Հրաբուխներ

Հրաբուխներ

with No Comments

Հրաբխականությունը

Հայկական լեռնաշխարհում երկրակեղևը միջին հաշուով մոտ 50 կմ խորություն ունի, իսկ որոշ հատվածներում, հատկապէս՝ Միջնաշխարհում, ավելի պակաս և տարածվում է հրահեղուկ թույլոլորտի՝ ասթենոսֆերայի վրա, որտեղ շատ բարդ պրոցեսներ են տեղի ունենում: Հրաբխականությունն այստեղ շատ ցայտուն է արտահայտված թե՛ արտաժայթուկ, թե՛ ներժայթուկ ձևերով: Հայկական լեռնաշխարհում հրաբխային ռելիեֆի ձևերը շատ թարմ են և կարող են մրցել Կամչատկայի հրաբուխների հետ:

Հրաբխային արտավիժումներ ու Երկրի ընդերքում մագմայի ներդրումներ Հայկական լեռնաշխարհում տեղի են ունեցել Արխեյ-Պրոտերոզոյից սկսած, որոնք ընթացել են երկրաբանական բոլոր ժամանակաշրջաններում, այդ թվում՝ նաև հոլոցենում (ժամանակաշրջանը՝ տե՛ս երկրաբանական ժամանակագրության աղյուսակում): Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հայկական լեռնաշխարհում հրաբխականությունն աչքի է ընկնում մեծ բազմատիպությամբ. այստեղ կարելի է գտնել հավայան, վեզուվյան և այլ տիպեր:

Բազմամյա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտավիժման տարբեր փուլերում արտաժայթքել են հիմնային, թթու և չեզոք լավաներ: Հիմնային լավաները չեն արտաժայթքում պայթյունների ուղեկցությամբ: Լավային ծածկույթներն ունեն թույլ թեքություն, առաջացնում են սարավանդներ: Թթու լավաները դժվարահոս են, առաջացնում են զառիթափ լանջերով հրաբխային կոներ, և հեռվից դիտելից հեշտությամբ կարելի է որոշել լավաների կազմը:

Երկրաբանական պատմությունը ցույց է տալիս, որ հրաբխականությունը ընդհատվող պրոցես է, բուռն արտավիժումներին հաջորդել են երկարատև հարաբերական հանգստի ժամանակաշրջաններ, որոնք տևել են հարյուրհազարավոր և, նույնիսկ, միլիոնավոր տարիներ: Կայնոզոյում եղած ամենաուժեղ հրաբխականության (վերին Պլիոցեն – ստորին Անթրոպոգեն) հետևանքով լեռնաշխարհի 1/3-ը ծածկվել է լավայով: Տեղ-տեղ այդ լավաների հզորությունը հասնում է 1000 մետրի: Հրաբխային ապարները բազմազան են. ամենատարածվածներն են բազալտներն ու անդեզիտաբազալտները, տուֆը:

Հրաբխային բարձրավանդակի ռելիեֆի կարևոր տարրերից են հրաբխային կոները՝ խառնարաններով: Խառնարանային կոների մեջ կան այնպիսինները, որոնք կատարին լճեր ունեն: Այդպիսիններից են Աժդահակը՝ Գեղամա լեռներում, Նեմրութը և Թոնդրակը՝ Վանա լճի ափին, Արմաղանը՝ Սևանա լճի հարավարևմտյան ափամերձ հատվածում: Հրաբխային բարձրավանդակների ռելիեֆի մասին խոսելիս հարկ է նշել նաև քարակարկառների՝ չինգիլների մասին: Դրանք սառնամանիքային հողմահարման արգասիք են, և լեռնային բարձր մասերը կրում են չինգիլների համատարած ծածկույթ: Չինգիլների գոյությամբ է պայմանավորված հրաբխային շրջաններում աղբյուրների առատությունը: Մթնոլորտային տեղումներն ամբողջութեամբ ներծծվում են և սնում աղբյուրներին: Հրաբխային արտավիժումները Հայաստանում առաջացրել են լավային արգելափակման լճեր. Սևանա, Վանա, Ծովակ Հյուսիսո (Չլդըր) ժամանակակից լճերը, իսկ անցյալում առաջացել են Արարատյան, Շիրակի, Ալաշկերտի, Մանազկերտի լճերը, Եփրատ գետի երկայնքով՝ մի շարք լճեր, Որոտանի ավազանում՝ Սիսիանի լիճը և այլն: