Թոնդրակ.am-ի զրուցակիցը աշխարհահռչակ լուսանկարչուհի Ինգա Ավանեսովան է։
Նրա լուսանկարներում Հայաստանը բացառիկ է, գունագեղ և աստղազարդ։

Ինգան ծնվել է Երևանում, սակայն ընդհամենը 3-րդ դասարան էր, երբ ծնողները որոշեցին տեղափոխվել Մոսկվա։
Մոսկվայում ավարտել է դպրոցը, ապա տեղափոխվել Միացյալ Նահանգներ։
Այնտեղ ապրել է 7 տարի, ձեռք բերել գրաֆիկ դիզայների մասնագիտություն, աշխատել որպես վեբ ծրագրավորող։
«Հենց այնտեղ առաջին լուսանկարչական սարքը գնեցի, սկսեցի սիրողական նկարել` քաղաքներ, բնություն։
Առաջին անգամ զգացի, որ ինձ մոտ ստացվում է պրոֆեսիոնալ լուսանկարներ անել, երբ տեղադրեցի համացանցում և ստացա շատ մեծ արձագանքներ»։

Ինգան եղել է շատ քաղաքներում, լուսանկարել Նյու Յորքը, Ամստերդամը, Փարիզը, Պրահան, Հռոմը, Մոսկվան, Լոնդոնը,Դուբայը։
Ստեղծել կարիերա, հավաքել հետևորդների հոծ բազմություն, սակայն ի վերջո որոշել վերադառնալ Հայրենի Երկիր` Հայաստան։
«Որոշեցի, որ չեմ ուզում ոչ մի տեղ ապրել, բացի Հայաստանից:
2011թ. վերջնական վերադարձա Հայաստան»։
Ինգան լուսանկարչություն սովորել է ինքնուրույն, մեծամասամբ համացանցային տեսանյութերի շնորհիվ։ Հայաստանում նրա եկամուտի հիմնական աղբյուրը լուսանկարչությունն է։ Նկարում է միջոցառումներ, վաճառում իր լուսանկարները։ Նրա գիշերային Հայաստանի լուսանկարները շատ մեծ պահանջարկ ունեն Հայաստանից դուրս, հատկապես մեծամասշտաբ տպագրության համար։

«Իմ սիրած ժանրերը երկուսն են՝ բնական աստղալուսանկարչությունը և ֆենթազի ժանրը։
Առաջինը ներկայացնում է բնությունը՝ մայրամուտ, արևածագ։ Լուսանկարելու համար երբեմն նախապատրաստվում եմ շաբաթներով՝ ընտրելով տեղը, ժամը, եղանակը, լուսնի դիրքը։ Շատ վայրեր դժվարամատչելի են։ Եղել են դեպքեր, որ գիշերել ենք սարերում, սպասել արևածագին։ Հատկապես բարդ է գիշերային նկարներ ստանալը, պետք է լավ հաշվարկես, թե որ կողմից և երբ կբարձրանա Ծիր Կաթինը»։
Հայրենդարձ լուսանկարչուհին հատուկ սարքի միջոցով նկարում է նաև տիեզերքի «խորքային տարածությունը», որը հնարավորություն է տալիս հետևել մոլորակների շարժին և ստանալ անհավատալի լուսանկարներ։

«Ծիր Կաթինը ինձ համար ֆանտաստիկ տեսարան է։ Կարծես մի այլ` հեքիաթային աշխարհում լինես, երբ նկարում ես գալակտիկաներ, որոնք գտնվում են երկրագնդից մի քանի միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Մեծ բավականություն է զգալ, որ մարդկանց հնարավորություն ես տալիս տեսնել աստղերի անծայրածիր և հրաշագեղ աշխարհը, ինչը նրանք անզեն աչքով չեն կարողանա տեսնել»։
-Ասում են` Հյաստանի երկնքում աստղերը ամենապայծառն են փայլում։
Համակարծի՞ք եք։
-Հայաստանը ծովի մակերևույթից բավականին մեծ բարձրության վրա է գտնվում, այստեղից աստղերը լավ են երևում։ Որպես աստղալուսանկարիչ` պետք է խոստովանեմ, որ իմ ամենահաջողված աստղալուսանկարները արվել են Հայաստանում:

Աստղագիտություն սովորել է ինքնուրույն, սակայն ամեն անգամ, երբ նոր համաստեղություն կամ աստղ է նկարում, ավելի է հարստացնում իր աստղագիտության գիտելիքները։
Գեղեցիկ է նրա համար Հայաստանի բնությունը օրվա ցանկացած ժամի, սակայն խոստովանում է՝ Հայաստանի արևածագը անզուգական է։
Առաջիկայում նպատակ է դրել լուսանկարել աստղալից երկինքը Աժդահակ և Արմաղան լեռների գագաթներից, ինչպես նաև նկարահանել կարճամետրաժ ֆիլմ Հայաստանի գիշերային բնության մասին։
-Ինչո՞վ կարող են ձեզ օգնել մարդիկ կամ պետությունը։
-Ես շատ ուրախ կլինեմ, որ ինձ նոր և գեղեցիկ վայրեր ցույց տան կամ ուղեկցեն։ Պետությունից կխնդրեի բարեկարգել ճանապարհները։ Որոշ դեպքերում շատ դժվարությամբ ենք տեղ հասնում, իսկ ցուցանակների բացակայությունը ավելի է դժվարացնում։

– Նպաստու՞մ է ձեր գործը Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։
-Կարծում եմ այո։ Տեղադրելով Հայաստանի բնաշխարհը ներկայացնող լուսանկարներ արտասահմանյան խմբերում, որտեղ տարբեր երկրների զբոսաշրջիկներ ցանկանում են նոր վայրեր բացահայտել, շահագրգռում ենք հազարավոր մարդկանց։ Այս տարի մեծաքանակ զբոսաշրջիկներ են եկել Ֆիլանդիայից և այլ երկրերից։
-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը և հայրենասիրությանը:
-Ուղղակի ասել, որ սիրում ես հայրենիքդ, քիչ է, պետք է ինչ-որ բան անել հայրենիքի համար։ Երբ որոշեցի Հայաստան վերադառնալ, արտասահմանցի ընկերներս ասում էին, որ Հայաստանը պատերազմող երկիր է, և այնտեղ գնալը վտանգավոր է։ Պատերազմ յուրաքանչյուր երկրում կարող է սկսվել, սակայն Հայաստանում դու գիտակցում ես` ինչի համար ես պատերազմում, և եթե պիտի զոհվես՝ ապա ինչի համար ես զոհվում։ Ես իհարկե խաղաղության կողմնակից եմ, սակայն համազգային վտանգի ժամանակ խաղաղության մասին խոսելը պարզապես անմտություն է։
-Մեր հայրենական հողերի 90 տոկոսը այսօր թշնամու ձեռքում է, հնարավո՞ր է առանց պատերազմների վերադարձնել դրանք։
-Կարծում եմ այո, դրա համար պետք է հզոր դիվանագիտություն ունենալ։ Պետք է այնպիսի երկիր ունենալ, որտեղ ազգը և իշխանությունը կգործեն միասնաբար՝ Հանուն հայրենիքի։ Այդ ժամանակ աշխարհի տերությունները հաշվի կնստեն մեզ հետ։
-Վերջերս եղել եք Նեմրութում, որտեղ գտնվում է հայոց դիցերի նստավայրը։
Ի՞նչ զգացողություններ էին։
-Նեմրութում աննկարագրելի էներգետիկա կա։ Մեր դիցերի կողքին գտնվելով, զգում էս նախաքրիստոնեական Հայաստանի ուժը, հզորությունը։ Նեմրութում Հայոց դիցերի զորությունն է, նախնիների մեծությունը և աշխարհակալությունը։
Երբ գտնվում էի Հռոմում, Կորիզեումում տեսա Հռոմեական դարաշրջանի քարտեզներ։ Մեծ էր իմ ոգևորությունը, երբ քարտեզներում հրաշալի երևում էր նախաքրիստոնեական Հայաստանը՝ մեծ ու լուսավոր։
-Իսկ ի՞նչ կասեք եկեղեցիների մասին։
-Եկեղեցիներում զգացել եմ լքվածություն և դատարկություն։ Եթե երկիրը գտնվում է պատերազմի մեջ, ապա անընդունելի է գումարներ ներդնել եկեղեցիներ կառուցելու գործում։ Հայաստանը շրջապատված է ագրեսիվ պետություններով, իսկ մեր ապահովության լավագույն գրավականը ուժեղ բանակ ունենալն է։
-Ո՞րն է Ձեր ամենահաջողված լուսանկարը։
-Կարծում եմ «Հին ավտոբուս» լուսանկարը՝ Արագածի ճանապարհին, այն ինձ շատ է դուր գալիս, ես կարծես կենդանություն տվեցի այդ լքված առարկային, որը մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում։

-Մի հարց, որը կարծում եմ շատերին կհետաքրքրի․ Ի՞նչ ֆոտոխցիկով եք նկարում։
Եվ արդյո՞ք ունեք երազանքի ֆոտոխցիկ։
-Երկար ժամանակ նկարել եմ Nikon D610-ով, այժմ նկարում եմ Nikon D450-ով։
Կարծում եմ ֆոտոխցիկը այդքան մեծ դեր չունի, ինչքան լուսանկարիչը։ Կարևոր է զգալ լույսը և ճիշտ ընտրել դրվագը։ Երազանքի ֆոտոխցիկ չունեմ, հավանաբար առաջիկայում կունենամ։
-Հայաստանը աստղագիտության հայրենիք․ Ի՞նչ կասեք սրա մասին։
-Մեր նախնիները շատ բան են իմացել աստղերի մասին։ Դեռևս լիարժեք չեմ ուսումնասիրել, սակայն արդեն իսկ հասցրել եմ զարմանալ և հիանալ նրանց խորը իմաստությամբ։
Հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը շատ մեծ ներդրում ունի աշխարհի աստղագիտության մեջ։ Ժամանակին Բյուրականում էր Եվրոպայի ամենամեծ աստղադիտակը, որը աշխատում է մինչ օրս։ Սակայն Հայաստանում այս ոլորտը քիչ է ֆինանսավորվում։ Հուսով եմ, որ Հայաստանը առաջիկայում կունենա գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աստղադիտարան և Հայաստանում կլինեն աստղագիտական նոր բացահայտումներ, գուցե նաև հեղաշրջումներ։ Իսկ մենք՝ աստղալուսանկարիչներս, լուսանկարելու հարուստ նյութ կունենանք։