Աղձք․ Հայոց արքաների դամբարանը

Աղձք․ Հայոց արքաների դամբարանը

with No Comments

Արագածոտնի մարզում` Արագածի փեշերին փռված Աղձք գյուղում է գտնվում հայոց Արքաների դամբարանը:
Աղձքի պատմությունը քննելիս հասնում ենք մինչև ք.ա. 15-րդ դար` Հայասա թագավորություն:

 

Խեթական սեպագիր արձանագրություններում ք.ա. 15-13-րդ դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա երկիրը` Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանում: Խեթերենում «ասա» մասնիկով կազմվում են տեղանունները: Հետևաբար Հայասա անվան հիմքում Հայ էթնոսի անվանումն է, Հայասա նշանակում է հայերի բնակավայր` Հայաստան.

Նրա կարևոր կենտրոններից էր Կումախան` հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Անի-Կամախը:

Անի-Կամախը Հայերիս համար նշանավոր սրբավայր էր: Այստեղ էր գտնվում հայոց դիցարանը գլխավորող Արամազդի գլխավոր մեհյանը:

Ք.ա. 4-1 դարերում Փոքր Հայքի կենտրոնն էր, իսկ 1-4-րդ դարերում` հայոց Արշակունի արքաների դամբարանը:

 

Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել,  քանզի պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։

Չկարողացան բացել միայն Սանատրուկ 2-րդի(88-110թթ) գերեզմանը` չափազանց ամուր լինելու պատճառով:

Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Արագածի լանջին` Աղձք գյուղում։

«…տարան թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Արարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում»։
Փավստոս Բուզանդ

 

Խորենացին գրում է, որ քրիստոնյա և հեթանոս արքաների ոսկորները խառնվել էին, ուստի չվերաթաղեցին Անի-Կամախում:

Ո՞վքեր էին այդ քրիստոնյա արքաները.

 

Վերոնշյալ իրադարձությունը տեղի է ունեցել Արշակ 2-րդ արքայի ժամանակ:

Արշակից առաջ իշխած քրիստոնյա արքաներն էին. Տիրան, Խոսրով 3-րդ Կոտակ, Տրդատ 3-րդ:

Տրդատ 3-րդը 330 թ. հրաժարվեց գահից հօգուտ իր որդու՝ Խոսրով Գ Կոտակի և գնաց ճգնելու Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա Այրք կոչված վայրում: Տրդատ Գ-ի դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց Թորդան ավանում՝ Գրիգոր Պարթևի գերեզմանի կողքին:

338 թ. Խոսրով Գ Կոտակը մահացավ նոր կառուցած մայրաքաղաք Դվինում:  Նրա մահվան պատճառների մասին որևէ արժանահավատ վկայություն չկա:  Բուզանդը գրում է, որ նրա մարմինը տարան իր նախնիների մոտ` Անի` Դարանաղիի Եկեղյաց գավառը:

Տիրանը կուրացվելուց հետո գահը հանձնեց իր որդուն` Արշակին, հեռացավ պետական գործերից և բնակություն հաստատեց Արագածի լանջերին` Կուաշում:
Խորենացին գրում է, որ Տիրանը գաղտնի սպանվեց իր որդու `Արշակ արքայի ձեռամբ, հետևաբար չէր կարող թաղվել արքայական դամբարանում, քանզի այն մեծ աղմուկ պիտի բարձրացներ:

 

Այսքանից պարզ է դառնում, որ քրիստոնյա արքաներից միայն Խոսրով Կոտակը կարող էր թաղվել արքայական դամբարանում (միայն այն դեպքում եթե աղբյուրը շփոթեր Դարանաղի և Եկեղյաց գավառները):

 

Իսկ ո՞վքեր էին Անի-Կամախում թաղված «հեթանոս» արքաները.

Տրդատ 1-ին, ով կառուցեց նշանավոր Գառնիի Միհրական տաճարը և հասավ մի շարք ռազմաքաղաքական հաջողությունների:
Սանատրուկ 2-րդ, ում հույն պատմիչ Արիանոսը համարում էր լավագույնը հույների և հռոմեացիների մեջ` չափավոր և ողջամիտ: Նա կառուցեց Մծուրք քաղաքը սրբազան Արածանի գետի ափին:

Վաղարշ 1-ին, ով Շրեշ բլրի վրա տարածվող Վարդգեսավան գյուղաքաղաքը պարսպապատեց`անվանակոչելով Վաղարշապատ մայրաքաղաքը:

Վաղարշ 2-րդ, ում հմուտ քաղաքականության շնորհիվ Հայաստանում Արշակունիների արքայական իշխանությունը դարձավ ժառանգական:

Խոսրով 1-ին, ով արշավանք իրականացրեց Կովկասի լեռնական ցեղերի դեմ:

Տրդատ 2-րդ, ով արշավանք ձեռնարկեց Պարսկաստան`հասնելով մինչև Տիզբոն, և Խորենացու վկայությամբ երկիր վերադարձավ մեծ հաղթությամբ, բարի անունով և շատ ավարով:

Խոսրով 2-րդ, ով նենգաբար սպանվեց պարթև Անակ իշխանի ձեռամբ:

 

Հայոց համազգային սրբավայրը.

Աղձքում իրենց հավերժական հանգիստը գտած այս արքաները, իրավամբ արժանի են մեծարանքի և խոնարհման:
Ներկայումս ամեն տարի աշնանը Աղձքում նշվում է հայոց «Արքայաց օր», փառաբանում ենք հայոց արքաների փառքն ու քաջությունը, ողջամտությունը և իմաստությունը:
Աղձքի հայոց արքաներ դամբարանը վերածվում է հայոց համազգային սրբավայրի:

 

Հեղինակ` Գոռ Ղազարյան