Այս էլ հայերի կանանց, տղաների ու մանուկների համար

Այս էլ հայերի կանանց, տղաների ու մանուկների համար

with No Comments

Մ.թ.ա. 184 թվական, Հայաստան: Ալանական թագավորության բանակը, դաշնակցած վրացիների և կովկասյան լեռնականների հետ, անակնկալ ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք ու, հսկայական ավար և գերիներ ձեռք գցելով, հետ քաշվեց: Այդ ժամանակ սկսեցին գործել առաջին այդ հարվածը բաց թողած Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշես I-ը (մ.թ.ա. 201-160) և նրա դայակ ու մերձավոր զինակից Սմբատ Քաջ Բագրատունին: Հետագան փոխանցենք ըստ վրաց պատմահայր Լեոնտի Մրովելիի:

«Այնժամ Սումբատ Բիվրատիանը կանչեց Հայաստանի զորքը, հայերը շտապ հավաքվեցին և սկսեցին հետապնդել, իսկ այս բոլոր հյուսիսականները անցել էին Մտկվարին ու հասել էին Կամբեջոան: Նրանք ճամբար էին դրել Իորի գետի ափին և բաժանում էին գերիներին ու ավարը: Այդ ժամանակ Սումբատը պատվիրակ ուղարկեց և հայտարարեց. «Ինչ որ Հայաստանից ավար, անասուն, ոսկի, արծաթ և գործվածքեղեն եք վերցրել, ԱՅԴ ԱՄԵՆԸ ՁԵԶ ԵՄ ԸՆԾԱՅՈՒՄ, և որքան էլ հայերի արյուն եք հեղել, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՎՐԵԺԽՆԴԻՐ ՉԵՆՔ ԼԻՆԻ, սակայն ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ԱՅԺՄ ԳԵՐԻ ԵՆ ՁԵԶ ՄՈՏ, ԱՐՁԱԿԵՑԵՔ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԳՆԱՑԵՔ՝ հարստացած և ամենայն բարիքով առլեցուն»:

Հայոց մարդասեր այս առաջնորդի խոսքերը, սակայն, թշնամիները ՍԽԱԼ ԸՆԿԱԼԵՑԻՆ, որից հետո սկսեցին պոռո-պոռո դուրս տալ.

«Հայաստան էինք մտել ոչ թե ուրիշ պատճառներով, այլ ՀԵՆՑ ՔԵԶ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, բայց չգտանք քեզ: Եվ արդ եկել ես մեզ մոտ, ընդունիր քո բաժինը, ապա թե ոչ, կգանք քեզ վրա, ուր էլ լինես, մեր ձեռքից ողջ չես ազատվի»:

Դա, սակայն, հաստատ այն էր, ինչ ՉՊԵՏՔ Է ասվեր Սմբատ Քաջ Բագրատունու տիպի մի մարդու: Շարունակությունը, հայերին, Սմբատին և Հայոց արքային լավ ճանաչողների համար միանգամայն սպասելի էր, սակայն մեր ժողովրդի հերթական այս թշնամիները վերջիններիս ակնհայտորեն լավ չէին ճանաչում ու դաժան հատուցեցին իրենց այդ պոռոտախոսության համար: Հիանանք –

«Այնժամ Սումբատ Բիվրատիանը անցավ Մտկվարին: Այդ ժամանակ օսերի թագավոր Բազուկը Սումբատին խնդրեց իր հետ մենամարտել, նա պատվիրակ ուղարկեց և առաջարկեց իր հետ անձամբ կռվել: Սումբատը զինվեց, հեծավ իր նժույգը և անցավ կռվողների միջով: Այն կողմից էլ դուրս եկավ Բազուկը: Ձայն տվին միմյանց և հարձակվեցին իրար վրա: Սումբատը նիզակով հարվածեց Բազուկի գոտուն և նիզակը մեկ կանգուն դուրս եկավ Բազուկի թիկունքից: Սմբատը վերցրեց Բազուկին ձիու վրայից և գետին տապալեց: Այնժամ, իր եղբորն օգնելու միտումով, հարձակվեց Անբազուկը, սակայն Սումբատը դուրս քաշեց այն նիզակը, ընդառաջ գնաց նրան և նույնպես հարվածեց ու նիզակը դուրս հանեց թիկունքից, որից հետո վերցրեց Անբազուկին և գետին տապալեց՝ ասելով. «ԱՅՍ ԷԼ ՀԱՅԵՐԻ ԿԱՆԱՆՑ, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ, ՏՂԱՆԵՐԻ և ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ԴՈՒՔ ԿՈՏՈՐԵՑԻՔ»: Այնժամ օսերի, լեկերի, քարթվելների և բոլոր հյուսիսային ցեղերի զորքերը միաբերան բացականչեցին ու ասացին. «Քանզի սպանվեցին այս երկու եղբայրները՝ բոլոր դյուցազունների գլխավորները, ապա մեր մահը ամենևին էլ ամոթաբեր չի լինի»:

Եվ ահա նրանք առավել կատաղեցին, որից հետո բոլորը, գումարվելով Քարթլիի թագավորներ Արզոկի ու Արմազելի սպասալարության ներքո, բոլորը հարձակվեցին Սումբատի և հայերի զորքի վրա: Այնժամ նրանց միջև մի մեծ ճակատամարտ տեղի ունեցավ և նրանց միջև մարտը երկարեց ժամը երեքից մինչև ինը: Երկուստեք անթիվ կոտորվեցին, փոշին բարձրացավ և օրը մթնեց ինչպես գիշեր:

Նրանք միանգամայն իրար խառնվեցին և փոշու պատճառով միմյանց չէին ճանաչում: Այնժամ հյուսիսականների բանակը պարտվեց հայերից, բոլորը փախուստի դիմեցին և ցիրուցան եղան, որից հետո հարձակման անցավ Սումբատը, որը բազում ի բազմից վիրավորվել էր, և հետապնդեց նրանց մինչև գիշեր: Նա կոտորեց բոլոր օսերին և լեկերին, որոնցից քչերը փրկվեցին, սակայն քարթվելներն ավելի շատ փրկվեցին՝ փախուստի ճանապարհները գիտենալու շնորհիվ: Եվ ահա Քարթլիի երկու վիրավոր թագավորներն էլ պատսպարվեցին Մցխեթում»:

 

Մհեր Հակոբյան

Հավանեցի՞ք նյութը։