Բուն հայոց Վարդավառը

Բուն հայոց Վարդավառը

with No Comments

Մեր իմաստուն նախնիները

Իմաստուն մեր նախնիները` հատկապես քրմական դասը, հասել էին տիեզերական տրամաբանության։ Ուստի հին հայոց հավատամքը հիմնված էր լրջագույն տիեզերական օրինաչափությունների, աստղագիտության, երկնային երևույթների և առհասարակ գիտական փաստերի վրա։ Եվ պատահական չէ, որ Հայոց հնագույն հավատամքային յուրաքանչյուր տոն ունեցել է իր տիեզերագիտական նշանակությունը և բացատրությունը։ Ըստ Հայկեան Միաբանութեան Քրմերի, տոնը միաբանության, միասնության խորհուրդ ունի, որտեղ հոգևոր զորությունները միավորվում են մեկ վայրում և մեկ նպատակի շուրջ։

Հայկեան մեր տոնացույցը կազմված էր Արևային ութ և տոմարական ութ տոներից:

Արևային տոներն իրեց հերթին կազմված են չորս հիմնական և չորս սատար տոներից: Վերջիններիս տիեզերական հիմքերը ցուցանելու համար քննենք դրանց հետ կապված երկնային երևույթները։

Տիեզերքում

Տիեզերքում ցանկացած երկու մարմիններ ձգում են միմյանց ձգողականության ուժով: Առաջին տիեզերական արագության շնորհիվ դրանցից առավել թեթև զանգվածով մարմինը սկսում է պտտվել երկրորդի շուրջը, բացառություն չի կազմում նաև մեր մայր մոլորակը` Երկրագունդը, որը պտտվում է Արեգակի շուրջը և մեկ լրիվ պտույտ կատարում 365,4 օրում: Սակայն երկրային դիտորդին թվում է, թե հակառակն է տեղի ունենում:

Արեգակը մեր ցերեկային լուսատուն է, մեզ ամենամոտ աստղը, հետևաբար մյուս լուսատուների նման մասնակցում է երկնոլորտի պտույտին: Արեգակն անցնում է համաստեղություններով և մեկ տարվա ընթացքում վերադառնում իր նախկին դիրքին:

Այն ուղին, որով տեղի է ունենում Արեգակի թվացյալ և տեսանելի տարեկան շարժումը, կոչվում է Խավարածիր, քանզի այդ ուղեգծում է տեղի ունենում լուսնի և արեգակի խավարումները:

Խավարածիրը երկնային հասարակածը հատում է երկու կետերում, որոնք կոչվում են գիշերահավասարի կետեր և նշանակվում են Խոյ և Կշեռք համաստեղությունների նշանով (մարտի 21 և սեպտեմբերի 22):

Խավարածրի այն կետերը, որոնք հավասարահեռ են գարնանային և աշնանային գիշերահավասարի կետերից, կոչվում են Արևադարձի կետեր (այդ կետերում արեգակը դարձ է կատարում, այսինքն մեծանում կամ փոքրանում է նրա կեսօրյա բարձրությունը) որոնք գտնվում են երկնային միջօրեականի վրա:
Հյուսիսային բևեռին մոտ կետը կոչվում է ամառային, իսկ հարավային բևեռի մոտ գտնվողը` ձմեռային արևադարձի կետ ու նշանակվում Խեցգետին և Այծեղջյուր համաստեղությունների նշանով (Հունիսի 21 և դեկտեմբերի 23):

Միջին լայնություններում հունիսի 21-ին գրանցվում է ամենաերկար ցերեկը, իսկ դեկտեմբերի 23-ին` ամենաերկար գիշերը (մոտ 15 ժամ):

Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհի բնիկները, ապրելով երկրագնդի միջին լայնություններում, հնուց ի վեր նկատել են օրվա տևողության այդ ահռելի տարբերությունը և այդ օրերը տոնել և համապատասխանաբար անվանել են Արեգնափայլ և Արևագալ:

Հայկեան սրբազան ուսմունքի համաձայն սրանք են Արեգնակային չորս հիմնական տոները` գարնանային գիշերահավասար–Արեգ ամսվա Արեգ օր` Ամանոր կամ Զատիկ
աշնանային գիշերահավասար– Տրէ ամսվա Մազդեզ օր` Նահապետաց տոն, Իմաստուն նախնիների տոն
ամառային Արևադարձ` Արեգնափայլ–Նավասարդ ամսվա Արամ օր՝ հայրերի տոն:
Ձմեռային Արևադարձ (Արևագալ)-Մեհեկան ամսվա Միհր օր՝ Միհրի ծնունդ

Արեգնափայլը

Արեգնափայլը՝ հունիսի 22-ը, արեգակնային օրացույցի իրական ամառնամուտն է:
Մեր տիեզերահաղորդ նախնիներն այդ օրը տոնել են որպես հայրերի և արեգակի տիրական տոն, որը, ըստ Հայկեան սրբազան ուսմունքի, տևում է մինչև Նահապետաց տոն, հետո իմաստանում և անկում է ապրում, որ կրկին Արևագալի տոնին ծնվի:

Արեգնափայլ տոնին նաև տեղի է ունենում ծիրանօրհնեք: Հայկեան ուսմունքի համաձայն՝ ծիրանենին կոչվում է կենաց պտուղ, և ծիրանը՝ կենաց ծառ, որի հիման վրա էլ սրբազան քրմերն ու արքաները կոչվել են ծիրանածին, ծիրանակիր:

Արեգակնային 4 հիմնական տոների օրերից հավասարահեռ օրերը կոչվում են 4 Սատար տոներ:

Փետրվարի 14-ին (տիեզերական ձմռան կեսին)` Հրոտից ամսվա Հրանտ օրը, տոնվում է Տրնդեզ սատար տոնը, որի ժամանակ արիները ձմռան ցրտին բնությանը սատարում են հրով:

Նույն խորհուրդն ունի նաև Վարդավառը՝ Հոռի ամսվա Վահագն օրը, որ տոնվում է արեգակնային ամռան կեսին՝ օգոստոսի 14-ին, որպես սիրո և գեղեցկության տոն, երբ ամռան շոգին բնությանը սատարում ենք ջրով:

Արեգնափայլը Նավասարդ ամիսն է, վերջինս Խեցգետին ամիս է, ջրի տարր, իսկ արեգակն էլ հուր տարրերքի խորհրդանիշ է, և այդ տոնին ներդաշնակվում են ջուրն ու հուրը, այն, ինչ հայրն է բնության մեջ, Իսկ հուրի տարրերքը ծավալվում է մինչև վարդավառի սատար տոն, և վարդավառին մենք ջրով սատարում ենք բնությանը, որ կրկին բալանսավորվեն տարրերը:

Հուր և ջուր

Ջրի և հրի ներդաշնակման այս երևույթը ազգի մեջ պահպանվել է Վահագնի և Աստղիկի հավերժական սիրո թաքնագիտությամբ:

Աստղիկին համապատասխանում է Սիրառատ Արուսյակ (Վեներա) մոլորակը, որը հայոց մեջ պահպանվել է Լուսաբեր, Աստղիկ, Այգաբեր, Այգաստղ, Գիշերավար, Լուսաստղ, Առավոտյան աստղ, Երեկոյան աստղ անուններով:

Վարդավառի տոնը չի կարող շարժական լինել, առավել ևս Արեգակնային տոն լինելով նշվել լուսնահաշվարկով, ի՞նչ տրամաբանությամբ են այն նշում Զատիկից 14 շաբաթ անց, իսկ Զատիկը գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնի օրը:

Հին հայերը մարտի 21-ին տոնել են Գարնանամուտը, Ամանորն ու Զատիկը:
Զատիկի հիմքում զատվել բառն է, որը նշանակում է բաժանվել, անջատվել, կիսվել: Այդ օրը լույսը զատվում է խավարից, բարին` չարից, տաքը` ցրտից, գարունը` ձմեռվանից, մռայլությունը` գունավորից: Ահա սրա հետ է կապված Զատիկի տոնական գունավոր ձվերը, որը խորհրդանշում է բնության զարթոնքը:

Իսկ ի՞նչ են զատում նրանք, ովքեր Զատիկը նշում են գիշերահավասարին հաջորդող Լիալուսնին կամ ի՞նչ խորհուրդ ունի Վարդավառը նշել այդ լիալուսնից 14 շաբաթ (98 oր) անց:

Ինչպես նշեցինք վերևում, Վարդավառը անշարժ տոն է և նշվում է Հոռի ամսվա Վահագն օրը:

Վարդավառ

Հնում անգամ վայրը նշանակություն ուներ, դրա համար ժողովուրդը գնում էր տվյալ վայր տոնը նշելու համար:

Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր, որը կոչվում էր նաև «Սենյակ Վահագնի»: Ըստ սկզբնաղբյուրների, այստեղ էին հավաքվում ուխտավորները՝ տոնելու Վարդավառի տոնը:
Վարդավառն առաջացել է «Վարդ» և «Վառել» բառերից, որը նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել:
Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են բյուրավոր վարդեր և մեծարել Վարդամատն մականունով , աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա:

Աստղիկ դիցուհի

Աստղիկ դիցուհուն էր նվիրված հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը:
Հայերն Վարդավառին փառաբանել են Աստղիկ դիցուհուն` Տիեզերական սիրո վերահաստատման հավատով:

Օրը դեպի Տիեզերք, դեպի Դիցերը գնացող ազդակների համար նպաստավոր է, և իր կնիքն է դրել հավատավորների պատկերացումներում՝ հասնելով մեր ժամանակներ:

Շնորհավոր հայոց Սրբազան Վարդավառը և թող հարատևի սիրո խորհուրդն Աստղկական:

Գոռ Ղազարյան

Տպվել է ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ամսաթերթում՝ 2018 թվականին։

Հավանեցի՞ք նյութը։