Մարսի Ֆոբոս արբանյակը

Մարսի Ֆոբոս արբանյակը

with No Comments

Մարսի բնական արբանյակներ են հանդիսանում Ֆոբոսը և Դեյմոսը։

 

Ֆոբոսը հայտնաբերվել է Ասաֆ Հոլլի կողմից 1877 թվականի օգոստոսի 18-ին և անվանվել է հին հունական աստված Ֆոբոսի անունով։

Ֆոբոսը պատերազմի աստված Արեսի որդիներից էր։ Հունարենից թարգմանաբար նշանակում է “վախ”։

 

Ֆոբոսը և Դեյմոսը ունեն անկանոն ձև և չափազանց փոքր չափեր։

Վարկածներից մեկի համաձայն, նրանք կարող են լինել Մարսի ձգողական դաշտի կողմից գրավված աստերոիդներ, ինչպես օրինակ (5261) Էվրիկան Տրոյացի աստերոիդներից։

 

Ֆոբոսի հեռավորությունը Մարսից 9 377,2 կմ է։

Այն կատարում է մեկ պտույտ մոլորակի շուրջ 7 ժամ 39 րոպե 14 վայրկյանում, որն ավելի արագ է, քան Մարսի պտույտը իր առանցքի շուրջ։ Այս պատճառով Մարսի երկնքում Ֆոբոսը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում։

 

Չափազանց փոքր զանգվածի պատճառով Ֆոբոսը չունի մթնոլորտ։ Ֆոբոսի միջին խտությունը կազմում է 1,86 գ/սմ3, այս չափազանց փոքր ցուցանիշը վկայում է արբանյակի ծակոտկեն կառուցվածքի մասին։

 

Երկու արբանյակն էլ ունեն էլիպսոիդային ձև, Ֆոբոսը (26,6×22,2×18,6 կմ) մի փոքր մեծ է Դեյմոսից (15×12,2×10,4 կմ)։

Դեյմոսի մակերեսը ավելի հարթ է, այն բանի հաշվին, որ խառնարանների մեծ մասը ծածկված է մանրահատիկ նյութով։

Ամենայն հավանականությամբ Ֆոբոսի դեպքում, որը ավելի մոտ է մոլորակին և ավելի ծանր է, երկնաքարերի հարվածների հետևանքով արտանետված մասնիկները կամ հարվածել են Ֆոբոսի մակերևույթին, կամ ընկել են Մարսի վրա։

Հավանեցի՞ք նյութը։