Մարդը և բնությունը․ Մ․ Նալբանդյան

Մարդը և բնությունը․ Մ․ Նալբանդյան

with No Comments

Մարդը, ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես ենթակա է բնության ազդեցության. բնության սրտի զարկը ցոլանում է անմիջապես մարդու սրտում:

Մարդը իր գաղափարքը առնում է բնությունից: Ինչ չափով ճանաչել և ուսել է նա բնությունը, համեմատ այդ չափին կլինի նորա գաղափարների և հասկացողությանց ազնվությունը։ Ահա մի օրենք, որ բնավ բացառություն չունի։

 

Սարդի ոստայնից բարակ մետաֆիզիկական համակարգությանց բովանդակ գաղափարքը կան բնության մեջ. իսկ ինչ որ չկա, այն ամենևին սո՛ւտ է: Բնությունը մի գիրք է, որ պիտո է կարդալ և ուղիղ հասկանալ. սխալ ըմբռնողությունքը մեծ վնասներ են տալիս։

Բնական երևույթքը իրենց վսեմափառ կերպարանքով շատ անգամ սարսափեցնում են մարդուն. սա միանգամայն ոչնչանում է, երբ աչքի առջև տեսնում է մի այնպիսի ուժ, մի այնպիսի զորություն, այնպիսի տեսարան, որի առջև տկարանում է ոչ լոկ մի մարդու, այլև բովանդակ մարդկության ուժը։

 

Որքան մոլորությունք, որ կան աշխարհի երեսին, այդ բոլորը սկզբնաբար ծագել են կամ բնությունը թյուր հասկանալուց, կամ իսպառ չհասկանալուց։ Եվ այդ մոլորությունքը ոչինչ ուրիշ բանով չեն փարատվիլ, մերժվիլ, եթե ոչ բնությունը ուղիղ հասկանալով։ Ահա այս է պատճառը, որ ամեն բանական մարդ պիտի աշխատի ոչ միայն ինքը ուսանել բնության օրենքները, այլև ուրիշին օգնել, եթե ինքը ավելի փորձառած էր, քան թե այդ ուրիշը, որ կամենում էր բանալ բնության գիրքը:

 

Միքայել Նալբանդյան, հայ գրող և բանաստեղծ

Հավանեցի՞ք նյութը։