Ուխտագնացություն Նժդեհի մոր շիրիմին

Ուխտագնացություն Նժդեհի մոր շիրիմին

with No Comments

«Տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտի ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը` հայ մայրը»: Գ․ Նժդեհ

Հայոց պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ֊իմաստասեր, ազգային գաղափարախոս և ԼեռնաՀայաստանի ցեղահաղորդ սպարապետ Գարեգին Նժդեհի մայրը՝ Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյան(Տեր֊Հարությունյան), ծնվել է 1855 թվականին՝ Նախիջևանի Կզնուտ գյուղում՝ դարբին Գյուլնազարի ընտանիքում ու եղել նրա 7 դուստրերից մեկը։ Գյուղացիները Տիրուհուն երբեմն կոչում էին Խաթայի։
Ամուսնացել է նույն գյուղի՝ Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեի հետ։
Նրանց ամուսնությունից ծնվում են 4 երեխա. 2 դուստրերը՝ Անիկն ու Ցոլինեն, և 2 որդի՝ Լևոնն ու Գարեգինը։
1888 թվականին մահանում է ընտանիքի հայրը։
Կիսաորբ երեխաներին մեծացնում է մայրը։

 

1920-ականներին, երբ Գարեգինը արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 3 տարի անց նրանց թույլատրում են վերադառնալ, բայց Վլադիկավկազ։

1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգա Տեր-Հարությունյանը, գնում է հանգստանալու Դիլիջանում՝ իր հետ տանելով Տիրուհի Գյուլնազարյանին։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է։ Նա մահանում է 1938 թվականի փետրվարի 21-ին։

Այն վայրը, որտեղ ամփոփված է եղել Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը, երկար տարիներ անհայտ է եղել և միայն 2001 թվականին, Գարեգին Նժդեհի ծննդյան 115֊րդ ամյակին,
հայտնաբերվեց Նժդեհ ծնող մոր գերեզմանը։

2000֊ականներին կազմակերպվել է մեծ ուխտագնացություն դեպի առյուծածին մոր գերեզման։
Այնուհետև երկար տարիներ տարբեր պատճառներով համազգային ուխտագնացություններ չեն կազմակերպվել։
Եվ միայն 2019թ․ին «Թոնդրակ»-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն Նժդեհ ծնող մոր շիրիմին․
Ուխտավորներին դիմավորեցին Դիլիջանի համայնքապետարանը և Տավուշի մարզպետարանը։

Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ։ Սակայն ինչպես վկայում են «Առյուծածին մայրեր» ու «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է Նժդեհին։

«Զգում եմ, որ սիրելի մայրս մահացել է, իմ փոխարեն համբուրե՛ք նրա գերեզմանը»:
Գ. Նժդեհ

Միասին իրականացնենք սպարապետի պատգամը և փառաբանենք հայ կնոջ, հայուհու կերպարը․․

Երևանից կմեկնենք Դիլիջան, կբարձրանանք Հին գերեզմանատուն։ Նժդեհի մոր շիրիմին կուխտենք հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը։ Կունենանք գեղարվեստական մաս, կհնչեն ազգագրական, ռազմահայրենասիրական երգեր, կխնկարկենք և ծաղիկներ կխոնարհենք առյուծածին մոր շիրիմին․․

Այնուհետև կշարունակենք մեր համերգ-միջոցառում Դիլիջանի Արվեստի Պետական Քոլեջի դահլիճում․
Ազգային երգ, պար, ասմունք, երաժշտություն…
Կցուցադրվեն Նժդեհին նվիրված փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր։

Հավանեցի՞ք նյութը։