Ջրային միջավայր

Ջրային միջավայր

with No Comments

Երկիր մոլորակի ջրային թաղանթը (օվկիանոսների, ծովերի, մայրցամաքների ջրերի ամբողջությունը) կոչվում է
ջրոլորտ (հիդրոսֆերա): Ավելի լայն առումով ջրոլորտի կազմության մեջ են մտնում նաև ստորգետնյա ջրերը,
Արկտիկայի և Անտարկտիդայի ձյունը և սառույցը, մթնոլորտային ջուրը և օրգանիզմներում պարունակվող
ջուրը:

 

Ջրի հիմնական զանգվածը կենտրոնացած է ծովերում և օվկիանոսներում: Բնական ջրերի ընդհանուր ծավալը
կազմում է 1,39 մլրդ կմ³: Երկրագնդի մակերեսի 71 %-ը ծածկված է ջրով (361 մլն կմ²): Ջուրը կենսոլորտի
տարրեր հանդիսացող մթնոլորտի, հողի և կենդանի օրգանիզմների կառուցվածքային մասն է: Այն մոլորակի
ամենատարածված միացությունն է: Առանց ջրի հնարավոր չէ կյանքի գոյությունը:

 

Մեծ է ջրի դերը եղանակային պայմանների համեմատաբար անփոփոխ պահպանման գործում: Հիդրոսֆերան
հանդիսանում է գետերի և մթնոլորտային հոսքերի միջոցով օվկիանոս և այլ ջրամբարներ բերվող օրգանական և
անօրգանական նյութերի համաշխարհային կուտակիչ: Շատ նյութեր առաջանում են հենց ջրոլորտում: Երկրի
վրա ջուրը ջերմության բաշխիչ է: Ջուրը մտնում է միներալների, կենդանիների և բույսերի բջիջների
կազմության մեջ, ազդում է կլիմայի ձևավորման վրա, մասնակցում է նյութերի շրջապտույտին, նստվածքային
ապարների և հողի առաջացմանը, հանդիսանում է էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր:

 

Հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում նաև ոռոգման նպատակով: Սակայն ջրի հսկայական
պաշարների 97–98 %-ը կազմում են օվկիանոսների և ծովերի ջրերը, որոնք խիստ հանքայնացված են, և դրանք
հնարավոր չէ օգտագործել սննդամթերքի արտադրության պրոցեսում: Ավելի լուրջ է համարվում այն փաստը, որ
քաղցրահամ ջրերի 75 %-ը գոյություն ունի սառույցի ձևով: Մասնավորապես անտարկտիկական սառցե
պատյանը ընդգրկում է 14 մլն կմ² մակերես և պարունակում է 30 մլն կմ³ ծավալով սառույց: Սա երկրագնդի
քաղցրահամ ջրերի 61 % է և համարժեք է Համաշխարհային օվկիանոսի 70 մ մակարդակի: Քաղցրահամ ջրերի
և միայն 1 %-ն է օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից: Մարդու սխալ տնտեսական գործունեության
արդյունքում ջրի այդ չնչին պաշարները ենթարկվում են աղտոտման: Դրա հետևանքով քաղցրահամ ջուրը
դարձել է պահանջվածից պակաս:

 

Ջրային միջավայրի յուրահատկությունները պայմանավորված են ջրի ֆիզիկաքիմիական հատկություններով:
Կարևոր էկոլոգիական նշանակություն ունի ջրի խտությունը և մածուցիկությունը: Ջրի խտությունը մոտ 1000
անգամ մեծ է օդի խտությունից: Այդ պատճառով ջրային օրգանիզմները բախվում են հիդրոդինամիկ
դիմադրության մեծ ուժի հետ: Դրա հետևանքով բազմաթիվ կենդանի օրգանիզմների մարմնի ձևի և շարժման

տիպի զարգացումը ընթացել է ճակատային դիմադրության փոքրացման ուղղությամբ, ինչի շնորհիվ լողալու
ընթացքում այդ կենդանիները քիչ էներգիա են ծախսում:

 

Ջրի մեծ խտությունը նպաստում է նաև նրանում մեխանիկական տատանումների տարածմանը: Դա կարևոր դեր է
խաղացել զգայական օրգանների զարգացման գործում` տարածության մեջ կողմնորոշվելուն և ջրային
օբյեկտների հետ հաղորդակցվելուն: Ջուրն ունի շատ բարձր ջերմունակություն և ծովափնյա շրջաններում
տարվա տարբեր եղանակներին և օրվա տարբեր ժամերին մեղմացնում է ջերմաստիճանային տատանումները:
Երկիր մոլորակի վրա ջուրը հանդիսանում է ջերմաստիճանի կարգավորիչ:

 

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Հավանեցի՞ք նյութը։