Որդան կարմիր

Որդան կարմիր

with No Comments

Հայկական կամ Արարատյան որդան կարմիրը հայտնի ներկատու միջատներից ամենախոշորն է: Ապրում է որդանխոտի և եղեգնի արմատների վրա: Ըստ պատմական աղբյուրների Որդան կարմիր տարածված է եղել Արաքսի միջին շրջանի` հատկապես Արարատյան դաշտի, ինչպես նաև Ուրմիա լճի և Էրզրումի նահանգի աղուտներում:

Որդան կարմիր ներկը կազմում է միջատի կենդանի քաշի 2-5%-ը: Աչքի է ընկնում գույնի պայծառությամբ, լույսի, ժամանակի և այլ գործոնների նկատմամբ մեծ կայունությամբ: Հայտնի է հին ժամանակներից: Ասորեստանի Սարգոն 1-ին թագավորը մ.թ.ա. 714թ հիշատակում է Մուսասիրի Խալդի աստծո տաճարից որպես ավար վերցրած կարմիր գործվածքները:

Ըստ հունական և հռոմեական աղբյուրների Հայաստանից արտահանվող Որդան Կարմիրը համարվում էր ամենագեղեցիկ ներկը, 《արքայական ծիրանին》 որով ներկում էին արքայական և իշխանական զգեստները, դրանով ներկված գորգերն ու գործվածքները թանկարժեք ավար են համարվել: Այն օգտագործվում էր նաև մանրանկարչության մեջ և որպես արքայական կնիքի ներկ: Որդան Կարմիրին առանձնահատուկ տեղ է հատկացրել մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Ներկի հնագույն ծագման մասին է փաստում Սանկտ Պետերբուրգի 《Էրմիտաժ》 թանգարանում պահվող 《Պազիրիկ》 կոչվող գորգը , որը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար:

Որդան Կարմիրից ստացված պատրաստուկներից ստացված պատրաստուկները օգտագործվել են նաև բժշկության, որպես հակաբորբոքային և ջերմություն իջեցնող դեղամիջոցներ: Այն Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող գլխավոր ապրանքներից էր: Այդ մասին հիշատակել են հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը (1ին դար), արաբ աշխարհագիրները և ուրիշներ:

Որդան Կարմիրի մասին բազմիցս նշված է նաև հայկական ձեռագրերում (Ղազար Փարպեցի՝ 《Պատմություն Հայոց》, 《Աշխարհացույց》 և այլն): Սկսած 13-րդ դարից հայկական Որդան Կարմիրի արդյունահանումը զգալիորեն նվազում է, աստիճանաբար դուրս մղվում համաշխարհային շուկայից: Ներկի ստացման եղանակները Հայաստանում աստիճանաբար մոռացվեցին, և այժմ ներկանյութի ստացման բոլոր փորձերը մատնված են անհաջողության:

Հավանեցի՞ք նյութը։