Ուխտագնացություն Նժդեհի մոր գերեզմանին, Հաղարծին, Պարզ լիճ

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:
Գ. Նժդեհ

Հայոց պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ֊իմաստասեր, ազգային գաղափարախոս և ԼեռնաՀայաստանի ցեղահաղորդ սպարապետ Գարեգին Նժդեհի մայրը՝ Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյան(Տեր֊Հարությունյան), ծնվել է 1855 թվականին՝
Նախիջևանի Կզնուտ գյուղում՝ դարբին Գյուլնազարի ընտանիքում ու եղել նրա 7 դուստրերից մեկը։ Գյուղացիները Տիրուհուն երբեմն կոչում էին Խաթայի։
Ամուսնացել է նույն գյուղի՝ Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեի հետ։
Նրանց ամուսնությունից ծնվում են 4 երեխա. 2 դուստրերը՝ Անիկն ու Ցոլինեն, և 2 որդի՝ Լևոնն ու Գարեգինը։
1888 թվականին մահանում է ընտանիքի հայրը։

Կիսաորբ երեխաներին մեծացնում է մայրը։ Գարեգին Տեր-Հարությունյանին բարձրագույն ռազմական կրթություն օգնում է ստանալ նրա ազգականներից մեկը՝ Ցոլակը, որը այդ ժամանակ ցարական բանակի սպա էր։ Երբ աղջիկներն ամուսնանում են, Տիրուհին ապրում է ավագ որդու՝ Լևոնի հետ, որը Ջուղայում ուսուցիչ էր։
1920-ականներին, երբ Գարեգինը արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 3 տարի անց նրանց թույլատրում են վերադառնալ, բայց Վլադիկավկազ։
1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգա Տեր-Հարությունյանը, գնում է հանգստանալու Դիլիջանում՝ իր հետ տանելով Տիրուհի Գյուլնազարյանին։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է։ Նա մահանում է 1938 թվականի փետրվարի 21-ին։

Այն վայրը, որտեղ ամփոփված է եղել Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը, երկար տարիներ անհայտ է եղել և միայն 2001 թվականին,
Գարեգին Նժդեհի ծննդյան 115֊րդ ամյակին, մի խումբ հայրենասեր մարդկանց ջանքերով հայտնաբերվեց Նժդեհ ծնող մոր գերեզմանը։

2000֊ականներին կազմակերպվել է մեծ ուխտագնացություն դեպի առյուծածին մոր գերեզման։
Սակայն վերջին շրջանում տարբեր պատճառներով համազգային ուխտագնացություններ չեն կազմակերպվում։

Թոնդրակ արշավական ակումբը հետայսու՝ ամեն տարի կազմակերպելու է Մեծ Ուխտագնացություն դեպի հերոս ծնող զորեղ մոր գերեզմանը։

Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ։ Սակայն ինչպես վկայում են «Առյուծածին մայրեր» ու «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է Նժդեհին։

Երևանից մեկնեցինք Դիլիջան, բարձրացանք հին գերեզմանատուն։ Նժդեհի մոր շիրիմին ուխտեցինք հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը։ Ունեցանք գեղարվեստական մաս, հնչեցին ազգագրական, ռազմահայրենասիրական երգեր, ազգային երգ, պար, ասմունք, երաժշտություն…

Այցելեցինք Հաղարծինի գեղատեսիլ վանական համալիր, այնուհետև Պարզ լիճ։

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին՝ https://www.youtube.com/channel/UCa349hxUJ_0Dg_QxK97FJSA