Տուրպանը բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ամառնահյուր է, չվող և հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 51-58 սմ է, թևերի բացվածքը՝ 90-99 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,6 կգ։ Փետրածածկը մուգ է։
Գլուխը, կտուցը, վիզը հաստ են։ Բնադրման շրջանում արուի փետրածածկը սև է, փայլուն, թևի սպիտակ բիծն առավել տեսանելի է թռչելիս։
Աչքի տակ կա ոչ մեծ սպիտակ բիծ, կտուցը հիմնականում դեղին է։
Հետբնադրման շրջանում արուն ավելի խամրած է, դարչնագույն, էգը վերևից մուգ դարչնագույն է, թևին կա 1 սպիտակ բիծ, իսկ գլխի կողքերին՝ 2-ական սպիտակավուն բծեր։
Սովորաբար հանդիպում է ոչ մեծ երամներով (մինչև 20 անհատ)։ Թռչում է ջրից ոչ լրիվ կտրվելով և ոչ ճարպիկ։ Սնվում է խեցգետնակերպերով, խխունջներով, ջրային բույսերով՝ ժայռոտ ափերի երկայնքով քայլելով։ Բնակվում է քարքարոտ և ժայռոտ ափերով խոշոր լճերում։
Բազմացում
Հարսանեկան առաջին խաղերը (նման են կռիվների) տեղի են ունենում ապրիլի սկզբին։ Բնի կառուցումն ավարտվում է և առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։
Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում, օգոստոսին թռչում են լիարժեք։
Տարածվածություն
Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Ասիայի հյուսիս-արևմուտքում, Անդրկովկասում, Փոքր Ասիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում:
Հայաստանում հանդիպում է միայն Սևանա լճի ավազանում` գարնանային և աշնանային շրջաններում:
Պահպանություն
Հազվագյուտ անհետացող տեսակ է, որոշ տեղերում` չվահյուր: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է տվյալների անբավարարություն կատեգորիայով։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: