Լոռու մարզ

Լոռու մարզ

with No Comments

Լոռու մարզ

Տարածքը՝ 3789 քկմ

Բնակչությունը՝ 220,0 հազար (2017 թ.)

Կենտրոնը՝ ք. Վանաձոր

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:

Լոռու մարզը տարածքի մեծությամբ հանրապետությունում երրորդն է, իսկ բնակչության թվով՝ հինգերորդը:

Մարզը կազմավորվել է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի վարչական նախկին շրջանների միավորումից: Մարզը արևելքում սահմանակցում է Տավուշի մարզին, հարավում՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերին, արևմուտքում՝ Շիրակի մարզին, իսկ հյուսիսում ունի պետական սահման Վրաստանի հետ:

Լոռին ունի աշխարհագրական համեմատաբար նպաստավոր դիրք: Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին: Դրա միջոցով հյուսիսային ուղղթյամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան և նրա սևծովյան նավահանգիստները, իսկ արևմտյան ուղղթյամբ՝ Գյումրու միջոցով դեպի Թուրքիա, ինչպես նաև դեպի մայրաքաղաք Երևան:

Բացի այդ, մարզը բարեկարգ ավտոճանապարհներով կապվում է հարևան մարզերի ու Վրաստանի հետ: Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան մասը: Այստեղ 10-11րդ դարերում գոյություն է ունեցել հայկական անկախ պետութույուն՝ Լոռու (Տաշիր-Ձորագետի) թագավորությունը: Մարզի մի մասը եղել է նաև Զաքարյանների տոհմական կալվածքը: Ռուսաստանի կազմում մարզի ներկայիս տարածքը բաժանված էր Երևանի և Թիֆլիսի նահանգների միջև:

Բնական պայմանները և ռեսուրսները:

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ: Այն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ: Մարզի հյուսիսային սահմանը կազմում են Վիրահայոց, արևելյանը՝ Գուգարաց լեռները, հարավայինը՝ Փամբակի լեռնաշղթան, իսկ արևմտյանը՝ Ջավախքի լեռնավահանը:

Տարածքի մակերևույթը լեռնային է, ամենաբարձր կետը Թեժ լեռան գագաթն (3101 մ) է, ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում է (մոտ 400 մ): Բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները և անդնդախոր ձորերը:

Մարզի հյուսիսային հատվածում Լոռու գոգավորությունն է, իսկ հարավում՝ Փամբակի: Դրանք միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է Վանաձոր-Ստեփանավան խճուղին: Այստեղ 1828 թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակը Պարսկաստանից Թիֆլիս փոխադրող խմբին:

Լոռու գոգավորությունը սարահարթ է, որի արևմտյան տափարակ մասում՝ Տաշիրի դաշտում, կան ճահճապատ տեղամասեր: Փամբակի գոգավորության հյուսիսում՝ Բազումի լեռնաշղթայի հարավահայաց լանջերին, տիրապետում են լեռնատափաստանային լանդշաֆտները: Գոգավորության հարավային եզրով ձգվում է Փամբակի լեռնաշղթան:

Առանձնապես գեղեցիկ է Վանաձորի գետահովիտն իր անտառապատ լանջերով: Մարզի ռելիեֆում առանձնահատուկ տեղ ունի Լոռու ձորը, որը լավային հզոր ծածկույթի մեջ գոյացած կիրճ է: Ձորի լանջերն աստիճանակերպ են, զառիթափ ու ժայռոտ:

Մարզի կլիման համեմատաբար խոնավ է: Տարեկան տեղումների քանակը 500-800 մմ է: Նախալեռնային մասերում ձմեռը կարճատև է ու մեղմ, ամառը՝ տևական շոգ: Միջին բարձրություններում ձմեռը ձնառատ է, բայց ոչ խիստ, ամառն արևոտ է, տաք, օդը՝ մաքուր և խաղաղ:

Մարզի գլխավոր գետը Դեբեդն է՝ Ձորագետ, Փամբակ, Մարցագետ գլխավոր վտակներով: Գետերն արագահոս ու ջրառատ են, ունեն էներգետիկ և ոռոգիչ նշանակություն: Մարզը հարուստ է նաև հանքային աղբյուրներով: Լոռու մարզում տիրապետում են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները: Անտառածածկ է տարածքի մոտ 1/5-ը: Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է:

Հայտնի են հատկապես պղնձի ու բազմամետաղների (Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), հրակայուն կավերի (Թումանյան), գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը:

Շատ են տարբեր դարերից մեզ հասած պատմաճարտարապետական հուշարձանները: Առանձնապես ուշագրավ են Սանահինի ու Հաղպատի եկեղեցական համալիրները (X-XIII դդ.), Օձունի վանքը (VI դ.), Ախթալայի բերդն ու վանքը (X-XIII դդ.), Լոռի բերդաքաղաքի ավերակները (XI դ.): Նշված պատմաճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև անտառային լայնատարած զանգվածները, բնական տեսարժան վայրերն ու հուշարձանները (Թռչկանի ջրվեժ, Դեբեդի կիրճ և այլն), մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ են ստեղծում բնակչության հանգստի կազմակերպման և զբոսաշրջության զարգացման համար:

Բնակչությունը:

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Մարզի բնակչության թվի ավելացման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարում՝ Ռուսաստանին միանալուց հետո, երբ այստեղ բնակեցվեցին ոչ միայն հայեր, այլև հազարավոր ռուս աղանդավորներ (մոլոկաններ):

Բնակչության, հատկապես քաղաքային բնակչության արագ աճը եղել է խորհրդային տարիներին՝ կապված արդյունաբերության զարգացման հետ: Անկախության տարիներին բնակչության թիվն ինչպես այլ մարզերում, այնպես էլ՝ այստեղ նվազել է, որի պատճառը բնակչության արտահոսքն է և ցածր բնական աճը:

Միայն 2001-2011 թթ. բնակչության թիվը նվազել է 50 հազարով, որն ամենամեծ ցուցանիշն է այլ մարզերի համեմատությամբ: Վերջին տարիներին Լոռու մարզում են գրանցվում ՀՀ-ում բնական աճի ամենացածր ցուցանիշները (1,5-2‰): Մարզի բնակչության միջին խտության ցուցանիշը (62 մարդ/քկմ) զգալիորեն ցածր է հանրապետության միջինից: Լոռին ուրբանիզացման մակարդակով (59%) երկրորդն է ՀՀ-ում (Սյունիքի մարզից հետո): Այստեղ է գտնվում բնակչության թվով ՀՀ երրորդ քաղաքը՝ Վանաձորը (82221 մարդ (2016 թ.)):

Համեմատաբար մեծ քաղաքներ են վարչական նախկին շրջանների կենտրոնները՝ Ալավերդին (13583 մարդ (2016 թ.)), Ստեփանավանը (12783 մարդ (2016 թ.)), Սպիտակը (12954 մարդ (2016 թ.)), Տաշիր (7531 մարդ (2016 թ.)): Մարզի մնացած երեք քաղաքները՝ Թումանյանը, Ախթալան և Շամլուղը, հանքագործական կենտրոններ են բնակչության ոչ մեծ թվաքանակով: Գյուղական բնակավայրերը 122-ն են: Առավել խոշոր գյուղերն են Գուգարքը (5598 մարդ (2016 թ.)), Մեծավանը (5798 մարդ (2016 թ.)) և Օձունը (5128 մարդ (2016 թ.)): Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր:

Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են միջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում: Մինչդեռ 1800 մ-ից բարձր տեղանքները, գրեթե զուրկ են բնակավայրերից մշտական բնակչությունից:

Մարզկենտրոնը՝ Վանաձոր քաղաքը, առավել արագ զարգացել է 1950-ական թվականներից, երբ դարձավ արդյունաբերական կենտրոն: Այժմ Վանաձորում ապրում է մարզի բնակչության մոտ 40%-ը: Վանաձորը ՀՀ կրթական, գիտական, առողջապահական, մշակութային, բանկային ու առևտրային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող քաղաք է, երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների կարևոր հանգույց:

Տնտեսությունը:

Լոռու մարզը ՀՀ բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արդյունաբերական արտադրանքի ծավալով ՀՀ 10 մարզերի մեջ գրավում է 4-րդ տեղը, իսկ գյուղարտադրանքի ծավալով՝ 6-րդը:

Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որում առաջատարը ի սկզբանե եղել է ծանր արդյունաբերությունը: Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը և Ձորագետի ջրաէլեկտրակայանը, դեռևս 19-րդ դարի վերջերին կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը՝ Ալավերդու «Մանես» պղնձաձուլության գործարանը: Այն եղել է մետաղաձուլության ամենահզոր ձեռնարկությունը Հարավային Կովկասում: Այժմ գործարանն աշխատում է իր հզորության միայն մի մասով: Գործարանը հումքը ստանում է մարզի սահմաններում շահագործվող Շամլուղի և Ախթալայի պղնձի ու բազմամետաղների հանքավայրերից, Սյունիքի մարզից և Արցախից: Նախապատրաստվում է շահագործման հանձնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, թեև դա բնապահպանական լուրջ խնդիր է հարուցել՝ արդեն հատվել են տասնյակ հեկտար անտառներ:

Լոռու մարզի տնտեսության մյուս կարևոր ճյուղը քիմիական արդյունաբերությունն է: Խորհրդային տարիներին Վանաձորի և Ալավերդու ձեռնարկությունները թողարկում էին քիմիական պարարտանյութեր, կալցիումի կարբիդ, քիմիական թելեր, պղնձարջասպ, ծծմբաթթու և այլ նյութեր, որոնք արտահանում էին այլ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Ներկայումս քիմիական գործարաններն աշխատում են ընդհատումով և հզորության մի մասով: Մարզի լեռնահանքային, մետալուրգիական և քիմիական ձեռնարկությունները մեծ չափով աղտոտում են Վանաձոր և Ալավերդի քաղաքների օդային ավազանները, Փամբակ և Դեբեդ գետերն ու հարակից անտառային տարածքները:

Նախկինում մարզում ձևավորվել էր նաև մեքենաշինության զարգացած ճյուղ, որի ձեռնարկությունները Վանաձորում, Սպիտակում և Ստեփանավանում արտադրում էին հաստոցներ, ավտոմատ սարքեր, վերելակներ և այլն: Սակայն, չդիմանալով մրցակցությանը և կորցնելով արտադրանքի իրացման շուկաները, այս ճյուղն այժմ ծանր ժամանակներ է ապրում: Մարզի համար մասնագիտացման ճյուղ էր սննդի արդյունաբերությունը, որն առանձնանում էր շաքարի արտադրությամբ ու պանրագործթյամբ: Սպիտակում էր գտնվում Հայաստանի շաքարի միակ գործարանը, որը, 1988 թ. երկրաշարժից հիմնովին ավերվեց և չվերականգնվեց: Երկրաշարժը մեծ վնաս հասցրեց մարզի ամբողջ արդյունաբերությանը: Դադարեցին արտադրանք տալ շատ այլ գործարաններ ու ֆաբրիկաներ ևս: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:

Լոռու մարզի բնական պայմանների բազմազանությունը պայմանավորվել է գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքի ու տարածքային կազմակերպման բազմազանությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են տարածքի 66%-ը, որի մեծ մասը կազմում են արոտավայրերը և խոտհարքները: Մարզի տարբեր մասերում՝ կախված տեղային պայմաններից, գերակշռում են այգեգործությունը, հացահատիկային տնտեսությունը և կարտոֆիլի մշակությունը: Ամբողջ մարզի համար բնորոշն անասնապահական մասնագիտացումն է:

Անասնաբուծության արտադրանքը մոտ երկու անգամ գերազանցում է բուսաբուծության արտադրանքին: Լոռին վերջին տասնամյակների ընթացքում եղել և այժմ էլ մնում է որպես տոհմային տավարաբուծության առաջատար շրջան: Մարզն աչքի ընկնող տեղ է գրավում կաթի արտադրության և պանրայուղագործության գծով:

Լոռու մարզն ունի զարգացման լայն հեռանկարներ. բարենպաստ աշխարհագրական դիրքը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը, առկա արտադրական սոցիալական ենթակառուցվածքները լավ նախադրյալներ են ստեղծում բազմաճյուղ տնտեսության և բնակչության սպասարկման ոլորտի զարգացման համաչափ տեղաբաշխման համար:

Հավանեցի՞ք նյութը։