Մարիամ Շահմուրադյան Թոնդրակի հնագետ

Մարիամ Շահմուրադյան

Հնագետ

Ծնվել և մեծացել եմ Թիֆլիսում: Անհոգ ու երջանիկ մանկություն եմ ունեցել, ինչի համար երախտապարտ եմ ծնողներիս: Հայաստան եմ տեղափոխվել 2005 թ., ինչից և սկսվեց հայրենաճանաչության իմ ուղին: Թեև Վրաստանում ապրելու ժամանակ գիտեի, որ հայ եմ և հայերեն էի խոսում, սակայն այդ ընկալումը մակերեսային էր, անհոգի: Միայն Հայաստան գալով, ցեղակիցներիս հույսերն ու հույզերը կիսելով,  սկսեցի գիտակցել «հայ» լինելու բերկրանքը, պատիվը և պատասխանատվությունը:  

Կյանքիս առաքելությունը տեսնում եմ գոյության իմաստի և անհատի/ազգի ճշմարիտ էության դռսևորման ճանապարհների բացահայտման մեջ: Կյանքում առաջնորդվում եմ բարեպաշտության օրենքներով: Ազնվությունը, արդարամտությունը և գթասրտությունը բարձրագույն բարոյական արժեքներ եմ համարում: Առաքելությունս իրագործելու պայքարում իմ մյուս զենքը հնագիտությունն է․ գիտություն, որը հնարավորություն է տալիս մտքի զորությամբ տարածության ու ժամանակի արգելքները կոտրելու և սավառնեու հազարամյակների իրադարձությունների միջով: Հնագիտության մեջ դու քո քաջությամբ վաստակում ես ճշմարտությունը իմանալու ու Երկրի վրա քո և քո ազգի նպատակները, իրավունքներն ու պարտականությունները սահմանելու իրավունք:  

Ամեն օր աշխատում եմ մարդկային որակներս կատարելագործելու և գիտական գործունեությունս հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար: Ներկայումս ասպիրանտուրայում եմ սովորում, ինչպես նաև աշխատում եմ Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Հայաստանի և Առաջավոր Ասիայի հնագույն շրջանի մշակույթն եմ ուսումնասիրում: Քաղաքակրթությունների և քաղաքակրթական արժեքների առաջացման հիմնահարցերով եմ հետաքրքրված: Ուսումնասիրություններս հրապարակելու նպատակով պարբերաբար այցելում եմ տարբեր երկրների գիտական կենտրոններ: Այժմ հետազոտական աշխատանք եմ իրականացնում Քեմբրիջի համալսարանում: Ղեկավարում եմ «օդապարուկներ» անվամբ հայտնի առեղծվածային կառույցների պեղումները Հայաստանում:  

«Թոնդրակ» ակումբին միացել եմ այն պարզ պատճառով, որ նրա ներսում տեսնում եմ նպատակներիս արտացոլանքը, Հայաստանի բարօրության և հայի արժանապատիվ կյանքի համար ազնիվ և անկոտրում պայքար մղելու վճռականությունը: Միասին մենք շատ ավելի ուժեղ ենք:  

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved