Ողջույն, ես Լյուսին եմ:
Արդեն 3 տարուց ավել է նախընտրում եմ առողջ ապրելակերպ վարել:
Իսկ ի՞նչ է նշանակում առողջ ապրելակերպ:
Ամեն առավոտ շուտ արթնանալ և գնալ վազելու՞: Ո՛Չ:
Սնվել միայն աղցաններո՞վ: Ո՛Չ:
Սննդակարգից բացառել մի շարք մթերքնե՞ր: Ո՛Չ:
Այդ դեպքում ի՞նչ է դա:
Նախ մինչև դրա մասին խոսելը նշեմ, որ կցանկանայի ասել, թե շատ հեշտ է առողջին անցնելը, ոչ մի ջանք չի պահանջվում, շատ արագ կարող եք հասնել այդ գաղափարախոսությանը, բայց ցավոք դրա դեպքում ևս գործում է ՈՉ-ը:
Ապրելակերպում արմատական փոփոխություններ անելը ջանքեր ու նվիրվածություն է պահանջելու, բայց արդյունքում դուք կստանաք ավելին՝ լավ ինքնազգացողություն, բարձրացած աշխատունակություն, անսպառ դրական էներգիա և իհարկե, ինչն ամենակարևորն է՝ ամուր առողջություն:
Եվ հիմա անցնենք բուն թեմային:
Նախ առողջն ընտրելը պետք է լինի ձեր ցանկությունը, այլ ոչ կողքից պարտադրվածը:
Նմանատիպ ապրելակերպի համար դոգմաներ չկան, յուրաքանչյուրն ինքն է ստեղծում առողջի մասին սեփական պատկերացումները, ինքն է ընտրում, թե օրինակ ինչպես ապահովի ակտիվությունը. մեկը մարզասրահ է հաճախում, մյուսը շատ զբոսնում, մեկ այլ մարդ լեռնագնացությամբ զբաղվում:
Տարբերակները շատ են, վերջնարդյունքը մեկը՝ ֆիզիկական ակտիվության հետևանքով առաջացած լավ տրամադրություն, ինքնազգացողություն:
Սննդակարգը ևս դոգմատիկ չէ, այստեղ դժվարություններ են առաջանում անառողջից հրաժարվելու ժամանակ:
Թե որն է անառողջը ինքներդ էլ գրեթե ամեն օր լսում եք՝ արագ սնունդ, շաքար, խորը տապակա, խմորեղեն..
Այստեղ ավելի մեծ ուշադրությւոն ցանկանում եմ դարձնենք ոչ միայն սննդի որակի,այլ նաև դրա քանակի վրա:
Արդյո՞ք պետք է ի սպառ հրաժարվել այդ մթերքներից: Իհարկե ոչ, բոլորս էլ մարդ ենք և անհնար ու անհետաքրքիր կլինի կյանքն ապրել իդեալական: Իսկ այ սահմանափակել ՝հաստատ արժի:
Կարևոր է,որպեսզի ուշադրություն դարձնեք մթերքների սննդարարությանը, չզլանաք կարդալ բաղադրությունը, տարբերակել սնունդը ըստ օգտակարության,այլ ոչ՝ կալորիաների:
Ինչպես և կյանքի բոլոր ոլորտներում,այստեղ ևս խիստ կարևոր է գրագետ մոտեցում ցուցաբերելը:
Ինքս երբ սկսեցի առողջ ապրելակերպի ճանապարհը՝ առաջին քայլով սոցցանցերում գտա ու սկսեցի հետևել ճշգրիտ ինֆորմացիայի աղբյուրների, սկսեցի շատ հարցնել, շատ կարդալ, սննդակարգիցս որևէ մթերք հանելիս, փոխարինելիս կամ ավելացնելիս առաջինը վստահեցի սեփական նախասիրություններիս:
Ի դեպ պետք է ընդգծեմ,որ չափի մեջ ասվածը նաև առողջ ընտրություններին է վերաբերվում:
Օրինակ՝ ընդեղենը շատ օգտակար և առողջարար է, բայց դա չի նշանակում, որ կարող ենք օրվա մեջ սնվել միայն ընդեղենով կամ այնքան շատ ուտել մինչև որովայնում ցավեր առաջանան:
Կարևոր է, որ սնունդը լինի բազմազան ու բալանսավորված՝ պարունակի մեզ անհրաժեշտ բոլոր տարրերը:
Էքսպերիմենտներ անելը ամենահավես պահերից է, այդպես ինքդ քեզ ես սկսում ավելի լավ ճանաչել, սնվելու նոր մշակույթ ես ձևավորում, հետևում ես քո ինքնազգացողությանը ամեն բաղադրիչը օգտագործելուց հետո:
Որպես ապագա բժիշկ ցանկանում եմ խիստ ընդգծել, որ հենց այսօրվանից մանր քայլերով փոփոխությւոններ անելը, առողջությունը պահպանելը ավելի հեշտ է ու հաճելի, քան հետագայում անառողջ ապրելակերպի հետևանքով առաջացած առողջական խնդիրները լուծելը:
Առողջ եղեք, ինքներդ ձեզ սիրեք ու գնահատեք, հենց այսօր, հենց հիմա մի լավ բան արեք ձեր օրգանիզմի համար:
Հետևե՛ք ինձ ինստագրամում ՝ healty_with_lucy
Լյուսի Հովակիմյան, ԵՊԲՀ ուսանող, Ֆիթնեսի հրահանգիչ