Օձաբերդի պեղումների ֆանտաստիկ արդյունքները

Օձաբերդի պեղումների ֆանտաստիկ արդյունքները

Օձաբերդի պեղումնավայր

 

 

Օձաբերդը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև՝ Սևանա լճի հարավային ափին։ Այստեղ 1934 թվականին ստուգողական պեղումներ է կատարել հայտնի հնագետ Բորիս Պիատրովսկին, այնուհետև, միայն 2014 թվականին հնագիտական պեղումները կրկին վերսկսվեցին։

 

Թոնդրակ.am-ի զրուցակիցը Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեքնածու Միքայել Բադալյանն է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը։

 

«Հնավայրը բաղկացած է միջնաբերդից, ամրոցից և արտաքին բնակավայրից։ Վերջինիս կառույցները հայտնաբերվեց մեր պեղումների ժամանակ։ Այստեղ գլխավորապես ունենք երկու տիպի ճարտարապետություն․ Մեկը՝ կիկլոպյան և կիսակիկլոպյան շարվածքով, մյուսը շատ նման է ուրարտական ճարտարապետական ավանդույթներով կառուցված շինություններին: Հնավայրում մեր ամենանշանավոր ձեռքբերումներից էր միջնաբերդի պատերին կից թեքահարթակի գոյության փաստումը: Նման թեքահարթակները հատկապես բնորոշ են  խեթական ճարտարապետությանը։ 30 աստիճան թեքահարթակը զգալիորեն բարձրացնում է միջնաբերդի պաշտպանվածությունը և տալիս էսթետիկ տեսք»։

 

Արտաքին բնակավայրի պարիսպ

 

Հայկական լեռնաշխարհում Օձաբերդի թեքահարթակը մինչև այժմ հայտնաբերվածներից 3-րդն է և ըստ երևույթին, ամենատպավորիչը։

Օձաբերդի մի քարաժայռի ճակատին գտնվում է ուրարտական սեպագիր արձանագրություն, որից պարզ է դարձել, որ Ռուսա Ա արքան նվաճել է Սևանի ավազանի մի շարք երկրներ, 23 արքայի մեկ տարում հպատակեցրել, կառուցել վերոնշյալ ամրոցը և հաստատել «Թեյշեբաիյի քաղաք» անունը` «Բիայնիլիի զորությունը թշնամիների մեջ ամրապնդելու համար»:

 

       Պատը Աղյուսի վրա

 

Արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը նշեց, որ տարածքում կան տարբեր ժամանակաշրջանի շերտեր․ Մոտակայքում կան նախաուրարտական շրջանի դամբարաններ, մոտակա քարանձավից հայտնաբերվել է հելլենիստական շրջանի խեցեղեն․

 

Օձաբերդը հարավ-արևմուտքից

 

«Միջնաբերդը երկու մուտք է ունեցել։ Ամրոցի տարածքում բացված, 2 մետրոնոց բարձրությամբ պատերով տնտեսական նշանակության կառույցներից հայտնաբերել ենք իլիկի գլուխներ, սափոր, ենթադրում ենք, որ ամրոցի կառույցներից մեկը որպես ախոռ է ծառայել, քանզի այն իր կառուցվածքով շատ նման է այժմ էլ շատ գյուղերում առկա ախոռներին: Բացի այդ, այնտեղից գտանք բազմաթիվ գարու ածխացած հատիկներ և կենդանական ոսկորներ։ Արտաքին բնակավայրում հետուրարտական ժամանակաշարջանի պարսպաշարին կից բացվել են խմբային և կարասային թաղումներ։ Այժմ միջնաբերդի հյուսիսային պատին և հյուսիս-արևելյան ամրոցին կից թեքահարթակի վերնամասում դրել ենք մի ստուգողական փոսորակ, որպեսզի փորձենք հասկանալ թեքահարթակի և պարսպաշարի շերտագրական և ժամանակագրական հարաբերակցությունը և պարզենք, թե երբ է կառուցվել միջնաբերդը: Արդեն իսկ նախնական արդյունքները ֆանտաստիկ են: Ըստ երևույթին ունենք պատ, որը կառուցված է ավելի վաղ փուլի աղյուսաշարի վրա: Այստեղ դեռ աշխատանքները շարունակվում են»։

 

Օձաբերդի պեղումնավայր

 

Օձաբերդը հրաշագեղ վայրում է կառուցված․ Մի կողմից կապուտաչյա Սևանը, մյուս կողմից Վարդենիսի գեղատեսիլ լեռները, որոնց լանջերից բխող սառնորակ աղբյուրները հավանաբար ջուր են մատակարարել հայոց հինավուրց ամրոցին։ Վանի թագավորության Թեյշեբա ռազմի և տարերքի դիցին նվիրված այս ամրոցը ներկայումս ունի զբոսաշրջիկներին գրավելու մեծ պոտենցյալ․ Սակայն կան նաև խանգարող հանգամանքներ․ Պետք է բարեկարգվի ճանապարհը, տեղադրվեն ցուցանակներ, ճիշտ գովազդվի հուշարձանը։ Բացի այդ գանձեր գտնելու մոլոցքով տառապող անձիք անհարկի քանդում են հնավայրը՝ վնասելով այն։

 

Օձաբերդի սեպագիր արձանագրությունը

 

«Այստեղ շատ բան պետք է անեն տեղացիները։ Նրանք պետք է գիտակցեն, որ Օձաբերդը բոլոր նախադրյալները ունի Հայաստանի տուրիստական մեծ կենտրոններից մեկը դառնալու, որը շահութաբեր կլինի նաև տեղացիների համար»։

 

Կարասային թաղում

 

 

Պեղումների արդյունքում բավականաչափ նյութ է հայտնաբերվել․

«Հնագիտության մեջ չափազանց կարևոր է պեղումներից զատ, հավաքված նյութը հանրությանը և գիտական աշխարհին ներկայացնելը։ Հնարավոր ամեն բան անելու ենք  6 տարվա պեղումների արդյունքները մենագրության տեսքով հրապարակելու համար։ Հոդվածներ տպվել են Օձաբերդի մասին, սակայն ժամանակն է մենագրության, որին կմասնակցեն պեղումներին մասնակցող ամբողջ անձնակազմը»։

 

Արծվանիստ գյուղի համայնապատկերը Օձաբերդից

 

Թոնդրակ.am, Գոռ Ղազարյան