Ուխտագնացություն Նժդեհի մոր շիրիմին

Ուխտագնացություն Նժդեհի մոր շիրիմին

with No Comments

Գարեգին Նժդեհի մոր՝ Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյանի աճյունն ամփոփված է Դիլիջանի հին գերեզմանատանը

«Թոնդրակ» արշավական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուխտագնացություն Դիլիջան՝ Հայոց պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ, իմաստասեր Գարեգին Նժդեհի մոր՝ Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյանի (Տեր֊Հարությունյան) շիրիմին։

Դիլիջանի հին գերեզմանատանը ամփոփված Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը։ Շիրիմը երկար տարիներ անհայտ է եղել, և միայն 2001 թվականին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 115-րդ ամյակին, մի խումբ հայրենասեր մարդկանց ջանքերով  հայտնաբերվեց այն։

 

Ուխտավորների շարքում էին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, «Թոնդրակ» արշավական ակումբի տնօրեն Գոռ Ղազարյանը, Գարեգին Նժդեհի եղբոր թոռն ու ժառանգորդ Վազգեն Տեր-Հարությունյանը, «Վահագն» ՌՀԲՀԿ-ի նախագահ Կարապետ Կարապետյանը, «Գարեգին Նժդեհ» երիտասարդական համամիավորում հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Տարախչյանը, երգիչ Գրիգոր Համբարյանը, «Վահագնատուն» կազմակերպության ղեկավար Վլադիմիր Նիկողոսյանը, մշակութային և հասարակական գործիչներ, գաղափարակիցներ։ Ուխտավորները ծաղիկներ խոնարհեցին Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյանի շիրիմին, կատարվեց հիշատակի և մեծարման արարողություն, խնկարկման ծես:

 

Օրվա խորհուրդը ներկայացրեց Գոռ Ղազարյանը: Անդրադրձ եղավ նաև Գարեգին Նժդեհի գործունեությանը, հայոց պատմության մեջ նրա դերին, ընթերցվեցին նրա հյարենասիրական խորիմաստ ասույթները: Ելույթ ունեցան և հայրենիքի հերոս զավակի ու հայրենասեր մոր հիշատակին՝փառաբանման ու խոնարհումի խոսքեր հնչեցրին բազմաթիվ հայորդիներ:

Շնորհալի երգչուհի Սյուզաննա Գասպարյանի կողմից հնչեցվեց նաև Լեռնահայաստանի հիմնը: Ընթերցվեց, Գարեգին Նժդեհի՝ Բանակի երդումը: Իսկ վարպետ Արտաշես Սահրադյանի կողմից մասնակիցները ստացան քաջ հայորդու դիմանկարով խորհրդանշական շապիկներ:
Այնուհետև ուխտագնացության մասնակիցները ուղևորվեցին Արվեստի պետական քոլեջ: Քոլեջի փոքր համերգասրահում ներկաները դիտեցին Գարեգին Նժդեհի կյանքի ու գործունեության վերաբերյալ  «Վերադարձ» կարճամետրաժ ֆիլմը, ունկնդրեցին երաժշտական կատարումներ:

 

Հետայսու ամեն տարի հոկտեմբերի 27-ի մոտակա կիրակի օրը կկազմակերպվի ուխտագնացություն Նժդեհի մոր գերեզմանին։

Հավանեցի՞ք նյութը։