Հայ հնագետի ելույթը Օքսֆորդի համալսարանում

Հայ հնագետի ելույթը Օքսֆորդի համալսարանում

with No Comments

Փետրվարի 24-ին Երևանի պետական համալսարանի ասպիրանտ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիուտի գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը Օքսֆորդի համալսարանի Հնագիտության ինստիտուտում հանդես է եկել բանախոսությամբ «Օդապարուկների հնագիտությունը. անցած  ուսումնասիրությունները և նոր հեռանկարները» թեմայով:

 

Մարիամ Շահմուրադյան

Մարիամ Շահմուրադյանը սովորել է ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնում, այնուհետև Հնագիտության և ազգագրության ամբիոնում՝ պաշտպանելով մագիստրոսական թեզ  «Հին Եգիպտոսի ոչ հիերոգլիֆային նշանները(քսերոգլիֆները) և դրանց ակունքները» թեմայով։ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնում սովորել է հին եգիպտերեն և աքադերեն լեզուները։ Այժմ սովորում է Հնագիտության և ազգագրության ամբիոնի ասպիրանտուրայում։

Հետաքրքրված է հին քաղաքակրթությունների և քաղաքակրթական արժեքների (պաշտամունք, երկրագործություն, անասնապահություն, գիր) առաջացման հիմնախնդիրներով։

2017թ․-ից սկսած ղեկավարում է «օդապարուկներ»-ի պեղումները Հայաստանի Արագածավան համայնքում։

 

Օդապարուկներ

«Օդապարուկները» շատ մեծ չափեր ու տարբեր ձևեր ունեցող կառույցներ են, որոնց գործառույթը մինչ օրս բացահայտված չէ: Դրանք հայտնաբերվել են Առաջավոր և Միջին Ասիայում, այդ թվում նաև Հայաստանում՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Հնագույն «օդապարուկները» նոր քարի դարով են թվագրվում (մ.թ.ա. XII-VI հազ.):

Օքսֆորդի համալսարանում Մարիամի զեկուցումը ընդունվեց մեծ խանդավառությամբ. բազմաթիվ հարցեր և պատասխաններ, հիացմունք և ոգևորություն, որ շուրջ մեկ դար հետո «օդապարուկներ»-ի հանելուկն ի վերջո բացահայտման ճանապարհին է:

Ներկա պահին Մարիամը հետազոտական աշխատանքներ է իրականացնում Քեմբրիջի համալսարանում, որոնց արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ «օդապարուկները» պաշտամունքային նշանակություն են ունեցել:

 

Հայ հնագետ Մարիամ Շահմուրադյանը հանդիսանում է աշխարհում «օդապարուկներ»-ը ուսումնասիրող եզակի մասնագետներից մեկը, ով հրատարակել է այս կառույցների ուսումնասիրությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ և մասնակցել միջազգային գիտաժողվների Հայաստանում և Հայաստանից դուրս(Լոնդոն, Լիվերպուլ, Մանչեստեր, Քեմբրիջ)։

Այս տարի Մարիամ Շահմուրադյանի ղեկավարությամբ կշարունակվեն օդապարուկների պեղումները Հայաստանի Արագածավան համայնքում, որոնց շնորհիվ առաջիկայում կունենանք նոր տվյալներ այս առեղծավածային կառույցների մասին։

 

Հավանեցի՞ք նյութը։