Կապուտաչյա Սևանը

Կապուտաչյա Սևանը

with No Comments

Սևանը Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ (Վանա և Ուրմիո լճերից հետո), իսկ քաղցրահամ ջրերի պաշարով առաջին ամենամեծ լիճն է։ Ունի տեկտոնահրաբխային ծագում, գտնվում է ծովի մակերևույթից 1916մ (մինչև մակարդակի իջեցում) բարձրության վրա։ Այն շրջապատված է չորս հսկա լեռնաշղթաներով՝ Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա։

Սևանա լիճ թափվում են 28 գետ ու գետակ, բայց սկիզբ է առնում միայն մեկը՝ օձագալար Հրազդանը։ Հնագիտական պեղումներից Լճաշենում հայտնաբերվել է Արգիշտի 1֊ինի արձանագրությունը։ Այնտեղ նշված է 《Սուինի》 բառը (ամենայն հավանականությամբ Լիճ)։ Մովսես Խորենացու և Կիրակոս Գանձակեցու մոտ այն հանդիպում է 《Գեղամա ծով》 անվամբ, որն ըստ ավանդության կապված է Հայկ նահապետի թոռներից Գեղամի անվան հետ։ Սևանա լիճը կենսարար նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար։ Սակայն այն ունի մի շարք հիմնախնդիրներ, որոնց նպաստում են բազմաթիվ գործոններ.

Սևանի հիմնախնդիրները․

1․Ջրի մակարդակի արհեստական իջեցումը

2․Կենցաղային աղբը, թափոնները, կեղտաջրերը

3․ՀԷԿ-երը

4․Հանքարդյունաբերությունը

5․Կենդանատեսակի անխնա օգտագործումը

6․Գյուղատնտեսությունը և անասնապահությունը

7.Եվ այլն

Մարդկանց անխնա օգտագործման հետևանքով, Սևանում առկա կենդանական և բուսական աշխարհի որոշ տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին։

Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ։ Քաղցրահամ ջուրն աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն։ Այն սահմանափակ, խոցելի ռեսուրս է, քանի որ մի կողմից մեծանում են նրա օգտագործման ծավալները, մյուս կողմից գնալով ավելի շատ է աղտոտվում և կորցնում պիտանելիությունը, թուլանում է վերարտադրությունը:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Քաղցրահամ ջուրը կհանդիսանա առավել ստրատեգիական ռեսուրս, քան նավթը։ ՀՀ-ն առայժմ չունի ջրի խնդիր: Քաղցրահամ ջրի առատությունը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով և առատ բնական աղբյուրներով:

Սևանա լիճը հանդիսանում է Անդրկովկասի ամենամեծ ջրի պաշարը: Հայաստանը այս տեսանկյունից համարվում է աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը: Քաղցրահամ ջրերի խոշորագույն օգտագործողը գյուղատնտեսությունն է: Մի շարք երկրներ արդեն անցել են կաթիլային ոռոգման համակարգին: ՀՀ-ում արտեզյան ջրերի զգալի ծավալի վատնում է կատարվում մասնավոր ձկնաբուծարանների կողմից: Ավելին` մայրաքաղաք մտնող խմելու ջրի 77%-ը կորչում է: Սևանա լիճը իր տեսակով աշխարհում եզակի է։ Այն Հայաստան է հրավիրում ոչ միայն բազմաթիվ զբոսաշրջիկների, այլև ունի մեր համար տնտեսական և ռազմավարական հսկայական նշանակություն։

Միասին պահպանենք մեր բնական հարստությունը։

Լուսանկարիչ՝ Սասուն Դանիելյան

#Միասին_Պահպանենք_Հայրենի_Բնաշխարհը։

 

Հավանեցի՞ք նյութը։