Բժշկությունը Հին Եգիպտոսում

Բժշկությունը Հին Եգիպտոսում

with No Comments

Բժշկությունը Հին Եգիպտոսի մշակույթի կարևոր մասն էր կազմում: Մարդու մարմնի կառուցվածքի մասին առաջին պատկերացումները եգիպտացիները ստացել են զմռսումներ կատարելու արդյունքում, որն ապացույց էր նաև այն բանի, որ քիմիայի ոլորտը չափազանց զարգացած էր Հին Եգիպտոսում: Գիտնականներն անգամ վարկած են առաջ քաշում, որ ժամանակակից «քիմիա» բառն առաջացել է հին եգիպտերեն «կեմետ» կամ «քեմետ» բառից:

 

Իրենց ժամանակների համար և մարդու կառուցվածքի մասին եգիպտացիների պատկերացումները բավականին բարձր մակարդակի վրա էին և համեմատելի էին միայն հին հնդկացիների գիտելիքների հետ: Տարբերությունն այն է, որ այս թեմայի վերաբերյալ գրառումներ եգիպտացիներն արել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ հնդկացիները՝ մեր թվարկության առաջին դարերում:

 

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին հին եգիպտացիները կարողանում էին նկարագրել խոշոր օրգանները՝ ուղեղը, սիրտը, անոթները, երիկամները, աղիքները, մկանները և այլն: Սակայն այդ օրգանները հատուկ ուսումնասիրության չէին ենթարկում, որը, ամենայն հավանականությամբ, կապված էր կրոնական արգելքների հետ:Եգիպտացիներն առաջինն էին, որ բնութագրեցին ուղեղը: Դա արել են պապիրուսի վրա և համեմատել բաց վերքում ուղեղի շարժումը «եռացող պղնձի» հետ: Նրանք նկատել էին, որ ուղեղի վնասումն ազդում է մարմնի մյուս մասերի և օրգանների վրա ևս:

Մարդու մարմնում ամենակարևորը հին եգիպտացիները համարում էին սիրտն ու արյունատար անոթները: Տարատեսակ հիվանդությունների պատճառը նրանք համարում էին ոչ միայն բնական երևույթները՝ անառողջ սնունդը, աղիքային ցուպիկները, եղանակային փոփոխությունները, այլ նաև գերբնական ուժերը, օրինակ՝ հիվանդի մարմնում մահացած չար հոգին:

 

Ըստ Հերոդոտոսի վկայությունների՝ հին եգիպտացիները բոլոր մարդկային հիվանդությունների պատճառը սնունդն էին համարում: Ահա թե ինչու նրանք «ամեն ամիս երեք օր շարունակ լուծողական էին ընդունում՝ ստամոքսը մաքրելու համար» (հոգնայի գյուտը ևս եգիպտացիներին են վերագրում):

Ներքին հիվանդությունների և դեղաբուժության վերաբերյալ հին եգիպտական պապիրուսներ են հայտնաբերվել 1872 թ. Թեբեում: Իրար ամրացված 108 թղթերը 20,5 մ երկարություն ունեն և անվանվում են «Մարմնի բոլոր մասերի համար դեղագիրք»: Պապիրուսում ավելի քան 900 դեղամիջոցների բաղադրություններ կան, որոնց պատրաստման համար լայնորեն օգտագործվում էին բույսեր՝ կակաչ, հիրիկ, սոխ, լոտուս, նուռ, ալոե, խաղող, պապիրուս, հանքային նյութեր՝ ծարիր, ծծումբ, երկաթ, կավ, կապար, սոդա և կենդանիների մարմնի տարբեր մասեր:

 

Կուրությունը բուժելու համար օգտագործվում էր ցլի լյարդ և մեղր: Որոշ բաղադրատոմսեր բավականին բարդ էին և 37 տարրեր ու նյութեր էին պարունակում իրենց մեջ: Յուրաքանչյուր դեղամիջոցի պատրաստման հիմքում ընկած էր կաթը, մեղրը, գարեջուրը: Շատ բաղադրատարրեր մինչ այսօր հայտնաբերված չեն, ինչն էլ բավականին բարդացնում է հետազոտման գործընթացը:

Պապիրուսի բաղադրատոմսերից շատերը կապվում են անեծքների և մոգությունների հետ, որոնք, ըստ հին եգիպտացիների, վախեցնում էին չար հոգիներին: Այս նպատակով դեղամիջոցների մեջ հաճախ ավելացվում էին տհաճ համ ունեցող տարրեր՝ մկան պոչ, խոզի ականջի պարունակություն, կենդանիների մեզ և այլն: Դրանց պատրաստումն ուղեկցվում էր անեծքներ ասելով:

 

Պապիրուսի մի առանձին բաժին նվիրված է կոսմետիկ միջոցներին: Դրանում բաղադրատոմսեր կան կնճիռները վերացնող, խալերը մաքրող, մաշկի, մազերի ու ունքերի գույները փոփոխող, մազերը երկարացնող դեղամիջոցներ պատրաստելու համար: Հին եգիպտացիները կարճ կտրված մազերի վրայից կրում էին կեղծամներ, որոնք խաթարում էին ոջիլների առաջացումը: Վերոնշյալ և շատ այլ ավանդույթներ ու միջոցներ ստիպում են մտածել, որ կոսմետիկայի հայրենիքը Հին Եգիպտոսն է եղել:

 

Հին Եգիպտոսում գոյություն ուներ նաև ատամնաբույժի մասնագիտությունը, որը բնորոշվում էր հետևյալ կերպ՝ «նա, ով հոգ է տանում ատամների մասին»: Ատամների և լնդերի հիվանդությունների վերաբերյալ պապիրուսները վերագրվում են Միջին և Նոր թագավորություններին: Ատամնացավն ու ատամների կոտրվածքները եգիպտացիները բնութագրում էին այսպես. «որդ, որն աճում է ատամի մեջ»:

Ատամներն ու լնդերը բուժում էին մածուկների և լուծույթների միջոցով: Վերոնշյալ պապիրուսում ատամների համար նախատեսված դեղամիջոցների 11 բաղադրատոմսեր կային, որոնք բուժում էին բերանի խոռոչն ու ամրացնում էին ատամները, վերացնում էին ատամնացվն ու անցկացնում լնդերի բորբոքումը: Սակայն դրանց օգտագործումը չէր կանխում հիվանդության հետագա զարգացումը:

Հավանեցի՞ք նյութը։