Կանաչ դաշտը․ Հրանտ Մաթևոսյան

Կանաչ դաշտը․ Հրանտ Մաթևոսյան

Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:

Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր:

Հատված Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքից․

Ամբողջությամբ կարդացեք այստեղ՝ Կանաչ դաշտը