Հայոց Հզոր Բանակ․ Կարեն Հովհաննիսյան

Հայոց Հզոր Բանակ․ Կարեն Հովհաննիսյան

with No Comments

Թոնդրակ.am-ի զրուցակիցը Հայոց Հզոր Բանակ նախագծի հիմնադիր Կարեն Հովհաննիսյանն է։

 

– Պատմեք ձեր մասին, որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ կրթություն եք ստացել, ինչպե՞ս է անցել ձեր մանկությունը, և ի՞նչը հատկապես ազդեց այս մասնագիտությունը ընտրելու և Ձեր հոգեկերտվածքի վրա։

 

– Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, բայց մանկությունս, պատանեկությունս անցել է Երևան քաղաքում, Աբովյան քաղաքում։ Ներքին Գետաշեն գյուղում ծնվելը հենց այնպես չի եղել, հորս ցանկությունն է եղել, որ որդիները ծնվեն  իր հայրական գյուղում։

 Բնակվում եմ և՛ քաղաքում, և՛ գյուղում։ Պահում եմ մեղուներ։  Շատերը ասում են, որ շատ աշխատատար գործ է, սակայն հասցնում եմ, մի փեթակից դարձրել եմ 5 փեթակ, ունեմ այգի, զբաղվում եմ այգու գործերով, շատ եմ սիրում այգեգործությունը։ Երեխաների դաստիրակությամբ եմ զբաղվում։ Փորձում եմ իմ օրինակով ցույց տալ թե ինչպես կարելի է ապրել և քո համար, և Հայրենիքի համար։

Տղաներիս և դստերս փորձում եմ հենց այդ կերպ դաստիրակել, որպեսզի իրանք ևս հասարակության մեջ պիտանի մարդիկ դառնան։ Հայաստանի Հանրապետության կայացած քաղաքացի լինեն, որովհետև մեր  պետությանը հենց դա է պակասում՝ կայացած քաղաքացի լինելը։

Ընդհանրապես մասնագիտություն ընտրելու հարցում շատ եմ մտածել, այնուամենայնիվ առաջին մասնագիտությունս՝ տնտեսագետ, սխալ ընտրեցի, հիմա եմ հասկանում, որ դա ժամանակի և նյութական միջոցների մեծ կորուստ էր։

Ավարտելուց հետո երբևէ չեմ աշխատել այդ մասնագիտությամբ։

Ու դրանից հետո հանգամանքների բերումով հայտնվեցի Թուրքիայում, որոշակի գործարքներ կատարելու և բիզնես սկսելու համար։ Երկրորդ անգամ Թուրքիա գնալուց հասկացա, որ ցանկանում եմ ինչ-որ բան անել հայրենիքիս համար։ Հենց այդ ժամանակ ընտրեցի երկրորդ մասնագիտությունս՝ քրդագետ։

Սկսեցի ուսումնասիրել Արևմտյան Հայաստանը, Թուրքիան։ Տարվա մեջ մի քանի անգամ գնում էի Արևմտյան Հայաստան։ Իմ ուսումնասիրման թեման իմ պապերի երկիրն էր՝ Ալաշկերտը իր բոլոր գյուղերով։

Արևմտյան Հայաստանում գտնվելու ընթացքում դրեցի իմ երկրորդ մասնագիտության հիմքը։ 

Սովորեցի Իրաքյան Քրդստանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը, հեռակա կարգով՝ որտեղ ուսումնասիրում են Մերձավոր Արևելքի երկրները։ Ես ուսումնասիրել եմ Իրաքյան Քրդստանը ուսումնասիրող բաժինը։

Սկսեցի շատ լուրջ զբաղվել այդ մասնագիտությամբ և միչև հիմա էլ զբաղվում եմ։

Թղթակցում եմ Իրաքյան Քրդստանի Rudaw էլեկտրոնային և տպագիր պարբերականի հետ, հանդիսանում եմ Իրաքյան Քրդստանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրման ինստիտուտի գիտաշխատող։ Այնտեղ նյութեր եմ հրապարակում։

Իրաքյան Քրդստանը ինքնավար պետություն է Իրաքի կազմի մեջ, գտնվում է Իրաքի հյուսիսում։ Ունի մոտ. 10 282 քառ․կմ տարածք։ Սադդամ Հուսեյնի  վարչակազմի անկումից հետո ձևավորվեց այդ վարչատարածքային միավորումը, չնայած որ դրա հիմքը դրված էր շատ վաղուց, ուղղակի Հուսեյնը ճնշում էր, թույլ չէր տալիս որ այդ միավորումը ձևավորվեր։ Իսկ հիմա արդեն ձևավորված վարչատարածքային միավորում է՝ Էրբիլ մայրաքաղաքով։

Այնտեղ գործում են միջազգային բազմաթիվ կառույցներ, կան հյուպատոսություններ։

2017 թ-ին Հայաստանի նախագահը հրաման ստորագրեց, որ հայկական հյուպատոսություն բացվի Էրբիլում։ Այնտեղ ունենք լավ հայկական համայնք, իհարկե ոչ բոլորն են հայախոս, հիմնական մասը քրդախոս է, ապրում են գյուղական համայնքներում, սակայն փորձում են սովորել հայերեն՝ հայախոս դառնալ։

 

-Իսկ պետությունը արդյո՞ք նպաստում է դրան։

 

-Այո, իրականում Իրաքյան Քրդստանը շատ դրական է տրամադրված հայերի նկատմամբ։ Եվ իհարկե դա ունի իր նախապատմությունը։ Ի դեպ այս տարի գարնանը Էրբիլում՝ Քրդստանի մայրաքաղաքում, պետությունը կառուցեց մեծ հայկական եկեղեցի,  նվիրեց հայկական համայնքին, ու գրեթե Իրաքյան Քրդստանի բոլոր նահանգներում

 կան հայկական եկեղեցիներ, որոնք կառուցվել են այդ վարչատարածքային միավորումը ստեղծելուց հետո։

Բարզաննեի Իրաքյան Քրդստանի ղեկավար ընտանիքը շատ ամուր կապեր ունի հայերի հետ, նրանց նախապապը  ժամանակին, երբ հալածվել է Սադդամ Հուսեյինի վարչակազմի կողմից, անցել է Խորհրդային Հայաստան և հանգրվանել է Սիսիանում կամ Արագածոտնի մարզում՝ ըստ որոշ աղբյուրների։ Եվ այդ ընթացքում շփվել է հայերի հետ, որտեղից և գալիս է Բարզանիների սերը դեպի հայերը։ Այդ պատճառով էլ նրանք դրական են տրամադրված հայերի հանդեպ և իրենց ուշադրության կենտրոնում են պահում։

 

– Իսկ Հայաստանի Հանրապետություն և Իրաքյան Քրդստան կապերը կարելի՞ է հետագայում օգտագործել ռազմական նպատակներով։ Այսինքն ընդդեմ Թուրքիայի կամ  ընդդեմ Ադրբեջանի։

 

– Ո՛չ, քանի որ Իրաքյան Քրդստանը  Թուրքիայի հետ բավականին լավ հարաբերությունների մեջ է գտնվում։ Սահմանակից է նրան և ունի իր պետական շահը՝ իր ամբողջ ապրանքաշրջանառությունը կատարվում է վերջինիս  հետ և միայն նրա հետ ունի բաց սահման։ Բնականաբար մենք որևէ ակնկալիքներ չենք կարող ունենալ Իրաքյան Քրդստանից հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ 2017 թ-ի սեպտեմբերի 21-ին, երբ անկախության հանրաքվեն տեղի ունեցավ Իրաքյան Քրդստանում, որի արդյունքները  չճանաչվեց ոչ մի պետության կողմից,  Արցախի հանրապետությունը շնորհավորական ուղերձ էր ուղարկել, և նրանք, շատ ոգևորված, այդ շնորհավորական ուղերձը ներկայացնում էին իրենց հանրությանը։

 

֊Իսկ ի՞նչ դիրքորոշում հայտնեց Հայաստանի Հանրապետությունը։

 

Այդ ժամանակ որևէ դիրքորոշում հայտնելը շատ սխալ կլիներ, քանզի աշխարհում ոչ մի պետություն, բացի Իսրայելից այդ ռեֆերենդումը չողջունեց։

Դրանից հետո տեղի ունեցավ Իրաքի և Քրդստանի միջև պատերազմը, որի արդյունքում Քրդստանը տարածքներ կորցրեց։ 

Իրականում շատ խորքային է արաբների և քրդերի հակամարտությունը։

Արաբները ուզում են, որ քրդերը առանձնանան, բայց ոչ քրդերի պահանջած վարչատարածքային բաժանումով. Հիմնական կռվախնձորի առարկան նավթային Կիրկուկ նահանգն է։

Եթե Քրդստանը որոշի, որ այդ նահանգը չի ուզում, հաջորդ օրը կարող է ռեֆերեդում անցկացնել և անկախանալ, բայց առանց այդ նահանգի Իրաքյան Քրդստան պարզապես գոյություն ունենալ չի կարող, քանի որ բնական ոչ մի ռեսուրս չի ունենա ապրելու համար։ Իր հույսը հենց այդ նավթահորերն  ու նավթահանքերն են։

 

-Պատմե՛ք Ձեր հիմնադրած《Հայոց Հզոր Բանակ》 նախագծի մասին։ 

 

 -2016 թ-ի ապրիլյան պատերազմի օրերին մի խումբ ընկերներով որոշեցինք որ պետք է գումար հավաքենք, թեկուզ հեռադիտակ գնենք և ուղարկենք մարտական դիրքեր։ Գումարը չբավականացրեց, ուստի որոշեցինք համացանցի՝ հատկապես ֆեյսբուքի օգնությանը դիմել։  Ես ունեի հետևորդներ՝ կապված իմ մասնագիտության հետ՝ թուրք-քրդական հակամարտության մասին անընդհատ գրառումներ էի կատարում, նկարներ տեղադրում․ փորձեցի այդ լսարանին ներկայացնել այն, ինչը ուզում էի անել բանակի համար։ Եվ լսարանը արձագանքեց։ Հավաքեցինք X չափի գումար, գնեցինք հեռադիտակներ, որոնք ես անձամբ տարա Մարտակերտ։ 

Երբ վերադարձա, տեսա, որ հաշվեհամարներին բավականին գումարներ են դեռ փոխանցվում, այսինքն ցիկլը շարունակվում էր։ Գործընթացը սկսվել էր։ 

Դրանից հետո արդեն երկրորդ անգամ ռադիոկապեր տարանք։ Այս ծրագրի հաջողության հիմնական պատճառներից մեկը հենց այն էր, որ ես բանակում հանդիպեցի ճիշտ մարդու, հայրենասեր սպայի, ով հնարավոր և անհնարին ամեն բան անում է բանակի համար։ Եվ հասկացա, որ այդ սպան այս ծրագրի շրջանակներում իմ տարած նյութատեխնիկական սարքավորումներից ոչ թե պակասեցնելու է, այլ ավելացնելու։

Դրանից հետո արդեն 3 տարի փուլ առ փուլ գործողություններ ենք կատարում։ Արդեն հասել ենք 19-րդ փուլին։

Առաջին տարին ամեն մի փուլի համար մենք պայմանավորվում ենք սպայի կամ սահմանային զորամասի հրամանատարության հետ,  թե ինչ է անհրաժեշտ դիրքին, և տվյալ փուլի համար ինչքան գումար որ հավաքվում էր, գնում էինք անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները և փոխանցում դիրքին։ Երկրորդ տարին որոշեցինք կոնկրետ ծրագիր իրականացնել, որի շնորհիվ տվյալ դիրքը կդառնա ավելի անառիկ ու անվտանգ  կամ կբարձրանա զինվորների համար առողջության և անվտանգության պայմանները։

Եվ արդեն երեք տարի իրականացնում ենք այս ծրագիրը, որը բավականին էֆեկտիվ է, իրականացնում ենք պաշտպանական բանակում, որը ավարտելուց հետո անցել ենք Պաշտպանության Նախարարության ենթակայության տակ գտնվող սահմանային զորամասերին։ Էֆեկտիվության վրա վստահ ենք, քանզի բազմիցս փորձարկել ենք։

 

-Շփվու՞մ եք ժամկետային զինծառայողների հետ։ Մարտական ոգու բարձրացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում։

 

֊ Ժամկետային զինծառայողների հետ ես իմ կապը մշտապես պահում եմ, քանի որ ես համարվում եմ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, և պարտավորություն ունեմ ամեն անգամ դիրքեր գնալ, զորամասեր այցելել ժամկետային զնիծառայողների հետ հանդիպել։ Եվ այնպես է ստացվել, որ ժամկետային զինծառայողներից շատերի հետ, որոնց հետ այդ ընթացքում շփվել եմ՝ կապ եմ հաստատել։ Ինչպես որ ծառայության ընթացքում ինձ համարում էին 《կամանդիր》, այնպես էլ ծառայությունից հետո են նույն կերպ ինձ դիմում։

Զինվորները ինձ շատ-շատ են օգնում այն առումով, որ ես կարողանում եմ նրանց միջոցով հասկանալ տրամադրվածությունը, ոգևորվածությունը։ Երբ ես մարտական դիրքում եմ լինում, շատ չեմ խոսում հայրենասիրությունից, որովհետև 18-20 տարեկան տղաներ են, հնարավոր է շատ ոգևորվեն և իմ գնալուց հետո ինչ-որ բան անեն։ Բայց խոսում եմ անվտանգության կանոնները պահպանելուց։

Միշտ շեշտում եմ, որ եթե ծառայեն ըստ կանոնադրության, հաստատ ոչ մի բան չի լինի, բազմաթիվ օրինակներ եմ բերում Ադրբեջանի և Հայաստանի բանակների մասին։ Վերջին շրջանում Ադրբեջանի բանակն էլ եմ ուսումնասիրում։ Ասում եմ, որ իրենք մի բան են ցույց տալիս, բայց ուրիշ բան է տեղի ունենում։ Բայց մենք ընդհակառակը, ուզում ենք թերությունները բացահայտենք, որ կարողանանք ժամանակին վերացնել։

 

-Ամեն քաղաքացի կարո՞ղ է բարձրանալ դիրքեր, ենթադրենք հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով։ Ի՞նչ խոչնդոտներ կան սրանում։

 

-Ոչ, այդպիսի բան չկա, դիրքեր հասնելու համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի, բարձրագույն հրամանատարական կազմը պետք է թույլատրի, իհարկե ամեն մարդ չի կարող  դիրքեր բարձրանալ, վերջ ի վերջո այնտեղ պետական ռազմական գաղտնիք է։

Ամեն մարդ չպետք է դա տեսնի, այնտեղ հասնելը շատ բարդ է։

 

-Ներկայումս բազմաթիվ կառույցներ կան, որոնք փորձում են բանակի հարցերով զբաղվել, դրամահավաքություն են կազմակերպում։ Մարդիկ ինչու՞ հենց ձեզ պետք է ընտրեն։

 

– Հետաքրքիր մի բան տեղի ունեցավ մի տարի առաջ. Ինչ-որ մեկը գումար էր հավաքել վիրավոր զինծառայողի վիրահատության համար, սակայն գումարը անհետացել էր։ Դիմեցինք ոստիկանություն, քանի որ շատ լուրջ հարց էր, մարդիկ կարող էին հիասթափվել նման ծրագրերին չմասնակցել՝ գումար չվստահել հավաքողներին։ Բայց ոստիկաՆները չկարողացան պարզել, ես ինքս փորձեցի ֆեյսբուքում հայտարարություն տարածել իմ լսարանի շրջանակներում, որ ամեն պատահածին գումար չվստահեն, հետագայում չհիասթափվելու համար։ Մեր քաղաքացիների մոտ այդ իրավագիտական մակարդակը բավականին ցածր է, իրենք տեսնում են զինվորական հագուստով որևէ մեկին, և սկսում 100 տոկոսով վստահել։ Բայց շատ հնարավոր է այդ հագուստի տակ ինչ-որ ավանտյուրիստ թաքնված լինի,  ով փորձի շահագործի քո հայրենասիրությունը և վստահությունը՝ գումարը շորթելու նպատակով։

Ինչպես նշեցի, ծրագիրը իրականացնում եմ փուլ առ փուլ, և ամեն փուլի ավարտին հանդես եմ գալիս ֆինանսական  մանրակրկիտ հաշվետվությամբ։ 

Ինչպես նաև ես ներկայացնում եմ այն նյութատեխնիկական սարքավորումների ստացականները, որոնք ես տանում հանձնում եմ սահմանային զորամասեր։

 

-Իսկ ձեզ ինչո՞վ կարող են օգնել թե պետությունը, թե առանձին կազմակերպություններ կամ անհատներ։

 

-Ճիշտն ասած ես պետությունից օգնության ակնկալիքներ չունենք։

Պետությունն իր գործն անում է, սակայն կան կարևորության աստիճաններ, ենթադրենք պետությունը առաջնային է համարել x նյութատեխնիկական սարքավորումը, բայց մենք նաև առաջնային ենք համարում x+y սարքավորումը, բայց պետությունը չի կարող միաժամանակ դա ձեռք բերել։

Շատերն ասում են՝ մենք հարկեր ենք վճարում, դա պետության պարտականությունն է։ Ինչը ճիշտ չէ, քանի որ աշխարհի տարբեր բանակների համար իրենց հասարակությունը հսկայական աջակցություն է ցույց տալիս. օրինակ՝ Իսրայելում, Ադրբեջանում։ Հասարակությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանական բանակին։ 

Վերջերս Նախիջևանի կողմից 10 տոննա գյուղմթերք էին հատկացրել՝ բանջարեղեն, մրգեր։ Ի՞նչ է դուրս գալիս, այդ բանակը սոված էր կամ դրա կարիքը ունե՞ր, ոչ իհարկե, ուղղակի դա կարևոր քայլ էր, և հասարակությունը հենց այստեղ է պետք բանակին, այստեղ գալիս է բանակ-հասարակություն մեծ կապը։

Իմ ծրագրի միջոցով ոչ միայն ես լուծում եմ այդ սարքավորումների հարցը, դա շատ փոքր բան է, այլ նաև պահում եմ բանակ-հասարակություն կապը։ Մարդիկ կարողանում են արթուն մնալ, ուղեղը չի բթանում, նորից պարտադիր չէ Ապրիլյան պատերազմ տեղի ունենա, որ մարդիկ դառնան միահամուռ և դիրքեր գնան, ու գործ անեն։

Այսինքն հասարակությանը փորձում ենք պահել սթափ վիճակում, որը  շատ կարևոր է։

Կազմակերպությունները կամ անհատները պարտադիր չէ գումար փոխանցեն, եթե խոշոր է գումարը, կարող են ձեռք բերել այն սարքավորումը, որը մենք նախատեսել ենք տվյալ փուլի համար, որից հետո ես կդառնամ միջնորդը իրենց և բանակի միջև, ես ընդհամենը տեղ կհասցնեմ, ստացականը կամ պատվոգիրը կբերեմ փոխանցեմ տվյալ մարդկանց։

 

-Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում բանակում հայրենաճանաչությունը։

 

-Հայկական Բանակը ոչ միայն ռազմական գործ ուսումնասիրելու դարբնոց է, այլ նաև  դպրոց է։ Այնտեղ որոշ զինվորներ սովորում են հայերեն գրել – կարդալ։ Արտերկրում ապրած զինվորների մի մասը, որոնք վերադառնում են զինծառայության՝ հայերեն չգիտեն։

Մեր ներկա սերունդը բավականին հայրենաճանաչ է։ Հատկապես դիրքերում շատ եմ հանդիպում Նժդեհական ոգով տոգորված զինվորների։

Նրանք փորձում են տարբեր անկյուններից մոտենալ Հայրենիք հասկացությանը։ Ո՞րտեղից է սկսվում Հայրենիքը հարցին զինվորներից որոշները պատասխանում են խրամատից, մյուսները Գարեգին Նժդեհի գիրքն են ցույց տալիս, որտեղից հասկանում ես, որ այս մարդկանց համար բանակը ոչ  միայն ռազմարվեստը սովորելու համար է, այլ նաև Հայրենիքը ճանաչելու, մայրենի լեզուն սովորելու համար է։ Եթե ամփոփեմ, ապա իմ կարծիքով Հայրենաճանաչությունը հիմա բանակում գտնվում է իր ամենածաղկուն շրջանում։ 

 

-Լսում ենք արտահայտություններ, թե 18-20 տարեկան երեխանների պահած դիրքերն ինչ պետք է լինեն, դրա փոխարեն հատուկ ջոկատներ կարելի է ունենալ, ինչպես Ադրբեջանում գորշ գայլերն են և այլն։ Դուք որպես դիրքեր այցելող մարդ ին՞չ կասեք այդ մասին։

 

 -Ես միշտ կողմ եմ, որ առաջնագծում մարդկային գործոնը ընդհանրապես պետք է վերանա, մենք պետք է հասնենք նրան, որ առաջնագիծը պետք է պահեն բարձր տեխնոլոգիաները։ Դրան պետք է գնանք, ընդ որում մեր ծրագրի որոշակի հատվածը հենց դրան է տանում, իսկ եթե այնուամենայնիվ մենք պետք է ընտրություն կատարենք, բնականաբար ես ընտրում եմ 18-20 տարեկան տղաներին, քանի որ նրանց մոտ պատասխանատվության զգացումը շատ մեծ է, իրենց մոտ ռազմական պատրաստվածությունը  շատ ավելի մեծ է, իրենք շատ լավ են ընկալում Հայրենիք հասկացողությունը։ Մեր պետության առաջնային նպատակը պետք է լինի մարդկային գործոնի վերացումը առաջնագծից։

 

 -Վերջերս զինծառայողի անցման դեպքը կամ մի քանի օր առաջ Չինարի գյուղի դիրքերի հարցը․ Ո՞րտեղից է գալիս այս սխալ տեղեկատվությունը։

 

 -Ես չեմ կարողանում հասկանալ թե որտեղից է տեղեկատվությունը գալիս իրականում, աղբյուրը չեմ կարողանում գտնել։ Անվտանգության հետ կապված դիզինֆորմացիաները  շատ վտանգավոր են, նույնիսկ ավելի վտանգավոր, քան հակառակորդի դիպուկահարը։ Քանզի մենք ուղիղ նշանառության տակ ենք դնում ինֆորմացիայից զրկված հասարակությանը, մենք նրա համար ստեղծում ենք խուճապահար վիճակ։

 Եվ  ինքնակամ կատարում ենք  հակառակորդի մարտական առաջադրանքը, ստեղծել խուճապային իրավիճակ թիկունքում։

 Դա մարտավարական տակտիկական քայլ է, որ ինքներս ենք անում մեր համար։ Դրա համար ցանկացած ինֆորմացիա, որը վերաբերվում է բանակին, անվտանգությանը կամ պաշտպանությանը, պետք է հազար չափենք նոր մեկը կտրենք։ Պարզապես ծիծաղի է, որ հիմա խոսում են թե Չինարին չի ռմբակոծվում,  Չինարիում հակառակորդի դիրքերը ոնց կան, այդպես էլ մնացել են, իսկ որպեսզի այդ դիրքերից չռմբակոծեն Չինարին կամ հրաձգային զենքերով չկրակեն Չինարիի վրա, ըմդհամենը պետք է այդ դիրքերը վերացվեն։ Այլ տարբերակ չկա, իսկ եթե դիրք չի վերացվել, ապա ինչի մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերվում է ժամկետային զինծառայողին, ով անհայտ հանգամանքներում հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ,  ապա դեռևս պարզ չի ինչ է կատարվել, ինֆորմացիան նոր դուրս է եկել, բայց մեր հասարակությունը սկսեց որպես դավաճան պիտակավորել այդ մարդուն, երբ որ չգիտեն ինչ է կատարվել։ Միգուցե դիվերսիա է եղել, միգուցե մոլորվել է, շատ տարբերակներ կան։Բայց մեր հասարակությունը առանց ինֆորմացիային տիրապետելու ինչ որ մեկի քոմենտի հիման վրա եզրակացություններ է անում։ 

 Այսինքն տարածվում է այն ինֆորմացիան ավելի շատ, ինչը թշնամին կցանկանա որ տարածվի։

 

 -Վերջին փոփոխությունները բանակում․ Ո՞րոնք են դրական և բացասական կողմերը։

 

 – Զինվորը մեզ պետք է զորացրվելուց հետո առողջ լինի։ Որովհետև մենք ամեն վայրկյան կարող է հայտնվենք պատերազմական իրավիճակում ու այդ նույն զինվորին մենք կարող է  կանչենք բանակ։ Այսինքն ինչ է նշանակում, զինվորը այդ երկու տարին պետք է սոված, կիսասոված ծառայի, առողջությունը վնասի, հոգեբանական տրավմա ստանա, վերադառնա և այլևս բանակի անուն չտա՝ Հայաստանը լքելով։ Մենք մնալու ենք առանց զինվոր, մեզ պետք է առողջ զինվոր։ Հենց այդ պատճառով ես կողմ եմ հենց այն սննդակարգին որը պետք է դրվի զորամասներում, ինչ վերաբերվում է թե զինվորը կսովորի  դրան, կամ չի կարողանա, աբսուրդ է։ 

 Եթե այդ տրամաբանությանմբ շարժվենք ուրեմն զինվորները մահճակալի վրա պետք է չքնեն, ամեն օր իրենք պետք է քնեն կամ վրանում քնապարկի մեջ, կամ բաց դաշտում գետնի վրա։ Չէ որ պատերազմի ժամանակ չեն գնա զորանոցում քնեն։  Եթե մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում, այսինքն չկա այդպիսի բան որ զինվոր ես, ուրեմն պիտի գոտիդ շատ ձգես որպեսզի քիչ ուտես։ Զինվորը պետք է կուշտ լինի, առողջ լինի, որ մարտական առաջադրանքը կատարելու էֆեկտիվությունը բարձր լինի։

  Կիսասոված զինվորը իր կյանքն էլ կտա, բայց էֆեկտիվությունը այն չի լինի, կամ կիսաառողջ զինվորը, դրա համար այս նոր մեթոդը շատ կարևոր է, ի դեպ այս մեթոդով մերոնք փորձում են կենտրոնանալ մենակ ստամոքսի վրա, բայց իրականում սրանով այլ խնդիր էլ է լուծվում՝ միջանձնային։  Ճաշարանում որոշակի միջանձնային խնդիրներ էին առաջանում, իսկ արդեն նոր համակարգում սա բացառվում է։

  Սրանով էլ մենք կարողանում ենք կարևոր հարց լուծել։

 

  Ընդհանրապես ուզում եմ որ մարդիկ շատ հայրենասեր լինեն ու Հայրենիքը չհամեմատեն այլ պետության հետ, երբ որ սկսում ես Հայրենիքդ  համեմատել այլ երկրների կամ այլ պետությունների հետ, այլևս դադարում ես սիրել Հայրենիքդ։

  Երբ դու սկսում ես ասել, որ Եվրոպայում նայեք ինչքան լավ է, Ռուսաստանում ինչքան լավ է, արդեն ակամայից խոստովանում ես, որ  չես սիրում Հայրենիքդ, մենք պետք է սարքենք լավը, իսկ լավը սարքելու համար պետք է լինես հայրենասեր։ Իսկ մենակ զենքով գնալ կռիվ անելը չէ Հայրենասիրությունը,  բազմաթիվ դրսևորումներ ունի, օրինակ օրինապաշտ քաղաքացի լինես, բնությունդ մաքուր պահես, որ ազնիվ լինես մարդկանց, շրջապատի, Հայրենիքիդ նկատմամբ, ընդհամենը դա։ 

  Չգիտեմ ինչի է այսպես ստացվել, ես միշտ մեղադրում եմ սովետական կարգերին, մեր ազգը այլ կերպ է մոտիկանում, ընկալում Հայաստանը, Հայրենիքը։

  Դրսում ապրողները Հայստանը որպես գերեզմանատուն են դիտարկում կամ ծերանոց, խորը ծերության ժամանակ վերադառնալ ապրել կամ մահացած են բերում թաղելու։ Իսկ այստեղի ապրողներն էլ մենակ մտածում են այստեղից գնալու, բանակից գա տղես՝ գնամ, երեխաներիս ամուսնացնեմ՝ գնամ։ Չէ, մենք պետք է Հայրենիքը լավը դարձնենք և փոխանցնենք սերունդներին։ Մեր սերունդները հպարտանան մեզնով, ինչպես Մենք հիմա Տիգրան Մեծով, ասեն որ մեր նախնիները հող ազատագրեցին հիմա էլ մենք ավելացնում ենք Հայրենիքի փառքը։

 

 

Թոնդրակ․am, Գոռ Ղազարյան

Հավանեցի՞ք նյութը։