Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհը

Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհը

with No Comments

Տուրուբերանն իբրև աշխարհի անուն մեր հին մատենագիրներից հիշատակում են միայն Եղիշեն, Մովսես Խորենացին և Շիրակացին: Օգտագործվել է երկու ձևով՝ Տուրուբերան և Տարուբերան: Անանիա Շիրակացին ծանոթացնում է, որ Տուրուբերանը հենց Տարոնի աշխարհն է:

Այնպես որ, այս երկրի համար ավելի գործածական է եղել Տարոնի աշխարհ անունը:

Տուրուբերանն իբրև վարչատարածքային միավոր, Աշխարհացույցում նկարագրված սահմաններով, կարող էր հիշատակվել միայն Հայաստանի երկրորդ բաժանումից հետո (591թ): Մինչ այդ Տուրուբերանը մասնատված էր մի քանի նախարարությունների, որոնք ունեին հավասար իրավունքներ, և դրանցից ամեն մեկը մի վարչատարածքային միավոր էր: Այդ նախարարությունները պահպանվեցին նաև 591թ բաժանումից հետո, սակայն Արածանիի վրա ընկած այդ ամբողջ երկիրը, Այրարատի հետ միասին, քաղաքականապես ենթարկվեց Բյուզանդական կայսրությանը: Իսկ Կայսրության համար այս երկիրը, ամբողջությամբ վերցրած, մի վարչատարածքային միավոր էր, անկախ նրանից, որ այն մասնատված էր բազմաթիվ նախարարությունների:

 

Տուրուբերանը Մեծ Հայքի կենտրոնական աշխարհներից մեկն էր: Այն շրջապատված էր Այրարատ, Վասպուրական, Մոկք, Աղձնիք, Չորրորդ Հայք և Բարձր Հայք աշխարհներով:
Նրա սահմանները հյուսիսում կազմում էին Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, հարավում է Հայկական Տավրոսը, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի և Խատնոց գետերի ջրբաժան լեռները, իսկ արևմուտքում՝ Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները: Այսպիսի սահմաններում այն իր մեջ ընդգրկում էր Արածանիի միջին հոսանքի ավազանը և Արաքսի վերնագավառի մի մասը:

 

Տուրուբերանի մեջ էր մտնում նաև Բյուրակնյան հրաբխային բարձրավանդակը: Երկրի միջով հոսում է Արածանին իր բազմաթիվ վտակներով: Կլիմայական պայմանները ընդհանուր առմամբ խիստ են, բացառությամբ որոշ շրջանների կլիման ցամաքային է: Աշխարհացույցի համաձայն, երկիրը հարուստ էր երկաթով և նավթով:

Տուրուբերանի մակերևույթը բազմազան է, մեծամասամբ՝ հարթ: Կենտրոնական մասում ձգվող լեռնաշղթաներն ու բլրաշարերը մեծ մասամբ ցածր են և չեն խախտում ընդհանուր հարթ մակերևույթը: Տարածքով հոսող Արածանին և բազմաթիվ վտակները տեղ-տեղ առաջացրել են ճահճուտներ: Ունի արգավանդ դաշտեր՝ Մանազկերտի, Մուշի, Խնուսի, Տվարածատափի և այլն:
Տուրուբերանի մեջ մտնող Բյուրակնյան հրաբխային բարձրավանդակը հայտնի է սառնորակ աղբյուրներով ու փարթամ արոտավայրերով: Բացառությամբ առանձին շրջանների կլիման կլիման խիստ է, ցամաքային:

Գավառները

Ըստ Աշխարհացույցի Տուրուբերանը բաղկացած էր 16 գավառներից՝ Խութ, Ասպակունիք, Տարոն, Արշամունիք, Մարդաղի, Դասնավորք, Տվարածատափ, Դալառ կամ Գովառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք կամ Երիվարք, Աղիովիտ, Ապահունիք, Կոր կամ Խոռխոռունիք:

Հավանեցի՞ք նյութը։