Առաջավորասիական կամ կովկասյան ընձառյուծը Հայկական Լեռնաշխարհի զարդն է։
Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։ Պատկանում է Կատվազգիների ընտանիքին։
Տարածված է լեռնատափաստաններում, չորային նոսրանտառներում, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։
Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։
Ունենում է 1-4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6-8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1-1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։
Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։
Հայաստանում մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով։ Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատի։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, որ գտնվում է Երևանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել։ Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։
Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում և Նռնաձորից դեպի հյուսիս գտնվող տեղամասում:
Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը:
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:
Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում:
Ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։