջ են թափվում նախ Մոկս գետը, ապա, Սղերդ քաղաքի մոտ, Բաղեշ գետը` իր Գյոզալդարա վտակով: Արևելյան Տիգրիսն անհամեմատ սակավաջուր է, քան Արևմտյան Տիգրիսը: Երբեմնի Թիլ հայաբնակ գյուղի մեջ երկու Տիգրիսները միանալուց հետո ճեղքում են Կորդվաց լեռները և դուրս գալիս Միջագետք: Ձախ կողմից իր մեջ ընդունելով Մեծ Զավ կամ Զաբ վտակը, (որի ակունքները բխում են Վասպուրականի Աղբակ գավառի հյուսիսային սահմանագլխից), Տիգրիսը շարունակում է իր ընթացքը դեպի հարավ` մինչև Եփրատին միանալը:

 

Արածանին ավելի ջրառատ է, քան Եփրատը:
Արածանին և Եփրատը միանալուց հետո մտնում են Տավրոսյան լեռների շրջանը: Այստեղ նրանք պատռում են Տավրոսյան հսկայական լեռնային համակարգը` առաջացնելով բազմաթիվ զառիվեր կիրճեր: Տավրոսյան լեռների շրջանում Եփրատը կազմում է փոքրիկ ջրվեժներ, որոնց թիվը հասնում է 300-ի:
Կտրելով Տավրոսի շղթան, Եփրատը դուրս է գալիս Միջագետքի հարթություն: Այստեղ նա նախ ուղղվում է դեպի արևմուտք` մոտենալով Միջերկրական ծովին, ապա թեքվում է դեպի հարավ և աստիճանաբար մոտենում իր արևելյան մեծ հարևանին` Տիգրիսին: Բավականին երկար տեղ Տիգրիսին զուգահեռ հոսելուց հետո Եփրատը միանում է նրան և թափվում Պարսից ծոցը: Այդ երկու խոշոր գետերը իրար միանալուց հետո կրում են Շատ-էլ -Արաբ ընդհանուր անունը:

Դեպի Պարսից ծոց հոսող մյուս խոշոր գետը Տիգրիսն է: Տիգրիսը (բառացի` «նետի պես ընթացող» կամ «նետաձգություն», հայկական աղբյուրներում` Դկղաթ, օտարահունչ` Դիջլե) որը Հայկական լեռնաշխարհից սկսվող գետերից ամենաջրառատն է, նույնպես կազմված է արևմտյան և արևելյան բազուկներից:

Մուշի դաշտից անմիջապես արևմուտք գետը մտնում է նեղ և խոր կիրճերի մեջ, որտեղ նրա հունը նեղ է, հոսանքը` սրընթաց: Այստեղ նա կազմում է մի քանի ջրվեժներ: Նեղ կիրճը վերջանում է Բալուի մոտ, և Արածանին մտնում է Խարբերդի ընդարձակ ու բերրի դաշտը: Մուշից մինչև Խարբերդ նրա մեջ աջ կողմից թափվում են մի շարք վտակներ, որոնցից նշանավոր են երկուսը` Ճապաղջուր արագահոս գետը (Գյունիկ-սու) և Փերի գետը, որն սկսվում է Բյուրակն լեռան արևմտյան մասից և իր տարբեր մասերում կրում է տարբեր անուններ:
Խարբերդի դաշտից արևմուտք Արածանին միանում է հյուսիսից եկող իր քրոջը` Եփրատին:

 

Ըստ քարտեզագիր պատմաբան Գեղամ Բադալյանի

Հավանեցի՞ք նյութը։