Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները

Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները

with No Comments

1787թ. հունվարի 11-ին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերեց Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։

Ուիլյամ Հերշել

 

Ուիլիամ Հերշել

Ուիլիամ Հերշելը ծնվել է 1738 թվականին՝ գերմանական Հաննովեր քաղաքում: Եղել է Իսահակ և Աննա Հերշելների տասը երեխաներից մեկը։ Հայրը եղել է տեղի զինվորական նվագախմբի հոբոյ նվագող։ Տասնյոթ տարեկանում Ուիլիամը նույնպես համալրում է զինվորական նվագախմբի շարքերը և գործուղվում Անգլիա։

Անգլիայում սկսել է հրապուրվել մաթեմատիկայով և աստղագիտությամբ։

Աստղագիտություն

Աստղագիտություն սովորել է ինքնուրույն։ 1773 թ. առաջին անգամ սկսել է իր ձեռքով պատրաստել հեռադիտակի հայելիներ և օպտիկական սարքեր։ Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդը նրան տրամադրում է առանձին աստղադիտարան կառուցելու միջոցներ։ 1789 թ. Հերշելը որոշ տեխնիկական կատարելագործումների և հայելիների տրամագիծը մինչև 126 սմ մեծացնելու միջոցով կարողացավ պատրաստել իր ժամանակի ամենամեծ հեռադիտակը (երկարությունը՝ 12 սմ, հայելու տրամագիծը՝ 122 սմ)։ Դրա միջոցով կարողացավ ուսումնասիրել միգամածություններն ու գիսավորները, ինչպես նաև՝ Ծիր Կաթնի կառուցվածքը, եզրակացնելով, որ այն ունի սկավառակի ձև, իսկ Արեգակնային համակարգը գտնվում է նրա կազմում։ Այդ բոլոր աշխատանքների ժամանակ Ուիլիամի օգնականն էր նրա քույր Կարոլինա Հերշելը։

Հայտնագործություններ

Երկնքի դիտումներն Ուիլիամ Հերշելն սկսել է 1773 թվականից։ Հայտնաբերել Է Ուրան մոլորակը, Ուրանի երկու արբանյակը, դրանց հակադարձ շարժումը, Սատուրնի երկու արբանյակը և այլն։ Հաստատել Է կրկնակի աստղերի գոյությունը և կազմել դրանց երեք աստղացուցակ։ Հայտնաբերել Է ավելի քան 2500 նոր միգամածություններ և աստղակույտեր, ուսումնասիրել Արեգակի և բազմաթիվ աստղերի սպեկտրները։ Առաջինն Է նշել Գալակտիկայի ընդհանուր ձևն ու գնահատել նրա չաֆերը։ Հայտնաբերել Է արեգակնային համակարգի շարժումը տարածության մեջ, առաջ քաշել դիֆուզ նյութից աստղերի առաջացման միգամածային կոսմոգոնիական վարկած։

Ուիլիամ Հերշելի պատվին

Ուիլիամ Հերշելի պատվին իրենց անուններն են ստացել Լուսնի, Մարսի և Սատուրնի արբանյակ Միմասի վրա գտնվող խառնարաններ, ինչպես նաև՝ (2000) Հերշել աստերոիդը։

 

Ուրան մոլորակ

Ուրանի և Երկրի չափերի համեմատություն

Ուրանը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ յոթերորդ, տրամագծով երրորդ և զանգվածով չորրորդ մոլորակն է։ Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից, և անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։

Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով: Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։ Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ, նրա խամրածության և ուղեծրով դանդաղ շարժման պատճառով:

Ուրանի արբանյակները

Ուրանի համակարգում հայտնաբերվել են 27 բնական արբանյակներ: Նրանց անվանուները ընտրվել են Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործության կերպարների անուններից: Կարելի է առանձնացնել հինգ ամենախոշոր հիմնական արբանյակները՝ Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն: Վերջին երկուսը հայտնաբերել է Ուիլիամ Հերշելը:

Տիտանիա

Տիտանիան Ուրանի ամենամեծ արբանյակն է և Արեգակնային համակարգի արբանյակների մեջ մեծությամբ ութերորդը։ Հայտնաբերվել է Ուիլիամ Հերշելի կողմից 1787 թվականին և անվանվել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի փերիների թագուհու անունով։ Արբանյակի ուղեծիրն ամբողջովին ընկնում է Ուրանի մագնիսոլորտի ներսում։

Օբերոն

Օբերոն Ուրանի մեծ արբանյակներից է և ամենահեռավորը։ Ուրանի արբանյակներից չափերով և զանգվածով երկրորդն է և իններորդը ամբողջ Արեգակնային համակարգում։ Հայտնաբերվել է Ուիլիամ Հերշելի կողմից 1787 թվականին։ Օբերոնն անվանվել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի փերիների արքայի անունով։ Նրա ուղեծիրը մասնակիորեն ընկնում է Ուրանի մագնիսոլորտից դուրս։

 

Հավանեցի՞ք նյութը։