Հայոց աշխարհի բնական հարստությունը

Հայոց աշխարհի բնական հարստությունը

with No Comments

Հայոց աշխարհի բնական հարստությունը

Լեռնակազմական պրոցեսների ընթացքում երկրակեղևի խորքերում եղած շերտերը ծալքավորվելով բարձրանում են Երկրի մակերևույթ, եռացող մագման ելքեր է որոնում՝ դուրս ժայթքելու համար, երբեմն ներդրվում է կեղևի մեջ, իսկ արտաքին ուժերը քայքայում ու մերկացնում են ընդերքի հարստությունները՝ դրանք հանձնելով մարդու տնօրինմանը:
Ուշագրավ է, որ մետաղների հարուստ հանքավայրերը լեռնաշխարհի եզրային մասերում են (Պոնտոս, Տավրոս, Փոքր Կովկաս), որտեղ ներժայթուկները մերկացել են կամ գտնվում են ոչ մեծ խորության տակ:

Ինչպես նշվեց, հրաբխային պրոցեսի ժամանակ մագման ոչ միշտ է դուրս գալիս Երկրի մակերևույթ: Այդ դեպքում սառում է և առաջացնում բյուրեղային զանվածներ: Սառեցման ընթացքում լավայից անջատվում են քիմիական տարրերով հագեցած լուծույթներ, որոնք ներարկվում են երկրակեղևի ճեղքերում ու խոռոչներում՝ առաջացնելով մետաղյա երակներ, երբեմն՝ ամբողջական զանգվածներ: Այսպես են առաջացել մեր լեռնաշխարհի մետաղային հանածոները՝ երկաթ, պղինձ, մոլիբդեն, բազմամետաղներ, ոսկի և այլն:
Հայկական լեռնաշխարհի մոտ 1/3-ը ծածկված է հրաբխային ծածկույթներով: Այսինքն հնագույն ռելիեֆը և հրաբխածին մետաղային բազմաթիվ հանածոներ, ամենայն հավանականությամբ, քողարկված են լավային վերմակներով:

Հայաստանի տարածքում կան նաև վառելիքային և նստվածքային ծագման հանքային այլ ռեսուրսներ:
Ածուխն առաջանում է բույսերի մնացուկների կուտակումից: Ածխագոյացման առաջին փուլը տորֆագոյացումն է, վերջինս տեղի է ունենում ճահճուտներում:
Գիտնականները կարծում էին, որ նավթն առաջանում է օրգանական նյութերի կուտակումներից, սակայն հետագայում առաջ քաշվեց այն վարկածը, ըստ որի նավթի գոյացումը կապվում է Երկրի ընդերքում ընթացող պրոցեսների հետ:

Նստվածքային ծագման հանքային ռեսուրսներից են կրաքարը, դոլոմիտը, տրավերտինը, գիպսը, մարմարը, բենտոնիտային և բրուտագործական կավերը: Նստվածքային ռեսուրսներից առավել հայտնի է կերակրի աղը:
Լեռնային երկրներում, որտեղ առկա է հրաբխականություն, լայն տարածում ունեն հանքային ջրերը:
Դրանք նույն մթնոլորտային ջրերն են (վադոզային ջրեր), որոնք մթնոլորտային տեղումների ձևով թափվում են գետնին, ներծծվում երկրակեղևի խորքը, այնտեղ շրջանառություն կատարում որպես ստորգետնյա ջուր: Պետք է ասել, որ Երկրի ընդերքում բոլոր ճեղքերն ու ծակոտիները լցված են ջրով, և վերջինս, որպես կանոն, միշտ շարժման մեջ է: Ջուրը Երկրի մակերևույթ հասնում է տեկտոնական ճեղքերի միջոցով՝ առաջացնելով հանքային աղբյուր: Հանքային շատ աղբյուրներ դեռևս շատ հնուց օգտագործվում են զանազան հիվանդություններ բուժելու նպատակով, շատերը պարզապես դարձել են սրբավայրեր:

Եթե սրանց գումարում ենք թովիչ բնությունը, ռեկրեացիոն ռեսուրսները, ապա Հայաստանը դառնում է աշխարհի գրավիչ անկյուններից մեկը: Եվ պատահական չէ, որ այս երկիրը շուրջ չորս հազար տարի եղել է հզոր պետությունների միջև կռվախնձոր, և այն ինքնակալը, որն իրեն ավելի հզոր է համարել, ձեռքը մեկնել է դեպի Հայոց աշխարհ:
Հայաստանում թովիչ բնությունն արդեն իսկ բնական հարստություն է: Մաքուր օդը, ուլտրամանուշակագոյն ճառագայթների չ ա փ ա վ ո ր առատությունը գեղատեսիլ լճերը, դյութիչ անտառներն ու մարգագետինները, կարկաչահոս աղբյուրները, հանքային ջրերը բնությանը դարձնում են դրախտային: Եթե սրանց ավելացնենք պատմական հուշարձանների առատությունը, ապա այն կդառնա աշխարհի ամենագրավիչ անկյուններից մեկը, որտեղ զբոսաշրջությունը զարգանալու ամենամեծ հնարավորությունն ունի:

Հավանեցի՞ք նյութը։