Թոնդրակ լեռ ․ Հայոց սրբազան լեռը

Թոնդրակ լեռ ․ Հայոց սրբազան լեռը

with No Comments

Թոնդրակ լեռան անվան ստուգաբանությունը կապված է հայկական թոնիր(թոնդիր, թունդիր) բառի հետ:Թոնդրակ լեռնավահանը հայտնի է նաև Թոնդուրեկ, Ծաղկեո անուններով:

 

Աշխարհագրական դիրքը

Թոնդրակ կամ Թոնդուրեկ լեռնավահանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի Հրաբխային բարձրավանդակի հարավային մասում կամ, ինչպես ասում են, Հարավային հրաբխային բարձրավանդակում, Ծաղկանց լեռներից արևելք՝ Եղբարք և Կոտուր-Վասպուրականի լեռնաշղթաների հատման հանգույցում: Երկրաբա-նական տեսակետից այն գտնվում է Անատոլիական-Իրանական միջ-լեռնային իջույթի գրեթե կենտրոնական մասում, Վան-Ուրմիական էպիբայկալյան զանգ-վածից հյուսիս:
Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում։

 

Երկրաբանությունը

Թոնդրակը հրաբխային ծագման լեռ է: Այն համարվում է Հայկական լեռնաշխարհում գործող միակ հրաբուխը։ Մինչ այժմ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարանից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր: Պատմական տեղեկությունների համաձայն 1550-ական թթ. հրաբուխը խիստ աշխուժացել է: Լեռան հիմքում նստվածքային ապարներ են, կան ուլտրահիմնային ներժայթուկներ: Լեռան բարձր մասերում կան սառցապատման հետքեր:
Մակերևույթը: 3548 մ բարձրությամբ Թոնդրակ լեռնավահանը ծածկված է անդեզիտային-տրախիտային երիտասարդ լավաներով: Ունի լավ պահպանված խառնարան, որի շրջանագիծը 2 կմ է, ընդհանուր խորությունը՝ 350 մ: Թոնդրակի շրջապատում կան բազմաթիվ լավային հոսքեր ու պարազիտային կոներ, խարամ ու հրաբխային ավազ: Պարազիտ կոների շրջապատում շատ են հրաբխային ռումբերն ու լապիլները:

 

Կլիման

Կլիման ենթարկվում է վերընթաց գոտիականությանը: Հուլիսյան միջին ջերմաստիճանը ստորին գոտում 22-24, միջին գոտում 10-18, իսկ վերին գոտում 2-8-10 աստիճան է, հունվարյանը, ստորին գոտում -5-6 աստիճան է, միջին և վերին գոտիներում՝ -8-12: Մթնոլորտային տեղումները 400 մմ-ից հասնում են 1000 մմ-ի: Լեռնազանգվածի մերձկատարային գոգավորություններում ձյունը պահպանվում է շուրջտարի:

 

Ջրագրությունը

Թոնդրակը մասնատված է Բերկրի կամ Բանդիմահի գետով ու նրա վտակներով: Խառնարանում առկա են լճակներ՝ առավելագույնը 30 մ խորությամբ:

 

Հողերը

Սրանք ևս ենթարկվում են վերընթաց գոտիականությունը: Տարածվում են շագանակագույն հողերը, սևահողերը, մարգագետնային և գետահովտային հողերը: Շագանակագույն հողերը տարածվում են լեռան փեշերին: Հումուսի պարունակությունը 4-8% է: Սևահողերը տարածվում են լեռան լանջերին: Ունեն 8-12, առանձին հատվածներում՝ մինչև 14% հումուս: Մարգագետնային հողերը տարածվում են լեռան կատարային մասում: Հումուսի պարունակությունը առավելագույնը 15% է: Գետահովտային հողերը տարածվում են գետերի հովիտներում՝ գետերի ամբողջ երկարությամբ: Կառուցվածքով և հումուսայնությամբ նման են այն հողերին, որոնց տարածման շրջանում են:

 

Բուսականությունը

Լեռնազանգվածի լանջերը ծածկված են հարուստ բուսականությամբ, փետրախոտ, սիզախոտ, կելերիա, ցորնուկ, երեքնուկ, տարեկան, աղվեսագի, կըծմախոտ և այլն:

 

Կենդանական աշխարհ

Կենդանական աշխարհում հիմնականում մանր կրծողներ են, սողուններ և թռչուններ, իսկ կաթնասունները բավական քիչ են, հիմնականում՝ կզաքիս, աղվես, այծյամ, նապաստակ:

Լեռները հայոց մեջ ունեն մեծ նշանակություն, ուստի պատահական չէ, որ բուն Հայկյան տոմարի ամսվա օրանունների զգալի մասը կրում են լեռների անուններ (Պարխար, Վարագ, Արագա…)։ Բացի այդ լեռը ունեցել է և ունի հավատամքային մեծ նշանակություն։

 

Ըստ ավանդության ` հայոց ուժի, զորության և ռազմի դից Վահագնը Ծաղկանց լեռներում ռազմարվեստ էր ուսուցանում հայ Ռափայներին (հսկաներին):
Վարժանքից հետո նրանք երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջը, զրուցում էին, Թոնդրակ լեռան խառնարանի մեջ լավաշ-հաց թխում: Մի օր Վահագնը Թոնդրակից ակութ (կրակի մոխիր) վերցրեց, տվեց հայոց ռափայներին և պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնիր շինեն և կրակ վառեն, հաց թխեն, տան կրակը միշտ վառ պահեն: Վահագնը մինչև օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մի հայի տան Թոնդրի կրակը չհանգչի»:
Հայոց մեջ մինչ այժմ պահպանվել է «տան կրակը մարեց» արտահայտությունը, այսինքն` ընդհատվեց ընտանիքի շարունակելիությունը։

Պատահական չէ, որ մենք` հայերս, ընտանիքները հաշվել ենք ծխով կամ երդկնահամարով։

 

Թոնդրակ լեռը համարվում է հայկական մշակութային զարդի` թոնրի նախատիպը։
Ամբողջ աշխարհում թոնիր բառը ստուգաբանվում է միայն հայերենում և այն համարվում է զուտ հայկական մշակութային արժեք։
Թոնդրակ լեռան պաշտանմունքը հայոց մեջ ունի վաղագույն ակունքներ։
Որոշ ուսումնասիրողներ
《Վահագնի ծննունդը 》 երգ-բանաստեղծությունը ասոցացնում է Թոնդրակ հրաբխի ժայթքման հետ։

Թոնդրակ անունով հնում անվանակոչվել է գյուղ, միջնադարում ՝ հզոր գաղափարական շարժում, մեր օրերում՝ «Թոնդրակ» արշավական ակումբը։

Հավանեցի՞ք նյութը։