Հողային ծածկը

Հողային ծածկը

with No Comments

Հայկական լեռնաշխարհի հողային ծածկը

Յուրաքանչյուր երկրի բնության բաղադրիչների մեջ մարդու համար շատ կարևոր ու կենսական է հողային ծածկույթը: Հայկական լեռնաշխարհի հողային ծածկույթը ստեղծվել է հազարամյակների ընթացքում՝ մայրական ապարների հողմահարման, բուսական ու կենդանական օրգանիզմների, միկրոօրգանիզմների, կլիմայի, ջրերի, ռելիեֆի ներգործության միջոցով, որտեղ էներգետիկ աղբյուրն Արեգակն է: Քիչ չէ նաև մարդու ակտիվ ներգործությունը հողի վրա:
Հողը ստեղծվում է գործոնների մեկ ամբողջ համալիրի ազդեցությամբ, նշանակում է՝ բնական միջավայրի ծնունդ է և հատուկ է այդ միջավայրին. այսինքն՝ հողը բնության հայելին է:
Հողը բնապատմական մարմին է, և նրա ամենակարևոր հատկությունը պտղաբերությունն է՝ բերք ու բարիք ստեղծելու ունակությունը: Ասում ենք բնապատմական, որովհետև արհեստականորեն դեռ չի հաջողվել հող ստեղծել: Մարդը մայր ապարից լաբորատոր պայմաններում հող ստեղծել չի կարող, քանի որ ժամանակի գործոնը շատ կարևոր է: Հողը ստեղծվում է բնական ճանապարհով, ուստի նրա պահպանությունը մարդու համար կենսական է:
Հայաստանի հողային ծածկի առանձնահատկություններից մեկը նրա բազմազանությունն է. Հայաստանը հողերի կատարյալ թանգարան է:

Հայաստանի հողերը դասակարգվում են հետևյալ կերպ.

Լատերիտներ,
Անապատա-կիսաանապատային հողեր,
Շագանակագույն հողեր,
Սևահողեր,
Մարգագետնային հողեր,
Անտառային հողեր,
Գետահովտային հողեր

Խոնավ մերձարևադարձային հողերն ունեն սահմանափակ տարածում Սև ծովի ափերին մինչև 500-700 մետր բարձրությունների վրա: Որոշ հատվածներում ձևավորվել են ենթամոխրացած (պոդզոլացված) կարմրահողեր: Կարմրահողերն ունեն մեծ հզորություն: Կարմրահողերում բույսերին անհրաժեշտ միներալային նյութերի մեծ պակաս կա. հողերը հումուսից աղքատ են և ոչ բոլոր բույսերն այստեղ կարող են բերք տալ: Կարմրահողերն ու դեղնահողերը պարարտացման խիստ կարիք ունեն, հացահատիկներ աճել չեն կարող, բայց թեյի թուփը, եղրիզենին (տունգը), ծխախոտը հարմարվել են հողակլիմայական պայմաններին: Բացի Սևծովյան շրջանից՝ այլ հատվածներում կարմրահող ու դեղնահողեր չեն հանդիպում:
Կիսաանապատային գորշահողերը ձևավորվել են Հայկական լեռնաշխարհի ամենաչորային շրջաններում, որտեղ տեղումների քանակը 250-300 մմ է, հողագոյացման համար կլիմայական պայմանները բավարար չեն: Կիսաանապատային հողերը տարածվում են Տավրոսի հարավային ստորոտների որոշ հատվածներում, Արարատյան և Նախիջևանի գոգավորությունների եզրային-նախալեռնային, Մեղրու կիրճի ցածրադիր մասերում, Մալաթիայի դաշտի որոշ հատվածներում, Կապուտան (Ուրմիա) լճի գոգավորության եզրային մասերի մինչև 1800 մ բարձրությունների վրա: Հողի գույնը գորշ է, հումուսի պարունակությունը՝ 1-2%:

Կիսաանապատային գոտու տարածքում առանձնացվում են կուլտուր-ոռոգելի հողերը: Սրանք զբաղեցնում են Միջին-Արաքսյան գոգավորության ցածրադիր մասերը՝ Արարատյան և Նախիջևանի դաշտերը: Կուլտուր-ոռոգելի հողերը բավական հզոր են (40-80 սմ) և ամբողջ շերտում միանման հումուսայնությամբ (1-1,5%): Դարեր շարունակ բնակիչներն աճեցնում են բամբակ, խաղող, ծիրան, դեղձ, պտուղներ, մերձարևադարձային այլ կուլտուրաներ, բանջարեղեն: Հողերը կարիք ունեն պարարտացման, հատկապես՝ ազոտային:
Աղուտ-ալկալի հողերը տարածված են գոգավորությունների հատակին: Առաջացման մեխանիզմն այսպիսին է. գոգավորությունների հատակին՝ գետնի մակերևույթի մոտ, գետնաջրերը հավաքվում են և, մազական բարձրացման հետևանքով, հայտնվում հողի մակերևույթին. ջուրը գոլորշանում է, իսկ նրա մեջ լուծված աղերը մնում են գետնին ու առաջացնում աղի շերտ: Աղուտները դիտելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այստեղ ձյուն է եկել: Աղուտները գյուղատնտեսության համար պիտանի չեն: Վերջին ժամանակներում աղուտների լվացման ու աղազերծման որոշակի աշխատանքներ են կատարվում: Ծծմբական թթվի օգնությամբ հողերը լվացվում և աղազերծվում են, բայց, ժամանակի ընթացքում, գետնաջրերը կրկին աղ են բերում: Աղուտները վերջնականապես կարելի է աղազերծել միայն գետնաջրերն իջեցնելու, այսինքն՝ հողի մակերևույթի և գետնաջրերի միջև մազական կապը կտրելու միջոցով: Ավելի բարդ է ալկալի հողերի յուրացումը: Այստեղ գետնի մակերևույթին աղի կուտակում հիմնականում չի նկատվում: Այն որոշակի խորության տակ առաջացնում է քարացած զանգված, որտեղ տիրապետում է հիմնականում նատրիումի կարբոնատը՝ սոդան, որը բույսերի համար խիստ աննպաստ է: Հողն այնքան ամուր է, որ բույսը նրա մեջ արմատակալել չի կարող: Նման հողերը ևս կարելի է լվանալ ծծմբական թթվի օգնությամբ, նատրիումը դուրս մղել և ջրի միջոցով հեռացնել: Աղուտների ամենաընդարձակ տարածությունը Ուրմիա լճի ափերին է: Աղուտներ, ոչ այդքան ընդարձակ արեալներով, կան նաև Արարատյան և Նախիջևանի դաշտերում:

Շագանակագույն հողերն անցումային են՝ գորշահողերից դեպի սևահողերը և տարածվում են չոր տափաստաններում՝ գորշահողերից ավելի բարձր:
Արարատյան ու Նախիջևանի գոգավորություններում զբաղեցնում են 1200-1500 մ գոտին, Ուրմիայի ավազանում մինչև 1800 մ, Տավրոսի հարավային ստորոտներում՝ մինչև 1000 մ: Տարածված են նաև Ուզուն-Յայլայի, Մալաթիայի, Խարբերդի, Բալահովտի, Տարոնի, Երզնկայի, Հարքի, Մանազկերտի, Շիրակի դաշտերում, Վանա լճի արևելյան ափին, ինչպես նաև Փոքր Կովկասի՝ դեպի Կուր-Արաքսյան դաշտավայրն իջնող լանջերին՝ մինչև 600-700 մ բարձրությունների վրա: Այս հողերը ձևավորվում են 400-600 մմ տարեկան տեղումների պայմաններում: Ամռան չորությունը փարթամ բուսականության ստեղծման հնարավորություն չի տալիս, ուստի հումուս շատ չի կարող կուտակվել: Այն տատանվում է 2-4%-ի սահմաններում: Շագանակագույն հողերն ունեն տարբեր ենթատեսակներ՝ սկսած գորշ շագանակագույնից մինչև մուգ շագանակագույնը, որն անցում է կատարում սևահողին: Շագանակագոյն հողերը շատ պիտանի են հացահատիկային կուլտուրաների, ծխախոտի, պտուղ-բանջարեղենի մշակման համար: Այս հողերում թերությունը խոնավության պակասն է: Երաշխավորված բերքի համար արհեստական ոռոգումն անհրաժեշտ է:

Լեռնային սևահողերն ընդարձակ տարածություն են զբաղեցնում՝ 1600-1800 մ-ից բարձր սարավանդներում մինչև 2200-2400 մ բարձրությունները՝ Ջավախքը, Լոռվա դաշտը, Աշոցքի, Կարսի, Արդահանի, Բասենի, Էրզրումի, Աշկալեի, Ուզուն-Յայլայի, Խնուսի, Ալաշկերտի, Վանա լճի, Արագածի, Սևանա լճի, Սյունիքի, Կարմիրջրի հովիտների ու սարավանդների համապատասխան բարձրություններում: Կլիմայական պայմանները համեմատաբար խիստ են, ձմռանը կայուն ձնածածկույթ է առաջանում, հողը մակերևույթից սառչում է մինչև 20-40 սմ: Տեղումների քանակը 500-700 մմ է, սակայն ամռան երկրորդ կեսին հաճախ չորային է, լրացուցիչ խոնավության կարիք ունի:

Սևահողերը ձևավորվում են հոծ խոտածածկի տակ և շատ հարուստ են հումուսով՝ սկսած 4-13%: Սրանք բերրի հողեր են հացահատիկների, շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի, որոշ պտուղների (տանձ, խնձոր, սալոր, հատապտուղներ), բանջարեղենի մշակման համար: Եթե ոռոգում կիրառվի, բերքը երաշխավորված կլինի:
Վերընթաց գոտիականության մեջ սևահողերից բարձր տարածվում են մերձալպյան ու ալպյան մարգագետնային հողերը: Սևահողերն աստիճանաբար անցում են կատարում մարգագետնային սևահողերին, ապա տիպիկ մարգագետնային հողերին, որոնք տարածվում են լեռնաշխարհի հյուսիսային մասերում 2100 մ-ից բարձր, իսկ հարավային մասերում՝ 2400-ից վեր: Միկրոօրգանիզմների գործունեության սահմանափակ լինելու հետևանքով բուսական մնացորդների քայքայումը թույլ է և հումուսի կուտակումը 10-15% է: Բերքատվության բարձրացման համար արհեստական պարարտացման կարիք կա, իսկ տեղ-տեղ էլ՝ կրայնացման:
Հայաստանն անտառներով հարուստ չէ և անտառային հողեր հիմնականում հանդիպում են եզրային լեռներում: Այստեղ առանձնացվում են դարչնագույն, գորշ անտառային, ոչ մեծ զանգվածներով նաև պոդզոլային՝ ենթամոխրային հողեր:

Դարչնագույն հողերը զբաղեցնում են անտառային գոտու ցածրադիր մասերը: Դարչնագույն հողերը տարածվում են Փոքր Կովկասի անտառածածկ մասերում, Տավրոսի հարավային լանջերին՝ անտառային գոտու ստորին ենթագոտում: Հողերի ձևավորումը տեղի է ունենում չլվացվող ջրային ռեժիմի, իսկ ամռան երկրորդ կեսին՝ խոնավության պակասի պայմաններում: Դարչնագույն հողերը պրոֆիլը հզոր է, գենետիկական հորիզոնները՝ թույլ արտահայտմամբ, հումուսի պարունակությունը 5-8% է: Դարչնագույն հողերի ընդարձակ տարածություններ կան նաև այնտեղ, որտեղ անտառները ոչնչացված են և հողերը մշակվում են:

Անտառային գորշ հողերը գոտու վերին մասն են զբաղեցնում, ձևավորվում են ավելի խիստ կլիմայական պայմաններում, տարածվում են մինչև մերձալպյան գոտին՝ սկսած 1000-2100-2400 մ (հարավային մասերում): Սրանք ձևավորվում են բոխու, հաճարենու անտառների տակ: Գենետիկական հորիզոնները պարզ չեն արտահայտված, հումուսի քանակը 3-8% է:
Գետահովտային հողեր: Հայաստանի գետերի հովիտներում կան բավական հզոր գետաբերուկներ կամ գետալճային նստվածքներ, որոնց վրա զարգանում են տարբեր հատկանիշներ ունեցող հողեր, որոնք ընդհանուր տերմինով կոչվում են գետահովտային-դարավանդային հողեր: Ելնելով գոտիական հատկանիշներից՝ ձևավորվում են տվյալ գոտուն մոտ հողեր:

Հավանեցի՞ք նյութը։