Գ․ Նժդեհ․《Գայլախմբերի》 մարտավարությունը

Գ․ Նժդեհ․《Գայլախմբերի》 մարտավարությունը

with No Comments

Էջեր Հայ ռազմարվեստի պատմությունից

 

《Ոչ մի տեղ առանց Սյունիքի և Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող》։
Գարեգին Նժդեհ

1918-1921 թվականներին Զանգեզուրում մղված գոյամարտը, որը կոչվում է նաև Լեռնահայաստանի հերոսամարտ, հայոց պատմության փառապանծ էջերից մեկն է։ Հերոսամարտի հիմքում դրված էր սկզբունքային մի հարց՝ արդյոք այդ հայկական տարածաշրջանը մնալու՞ էր հայրենի սահմանների ներսում, որտեղ վեր են խոյանում հազարամյա հայկական պատմամշակութային հուշարձանները, ազատագրական պայքարի արյունով ներկված հայոց նախնիների գերեզմանները, թե դա պետք է զավթեն թուրք-թաթարական հրոսակները։ Եթե զննենք հիշյալ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, կտեսնենք, որ այս պարանոցն իրենից ներկայացնում էր պանթուրքիստական ծրագրի իրականացման հիմնական խոչնըդոտող գործոններից մեկը։ Ուստի թուրքերը և նրանց կամակատար թուրք-թաթարներն ամեն գնով ձգտում էին տիրանալ այդ տարածաշրջանին, ճանապարհ բացել պանթուրքիստական գաղափարի իրականացման համար։ Իսկ այդ ծրագրի իրականացումը մահաբեր հետևանքներ կունենար մեր ազգի և հայրենիքի մնացած մասի համար։ Մինչև 1918 թվականը Սյունիքում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպվում էին հիմնականում տեղի աշխարհազորի կողմից։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տեղի ինքնապաշտպանությունը կակազմակերպելու համար Սյունիք գործուղվեց գնդապետ Արսեն Շահմազյանը, որը լինելով հմուտ և բանիմաց զինվորական, կարճ ժամանակում հայտարարեց 20-22 տարեկան երիտասարդների զորահավաք, տեղերում կազմավորեց կայուն զորաջոկատներ։ Ստեղծվեց նաև զինվորական խորհուրդ, շրջաններում նշանակվեցին հրամանատարներ։ Սյունիքի հայկական զինված ուժերի թվակազմը այդ ժամանակ հասնում էր մոտ 5000-ի։ 1919 թվականի մայիսին ազերիական զինված խմբերը՝ մոտ 6000 հետևակային և 3000 հեծյալ, 12 թնդանոթով միաժամանակ Նախիջևանի, Շուշիի և Կովսականի ուղղություններով հարձակվեցին Սյունիքի վրա։

Լեռնահայաստանի հերոսամարտը

 

1919 թ. Հոկտեմբերին անհրաժեշտությունից ելնելով Սյունիք զինված ուժերի ընդհանուր հրամանատար Արսեն Շահմազյանին փոխարինեց ականավոր զորահրամանատար Գարեգին Նժդեհը /Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան/, որը ունենալով ռազմագիտական լայն գիտելիքներ, կարողանում է հմտորեն օգտագործել տեղանքի բնական բոլոր պայմանները՝ լավագույն արդյունքի հասնելու համար։ Միաժամանակ ունենալով ամուր կազմակերպչական ջիղ, նա կարողացավ իր շուրջը համախմբել հայրենիքի պաշտպանության գաղափարներով զինված մարդկանց։ Հիմնականում ահա այն ամենը, ինչի մեջ պետք է փնտրել Նժդեհի հաջողությունների բանալին։

Նույն թվականի նոյեմբերի 4-ին Զաբուղ ավանի մոտ հայկական զինված ստորաբաժանումները , օգտագործելով հանկարծակի հարձակման մարտավարությունը և միաժամանակ, ճիշտ գնահատելով լեռնային տեղանքի ռազմավարական պայմանները, խաչաձև կրակի տակ գցեցին հակառակորդի հանկարծակիի եկած և կարճ ժամանակում խուճապի մեջ ընկած զինված ստորաբաժանումներին, ոչնչացրեցին հեծյալ գնդերից մեկը՝ շուրջ 1500 հեծյալ, մոտ 600 հետևակային, առգրավեցին 2 թնդանոթ, 20 գնդացիր և բավականաչափ զինամթերք։ Քաջ գիտակցելով, որ զորքի մարտունակության գործում մեծ նշանություն ունեն ամուր կարգապահությունը, գաղափարական, բարոյահոգեբանական ու ֆիզիկական դաստիրակությունը, հրամանատարի կեցվածքը, Գ. Նժդեհը հասարական և քաղաքական գործիչ Շերամի հետ մշակեց ու ստեղծեց տվյալ շրջանի համար համազորային կանոնադրությունների նմանատիպ հանդիսացող 《Զորաշարքային կանոնադրությունը։ Այս կանոնադրությունը 20-րդ դարի հայ ռազմարվեստի պատմության օրենսդրական կարևորագույն փաստաթուղթ է և լավագույն վկայությունն այն բանի, որ Սյունիքում գործել է կանոնավոր բանակ։

Հաշվի առնելով հայկական զինված ուժերի անհամեմատ սահմանափակ լինելը և սպառազինվածությունը, ինչպես նաև տեղանքի նպաստաավոր պայմանները, Գարեգին Նժդեհը մշակեց մարտավարական գործողության այնպիսի ձև, որն իրականացնող հիմնական զինված ստորաբաժանումը համարվում էր վաշտը։ Համաձայն այդ մարտավարության , վաշտերը բաժանվելով զինված դիվերսիոն խմբերի, հանկարծակի հարձակմամբ (մասնավորապես գիշերային ժամերին) խուճապ էին գցում թշնամու բանակում, որից հետո հայկական հիմնական զինված ստորաբաժանումները հասցնում էին գլխավոր հարվածը։ Այդ դիվերսիոն խմբերը կոչվում էին 《Գայլախմբեր》, իսկ վաշտերը, որոնք գլխավորապես գործում էին Դավիթ_Բեկի զինվորական կարգապահության մեթոդներով, կոչվեցին Դավիթբեկյան վաշտեր։

Սյունիքում մարտունակ բանակի առկայության և կառավարման համակարգի մասին է խոսում այն փաստը, որ Պարսից շահը ճանաչում էր Գ. Նժդեհի իշխանությունը և պատրաստ էր նրա հետ պետական մակարդակի հարաբերությունբերի մեջ մտնել։ Գ. Նժդեհի ռազմավարական խնդիրների մեջ էր մտնում նաև Արցախի ազատագրումը։ Այդ էր պատճառը, որ 1919 թվականի գարնան վերջին զանգեզուրյան զինված ստորաբաժանումները, նախ միավորվելով Դրաստամատ Կանայանի արշավախմբի հետ, վերացրին թշնամու զինված սեպը Գորիսի Շուռնուխ բնակավայրի մոտակայքում,ապա միասնական ուժերով արշավեցին Արցախ։ Արցախում Դրաստամատ Կանայանը կազմավորեց տեղի օրենսդիր և գործադիր մարմինները և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվեց Զանգեզուր_Արցախի ընդհանուր հրամանատար։ 1919 թվականի սեպտեմբերի 20-ին Կաղնուտ, Ուժանիս, Ագարակ բնակավայրերի մոտ Գ. Նժդեհի ղեկավարած հայկական ստորաբաժանումները հանկարծակի հարձակումներով ջախջախեցին ազերիական եռակի գերազանցող զինված ուժերին, առգրավեցին 2 թնդանոթ, 10 գնդացիր և այլ հարուստ ռազմավար՝ թշնամուն ետ շպրտելով Սյունիքի տարածքից։

1920 թ.ապրիլին հայկական զինված ուժերը , մոտ 5000 զինվոր,Արցախի տարածքում ջախջախեցին ազերիական մոտ 10000-անոց զինված ուժերին , վերջնականապես նրանց հետ շպրտելով Արցախի տարածքից։ Սակայն նույն թվականին ազերիական պետության խորհրդայնացումը փոխեց ամբողջ իրավիճակը տարածաշրջանում։ Բոլշևիկյան Ռուսաստանի 11-րդ բանակի 28-րդ դիվիզիայի օգնությամբ ազերիական ուժերը առանց որևէ դժվարության գրավեցին Արցախը, այնուհետև վերջնագիր ներկայացնելով գրավեցին Սիսիանը, Կապանը, Գորիսը։ Հայկական ուժերը, ամրանալով անառիկ լեռնային մասերում,անցան ինքնապաշտպանության։

Հայերը իրենց հիմնական ուժերը կենտրոնացրել էին Կապանի տարածքում գտնվող Խուստուփ լեռան վրա, որը հանդիսանում էր նաև յուրահատուկ զինվորական կայանատեղի։ Այստեղ Նժդեհը ստեղծեց Դավիթբեկյան ուխտերը 《Հանուն Հայրենիքի՝ դավիթբեկաբար》 նշանաբանով։ Այս ուխտերի նպատակը ոչ միայն զորքի, այլ նաև բնակչության գաղափարական ու բարոյահոգեբանական վիճակի բարելավումն էր։ Մոտ երեք ամիս տևող գաղափարական աշխատանքից հետո 1920 թվականի սեպտեմբերի 1-ին Գ. Նժդեհի գլխավորությամբ հայկական զինված ուժերը Զևայի ճակամարում ջախջախեցին ազերիա-բոլշևիկյան զինված ուժերին, գլխովին ոչնչացնելով տռուսական 84-րդ բրիգադը։ Արդեն հոկտեմբեր ամսին ազատագրվեց Կապան քաղաքը, որտեղ բնակչությունը ջերմորեն դիմավորեց հայկական զինյալներին։ Նույն հոկտեմբերի 14-ին Պ. Տեր-Դավթյանի զինյալ ստորաբաժանումներն առանց լուրջ մարտերի ազատագրեցին Սիսիանը։

1920 թվականի հոկտեմբերի 24-28-ը ընկած շրջանում հայկական զինված ստորաբաժանումները բնակչության աջակցությամբ ազատագրեցին Գորիս քաղաքը։ Փաստորեն ողջ Սյունիքը ազատագրված էր։ Այս մարտերի ընթացքում թշնամին կորցրեց մոտ 5000 սպանված, 1600 գերի, 4 թնդանոթ, 67 գնդացիր։ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից հետո 1921 թվականի ապրիլի 2-ին Տաթևի վանքում Զանգեզուրը հռչակվեց անկախ հանրապետություն՝ 《Լեռնահայաստանի Հանրապետություն 》անվամբ. Վարչապետ նշանակվեց Սիմոն Վրացյանը, սպարապետ՝ Գարեգին Նժդեհը։

Լեռնահայաստանի Հանրապետությունը գոյատևեց մինչև 1921 թվականի հուլիսի 7-ը։ Լեռնահայաստանի Հանրապետության գոյությունը և հերոսամարտը հայոց ազատագրական շարժման պատմության պատմության անմոռաց էջերից մեկն է, քանի որ Սյունյաց աշխարհի դիրքը իր ռազմավարական նշանակությամբ կենարար դեր է խաղում ներկա և ապագա Հայաստանի համար։