Սրբազան հնավայրը. Կարմիր բլուր (Թեյշեբաինի)

Սրբազան հնավայրը. Կարմիր բլուր (Թեյշեբաինի)

with No Comments

Կարմիր բլուր հնավայրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին։

Բլուրը ծածկված է եղել հողով և ունեցել է կարմրավուն տեսք։ Հավանաբար, նման երագներ են տվել հրդեհի հետևանքով բլրի այրված աղյուսները։ Այս իսկ պատճառով տեղացի բնակիչները տարածքն անվանել են Կարմիր բլուր։ Հնավայրի տարածքում պեղումները սկսվել են 1939թ․ և որոշակի ընդհատումներով (1941-1945թթ.) շարունակվել են մինչև 1971թ․։

Պեղումների գրեթե ամբողջ ընթացքը գլխավորել է հնագետ Բորիս Պիոտրովսկին։
Պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ բլրի վրա ամրոց է կառուցել ուրարտական վերջին հզոր միապետներից Ռուսա երկրորդը (Ք․ ա․ 685-645թթ․)՝ այն դարձնելով իր տերության կարևորագույն կենտրոններից մեկը։ Բացի այդ՝ ամրոցից հարավ-արևմուտք կառուցվել է քաղաքային հատվածը։

 

Պեղումները փաստեցին, որ Կարմիր բլուր հնավայրը բաղկացած է եղել ամրոցից, արտաքին բնակատեղիից և դամբարանադաշտից։
Ամրոցը զբաղեցնում է մոտ 4 հա տարածք։ Այն երկհարկանի մոնումենտալ շինություն է։ Ըստ երևույթին, վերին հարկում եղել են վարչական բնույթի կառույցներ, ինչպես նաև Վանի թագավորության գերագույն աստված Խալդիին ձոնված susi տաճարը։ Այդ են վկայում Կարմիր բլուրի ամրոցի տարածքից հայտնաբերված սեպագիր արձանագրությունները, որոնք եղել են susi տաճարի հիմնաքարերը։ Ամրոցի նկուղային հարկում պեղվել են մոտ 150 սենյակներ, բացվել են մի քանի կարասային սրահներ, որոնք ծառայել են որպես գինու մառաններ և հացահատիկի շտեմարաններ։ Ի շնորհիվ ամրոցի 11-րդ սենյակի մոտ գտնված դռան բրոնզե փականի արձանագրության պարզ դարձավ, որ Ռուսա երկրորդ արքան բնակավայրը անվանել է Թեյշեբաինի՝ այն ձոնելով ուրարտական դիցարանի տարերքի աստված Թեյշեբային։ Կարմիր բլուրի պեղումներից գտնվել է նաև նույն Թեյշեբա աստծո բրոնզե արձանիկը։
Պեղումների արդյունքում պարզ դարձավ , որ քաղաքային հատվածի առնվազն մի մասը վեր է բարձրացել նախաուրարտական շրջանի բնակատեղիի հիմքերի վրա։

 

Ուրարտուի հնագիտության համար բացառիկ նշանակություն ունի քաղաքային հատվածի այսպես կոչված բազմասեկցիոն կառույցը։ Քաղաքային հատվածից հարավ և հարավ-արևելք տեղակայված է դամբարանադաշտը, որտեղ, հատկապես 2013-2016թթ․ իրականացված պեղումների ընթացքում պեղվել են հարյուրավոր դամբարաններ։Կարմիր բլուրից հայտնաբերվել են նաև կավե սեպագիր սալիկներ, մետաղե տարբեր առարկաներ, այդ թվում՝ տարբեր տեսակի զինատեսակներ, հացահատիկի այրված մնացորդներ, կտորների այրված մնացորդներ, կարասներ, գարեջրի անոթներ, հազարավոր սափորներ և այլն։
Կարմիր բլուրի պեղումները ցույց տվեցին, որ ամրոցը գրավվել և հրդեհվել է սկյութական տիպի նետասլաքներ օգտագործող զորքի կողմից։

Կարմիր բլուրի տարածքն օգտագործվել է նաև միջնադարյան ժամանակաշրջանում․ ադ մասին են վկայում հայտնաբերված բազմաթիվ ջնարակված խեցեղենի բեկորները։ Ամրոցի վերնամասում եղել է նաև մատուռ։
Կարմիր բլուրը համարվում է ուրարտական ամենահայտնի հուշարձաններից և կարևոր տեղեկություններ է հաղորդում ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև Հին Մերձավոր Արևելքի հնագիտության համար։

 

Միքայել Բադալյան, պատմական գիտությունների թեկնածու

5/5 - (3 votes)

Հավանեցի՞ք նյութը։