Ժյուլ Վեռնը արկածասեր մարդկանց ամենասիրելը գրողներից է։ Հավանաբար կարդացել եք նրա հրաշալի ստեղծագործությունները․ «Աշխարհի շուրջը 80 օրում», «Խորհրդավոր կղզին», «Նավապետ Գրանտի որդիները»․․․․, իսկ եթե ոչ, ապա դեռ ժամանակ ունեք։
Ժյուլ Վեռն
ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող Ժյուլ Վեռնը համարվում է արկածային գրականության դասական և գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը։
Ծնվել է 1828թ․ փետրվարի 8-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում։
Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թվականին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» և ստացավ մեծ արձագանք։
Աշխատելով որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու՝ Վեռնը ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ:
Արտասովոր ճանապարհորդություններ
1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝ «Հինգ շաբաթ օդապարիկով»․
Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝
- «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը»,
- «Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները»,
- «Երկրից դեպի լուսին»,
- «Նավապետ Գրանտի որդիները»,
- «Լուսնի շուրջը»,
- «Քսան հազար լյո ջրի տակ»,
- «Աշխարհի շուրջը 80 օրում»,
- «Խորհրդավոր կղզին»,
- «Միխայիլ Ստրոգով»,
- «Տասնհինգամյա նավապետը»,
- «Ռոբուր նվաճողը»
Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։
Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։
Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները գտել են ոչ միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։
Ժյուլ Վեռնի կանխագուշակությունները
Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ հեռուստատեսության և տիեզերական թռիչքների։
- Էլեկտրական աթոռ
- Ինքնաթիռ
- Ուղղաթիռ
- Սուզանավ
- GPS նավիգացիոն համակարգ
- Թռիչքներ դեպի տիեզերք
Նրա ստեղծագորխությունները ոչ միայն երեխաների այլ նաև արկածասեր մեծահասակների ամենասիրելի գրքերից են, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։