Օզոնային շերտի նշանակությունը

Օզոնային շերտի նշանակությունը

with No Comments

Կարևոր, համամոլորակային էկոլոգիական խնդիր է օզոնային շերտի քայքայումը։

Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3,3 մլրդ տ, սակայն, այն մարդու և մյուս կենդանի
օրգանիզմների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք
ուլտրամանուշակագույն ճառագայթումից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմաստիճանային ռեժիմի
կայունացմանը:

 

Օզոնային շերտի քայքայումը

1995 թ. ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քլորֆտորածխաջրածինների (ՔՖԱ) մոլեկուլները, որոնք
մթնոլորտ են ընկնում մարդու տնտեսական գործունեության հետևանքով, ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը: Ազոտի օքսիդները և քլորի ատոմները, հանդես գալով որպես կատալիզատորներ, առաջ են բերում օզոնի քայքայում և խախտում են օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների միջև ստեղծված
հավասարակշռությունը:

Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ: Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում էին օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանվեցին օզոնային անցքեր:

 

Օզոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի առաջացումը պայմանավորված է մարդածին ծագում ունեցող քլորֆտորածխաջրածիններով և ազոտի օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոններ անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերության այլ ճյուղերում, իսկ ազոտի օքսիդներն առաջանում են ազոտի և թթվածնի փոխազդեցության արդյունքում` բարձր ջերմաստիճանային պայմաններում և կատալիզատորների առկայության դեպքում, որոնց դերում հանդես են գալիս մետաղները: Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ:

 

Օզոնային շերտի քայքայման հետևանքները

Անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթների մի մասը, տեսանելի և ինֆրակարմիր ճառագայթները ազատ անցնում են օզոնային շերտով և հասնում մինչև մեր մոլորակի մակերևույթ, ինչն անհրաժեշտ է կյանքի գոյության բոլոր ձևերի զարգացման համար:

 

Միաժամանակ օզոնային շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն Երկրի մակերևույթ:

Հավանաբար օզոնային շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև`
մարդու կյանքը: Հաստատված է, որ օզոնային շերտի հաստության փոքրացման հետ մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը:

 

Բացի վերը նշված բացասական հետևանքներից, օզոնային շերտի քայքայումը կբերի ջերմոցային էֆեկտի
ուժեղացման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազեցման և հողերի քայքայման:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ տրոպոսֆերայի ստորին շերտերում օզոնը հանդես է գալիս որպես շատ
վտանգավոր աղտոտիչ: Այն առաջացնում է բույսերի քլորոֆիլի քայքայում, իսկ մարդկանց մոտ դժվարացնում է
շնչառությունը և վնասում աչքերը:

 

Օզոնի կուտակումը օդի գետնամերձ շերտերում չի բերում դրա քանակի ավելացման օզոնային շերտում, քանի որ տրոպոսֆերայի ստորին շերտերը և ստրատոսֆերան չեն խառնվում:
Հետևաբար անհրաժեշտ է պայքարել ստորին շերտերում օզոնով օդի աղտոտման դեմ և շտապ միջոցներ ձեռնարկել ստրատոսֆերայում օզոնի պահպանման ուղղությամբ:

Հավանեցի՞ք նյութը։