Պարիս Հերունու գյուտը.

Պարիս Հերունու գյուտը.

with No Comments

Աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակը կառուցվել է Հայաստանում.

 

Աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակը կառուցվել է Հայաստանում` Արագած լեռան լանջին` Օրգով և Տեղեր գյուղերի մոտակայքում:
Այն նախագծվել և կառուցվել է հայ աշխարհահռչակ գիտնական ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ` 1980-1985 թվականներին:

 

ԽՍՀՄ կառավարությունը, չողջունելով Հայաստանում բացառիկ ռադիոաստղադիտակի կառուցումը,առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում:
Սակայն հայրենանվեր գիտնականի 17 տարվա համառ պայքարից հետո Հայաստանում կառուցելու նախագիծը ընդունվեց:

 

Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև ջրատարը, օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ ՌՕԴ-54/2.6 -ը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն. Մեզանից 250 լուսատարի հեռավորության վրա Երկվորյակների համաստեղության ζ կարմիր հսկա աստղի պայթյուն գրանցվեց:

 

Աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակի անշարժ սֆերիկ ռադիոհայելին ունի 54 մ տրամագիծ` 32 մ գործող բացվածքով։ Առաջին անգամ այս ռադիոդիտակում անտենան համատեղվեց մեծ աստղադիտակի հետ։ Օպտիկական աստղադիտակի հիմնական հայելու տրամագիծը 2,6 մ է։ ՌՕԴ-ն ունի 70/100 μ մակերեսի ճշտություն, որսում է 300 մմ – 3 մմ(1մմ) երկարություն ունեցող ալիքները։

 

1988 ավերիչ երկրաշարժը բարեբախտաբար չազդեց ռադիոդիտակի վրա: 1990-2012 թվականը ֆինանսական սուղ պայմաններում ռադիոդիտակը գործեց առանց որևէ պլանային ռադիոաստղագիտական դիտումների, հիմնականում գիտաշխատողների էնտուզիազմի շնորհիվ: Այնուհետև բյուջեյից ֆինանսավորման դադարեցման պատճառաբանությամբ գործունեությունը դադարեցվեց։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն կոնսերվացված է ու չի գործում:

 

2017 թվականից մշակվել է Հերունու ազգային տիեզերական կենտրոն ձևավորելու ծրագիրը, որի իրականացման առաջին փուլում ենթադրվում է ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի վերագործարկումը, նորագույն սարքավորմամբ դրա համալրումը: Նախատեսվում է, որ հայկական ռադիոդիտակը կմիանա համաշխարհային ռադիոինտերֆերոմետրական ցանցին և կծառայի խորը Տիեզերքի ուսումնասիրման և հեռավոր տիեզերական կապի խնդիրները լուծելուն:

Հավանեցի՞ք նյութը։