Գորշ արջը Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։
Բնակվում է չորային նոսրանտառներում, սաղարթավոր անտառներում, լեռնային մարգագետնատափաստաններում, ենթալպյան և ալպիական մարգագետիններում:
Արեալը զգալի չափով ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է:
Մարմնի երկարությունը 200 սմ է, կենդանու զանգվածը՝ 190-300 կգ։ Գլուխը լայն է, դունչն ու պոչը՝ կարճ, ականջները՝ փոքր։ Ոտքերն ամուր են՝ զինված մեծ ու կեռ, գորշ ճանկերով։ Ունի լավ զարգացած հոտառություն, թույլ տեսողություն։
Բազմանում են մայիսին: Հղիությունը տևում է մոտ 7 ամիս: Ձագերը (առավել հաճախ` 2, հազվա դեպ` 1 կամ 3–4) ծնվում են բնում դեկտեմբերի վերջից մինչև մարտ, կաթով կերակրվում են 5 ամիս և 1 տարուց ավելի մնում մոր մոտ։ Սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Մազափոխվում են ապրիլ-հունիսին։ Ապրում են 30-40 տարի։
Հայաստանում հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր։ Գրանցվել է ծովի մակարդակից 400-500 մինչև 3000 մ բարձրություններում։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում: Անհրաժեշտ է ուժեղացնել արջերի և դրանց բիոտոպերի վրա մարդածին գործոնների ազդեցության վերահսկողությունը: Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է։
Վտանգման հիմնական գործոններ են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:
Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում:
Ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի տեսակ»։