Հայոց Կոմմագենեի վերջին տիտղոսակիր արքան

Հայոց Կոմմագենեի վերջին տիտղոսակիր արքան

with No Comments

Հայոց Կոմմագենեի վերջին արքայազն, տիտղոսակիր արքա, հռոմեական սենատոր և կոնսուլ, Աթենքի արքոնտ Փիլոպապպոսի (65 – 116թթ․) հուշարձանը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:

Փիլոպապպոսը Կոմմագենեի վերջին արքա Անտիոքոս Դ Կոմմագենացու թոռն է, Գայոս Հուլիոս Արքելայոս Անտիոքոս Եպիփանեսի (Gaius Julius Archelaus Antiochus Epiphanes) և Կլավդիա Կապիտոլինայի (Claudia Capitolina) որդին, ծնվել է 65 թվականին: Փիլոպապպոսի մոր՝ Կլավդիայի հայրական տատը կրկին սերվում էր Կոմմագենեի արքայատնից: Միհրդատ Գ Կոմմագենացու և նրա կնոջ՝ Իոթափայի դուստրը՝ Ակա Բ Կոմմագենացին ամուսնացել էր հունական ծագումով եգիպտացի փիլիսոփա Թրասիլլուսի (Thrasyllus of Mendes) հետ և նրանց որդին էր Տիբերիուս Կլավդիուս Բալբիլուսը (Tiberius Claudius Balbilus): Վերջինիս դուստրն էր Կլավդիան:

Փիլոպապպոսը մինչև իր մահը իրեն համարել է Կոմմագենեի արքա: Եղել է Հռոմի Տրայանոս և Ադրիանոս կայսրերի մտերիմ բարեկամը: Շփվել է Աթենքի փիլիսոփաների հետ և մտերմացել աշխարհահռչակ փիլիսոփա Պլուտարքոսի հետ:

116 թվականին մահանում է Փիլոպապպոսը: Երբ նա մահանում է, նրա մահը մեծ ցավ է պատճառում նրա քրոջը՝ Յուլիա Բալբիլլային (Julia Balbilla), Աթենքի բնակիչներին և հնարավոր է նաև կայսերական ընտանիքին: Ի պատիվ եղբոր՝ Փիլոպապպոսի, քույրը Աթենքի բնակիչների հետ կառուցում է նրա գերեզմանը Աթենքի ակրոպոլիսից դեպի հարավ-արևելք գտնվող Մուսեյոն բլուրի վրա: Նրա մարմարե հուշարձանը հայտնի է որպես «Փիլոպապպոսի հուշարձան», որից էլ բլուրը հայտնի է, որպես Փիլոպապպոսի բլուր:

Րաֆֆի

Հավանեցի՞ք նյութը։