Մթնոլորտի աղտոտում հասկացությունը:
Մթնոլորտային օդի աղտոտումը դրա բաղադրության և հատկությունների ցանկացած փոփոխությունն է, որը բացասական ազդեցություն է թողնում էկոհամակարգերի կայունության և մարդու առողջության վրա:
Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին:
Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են հանդիսանում բնական գործընթացները:
Այդպիսիք են հրաբխային ժայթքումները, լեռնային ապարների հողմահարումը, քամու էրոզիան, բույսերի զանգվածային ծաղկումը, անտառային և տափաստանային հրդեհների ծուխը և այլն:
Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտող նյութերի արտանետման հետ:
Ներկայումս մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր մասշտաբներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:
Մթնոլորտի աղտոտման հիմնական ձևերը:
Աղտոտման մասշտաբներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է` տեղային, տարածաշրջանային և համամոլորակային:
Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում աղտոտող նյութերի բարձր պարունակությամբ (քաղաք, արտադրական կենտրոն և այլն):
Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ, իսկ համամոլորակային աղտոտումը կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ:
Մթնոլորտը աղտոտող նյութերն ըստ ֆիզիկական վիճակի լինում են`
- գազանման (ծծմբի երկօքսիդ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդներ և այլն),
- հեղուկ (թթուներ, հիմքեր, աղերի լուծույթներ և այլն),
- պինդ (կապար և դրա միացությունները, օրգանական և անօրգանական փոշի և այլն):
Մթնոլորտի աղտոտման հետևանքները:
Մթնոլորտ արտանետված գազանման աղտոտող նյութերը կարող են.
- նստել ծանրության ուժի ազդեցությամբ,
- ներգրավվել մթնոլորտում գտնվող ջրի կաթիլների մեջ և տեղումների տեսքով անցնել հողի և Երկրի ջրային ավազանի կազմի մեջ,
- ընդգրկվել նյութերի կենսոլորտային շրջապտույտի մեջ,
- փոխել իրենց ֆիզիկական վիճակը կամ քիմիապես փոխազդել օդի այլ բաղադրիչների հետ,
- հարաբերականորեն երկար ժամանակ մնալ մթնոլորտում և օդային հոսանքներով տեղափոխվել տրոպոսֆերայի և ստրատոսֆերայի տարբեր շերտեր կամ էլ մոլորակի տարբեր մայրցամաքներ:
Մթնոլորտի վրա մարդածին ազդեցության հետևանքով կարող է առաջանալ`
- գետնամերձ շերտի տեղային կամ տարածաշրջանային աղտոտում,
- աղտոտումների անդրսահմանային տեղաշարժ մեծ տարածությունների վրա,
- տարբեր համամոլորակային էկոլոգիական հետևանքներ, որոնցից առավել հրատապ են «ջերմոցային էֆեկտը», օզոնային շերտի քայքայումը և թթվային տեղումները,
- քարոլորտի և ջրոլորտի աղտոտում՝ որպես մթնոլորտի բնական ինքնամաքրման գործընթացի հետևանք: