Առաքելոց Վանքի կռիվը

Առաքելոց Վանքի կռիվը

«Հայությունը չգիտի իր պատմությունը, ինչպես և չգիտի օգտվել իր պատմությունից, ահա’ իր դժբախտությունը:
Նա ծանոթ չէ իր հերոսական անցյալին, իր հիասքանչ դյուցազնականին, և դրա համար էլ նա հավատում է ամեն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ուժին. դրա համար էլ իր ամբողջության մեջ նա անմարտունակ է և պարտվողական»,-գրում է Գարեգին Նժդեհը:

Եվ այո’, անդրադառնալով պատմությանը` մենք ոգևորված խոսում ենք Սպարտակից, Հանիբալից, Մակեդոնացուց, Բոնապարտից, Սուվորովից` ամենքից և ամեն ինչից, միայն թե ոչ մեզնից ու մեր դյուցազնականից: Իսկ Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք մենք չունենք այդպիսիք: Արդյո՞ք մերը քիչ ավելի հերոսական է:

Բերենք մեկ օրինակ` Առաքելոց վանքի կռիվը, 2 պատճառով, 1. Առաքելոց վանքի կռվում ավելի ցայտուն է արտահայտված ուժերի հարբերակցությունը, 2. Նոյեմբեր ամիսը հոբելյանական է այդ դյուցազնամարտի համար, լրանում է 117-րդ ամյակը: Այս հոդվածում պատմելով Առաքելոց վանքի մասին` մենք նոր բացահայտումներ չենք անելու, պարզապես ներկայացնելու ենք հայ ռազմարվեստի պատմության հանճարեղ գլուխգործոցներից մեկը:

1890-ական թթ. վերջերից արևմտահայության մոտ ստեղծվել էր ընդհանուր հուսահատական վիճակ: Նման իրադրությունում թերահավատություն էր առաջացել հայդուկային պայքարի միջոցով հաջողությունների հասնելու նկատմամբ:
Ընդհանուր ապստամբության կազմակերպման կողմնակիցները աշխատանք էին տանում ժողովրդին վճռական ելույթի պատրաստելու համար, իսկ հայդուկային պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկը, Գևորգ Չավուշն ու նրանց համախոհները փորձում էին պարտիզանական և վրեժխնդրական ձեռնարկներով կանխել բռնությունները, ոգևորել ժողովրդին: Արդյունքում` որոշակի վերելք ապրեց հայդուկային պայքարը, այս շրջանում հատկանշական է Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի ահաբեկումը, որը բարձրացրեց Անդրանիկի և մյուս հայդուկների հեղինակությունը, սակայն հայդուկային շարժման ամենանշանավոր դրվագը այս շրջանում Առաքելոց վանքի կռիվն էր:
Առաքելոց վանքը գտնվում է Մուշ գավառից 5 կմ հարավ-արևելք` Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, կան վկայություններ, որ այն կառուցել է Գրիգոր Լուսավորիչը: Դատելով մի շարք հանգամանքներից, նաև աշխարհագրական դիրքից չի բացառվում, որ այն կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, հավանաբար Վահագնին նվիրված: Նախ և առաջ «Լուսավորչի» կառուցած վկայարանները հիմնականում կառուցված են եղել հեթանոսական մեհյանների տեղերում, շատ անգամ պարզապես երկթեք տանիքին խաչ կանգնեցնելով վերածել են եկեղեցու, և հետո Մշո դաշտը(Տարոն գավառը) հայտնի է եղել հատկապես Վահագնի ու Աստղիկի պաշտամունքով, Մշո Սբ Կարապետ վանքը արդեն փաստ է,որ կառուցվել է Վահագնի տաճարի տեղում:

Կան տեղեկություններ նաև, որ Առաքելոց վանքի խաչքարերի տակ հանգչում են Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Դավիթ Անհաղթի և Ասողիկի աճյունները: XIV դարի վերջին վանքը խիստ ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ XV– XVI դարերում դարձել է գրչության նշանավոր և գործուն կենտրոն։ 1614թ. վանքը վերստին նորոգվել է, իսկ 1663թ. վերակառուցվել է գլխավոր եկեղեցու գմբեթը։ Համալիրի շենքերն ավերվել են 1895 թ.-ին և Մեծ Եղեռնի ժամանակ։ Եվ այս հոգևոր-մշակութային սրբավայրը Անդրանիկի շնորհիվ պիտի դառնար սխրանքի, անձնազոհության և հայրենապաշտության խորհրդանիշ:

«Ամէն կողմերէ փակուած էին մեր անցքերը։ Արգելքի եւ դժուարութեանց կը մատնուէին մեր բոլոր ձեռնարկները։ Ժողովուրդը կը հիւծէր ցաւի ծանրութեան տակ եւ մենք մեր ձեռնարկները չէինք կրնար գործադրել, ուստի խորհեցայ ցոյց մը կատարել Թուրք կառավարութեան ուշադրութիւնը մեր վրայ հրաւիրելով։ Պէտք էր կռուիլ եւ արիւնը արիւնով փակել։ Պէտք էր սարսափի մատնել Թուրքն ու Քիւրտը իրենց որջերուն մէջ իսկ, հանգիստի խաղաղիկ պահ մը տալով Հայ ժողովուրդին։
Բաց դաշտի մը վրայ կամ սարալանջի մը վերեւ մղուած կռիւը ուշադրութեան առարկայ պիտի չըլլար ցնցելու Թուրք, Քիւրտ ժողովուրդները բարձրագոյն մարմիններու հետ, պէտք էր կեդրոնանալ ուշագրաւ վայրի մը մէջ եւ հոն հրաւիրել Թուրք զինուորն ու Քիւրտը։
Սբ. Առաքելոց վանքը՝ որուն Թարգմանչաց Վանք ալ կ’ըսուէր, յարմարագոյնն էր։ Մտքիս մէջ այս որոշումը տալէ վերջ պարզեցի իմ բոլոր տեսութիւններս։ Բոլոր դժուարութիւնները աչքի առջեւ ունենալով հանդերձ տղայքը ուրախութեամբ ընդունեցին իմ առաջարկս կռուիլ՝ Հայ ժողովուրդին բարօրութեան համար՝ դիմագրաւելու համար մահը կամ յաղթանակը»,-հետագայում հիշում է Անդրանիկը:

1901թ. նոյեմբերի 3-ին Անդրանիկը համախոհ հայդուկների հետ միասին մտնում է Առաքելոց վանք: Վանքում գտնվածների քանակի մասին հնչում են տարբեր կարծիքներ: Հետագայում Անդրանիկը վերջ տալու համար այս խառնաշփոթին գրում է. « 30 ընկերներով Առաքելոց Վանքը հասանք։ Մեզի ընկերացան եւ մեր ձայնին պատասխանեցին միմիայն Ցրոնք գիւղէն 8-10 տղաքներ, միւսները չկրցան միանալ, որովհետեւ վանքը պաշարուած էր թուրք զինուորներէն»:
Վանք մտնելուց հետո ֆիդայիները ամրացնում են պարիսպները, դիրքավորվում և սպասում թշնամուն: «Մեր ունեցած կանոնաւոր զէնքերը միայն 87 հատ էին։ Այս զէնքերով էր որ պիտի կռուէինք թուրք արդիական բազմաթիւ հրացաններուն եւ թնդանօթներուն դէմ։ Ձեղին չարչարանքը եւ գործադրուած անարդարութիւնները մեր մէջ վրէժը լեռնացուցած էին այլեւս արիւնը արիւնով ներկելու եւ արցունքը արցունքով ծածկելու համար…Այդ տարին տակաւին մենք ռուսական մօսին չունէինք, 1877-ին գործածուած ռուսական պէրտանգանիներ էին մեր զինուորներուն ձեռքը գտնուածները, միակ իմս մօսին մաւզէր էր»:

 

1901թ. նոյեմբերի 3-ին Անդրանիկը համախոհ հայդուկների հետ միասին մտնում է Առաքելոց վանք: Վանքում գտնվածների քանակի մասին հնչում են տարբեր կարծիքներ: Հետագայում Անդրանիկը վերջ տալու համար այս խառնաշփոթին գրում է. « 30 ընկերներով Առաքելոց Վանքը հասանք։ Մեզի ընկերացան եւ մեր ձայնին պատասխանեցին միմիայն Ցրոնք գիւղէն 8-10 տղաքներ, միւսները չկրցան միանալ, որովհետեւ վանքը պաշարուած էր թուրք զինուորներէն»: Վանք մտնելուց հետո ֆիդայիները ամրացնում են պարիսպները, դիրքավորվում և սպասում թշնամուն: «Մեր ունեցած կանոնաւոր զէնքերը միայն 87 հատ էին։ Այս զէնքերով էր որ պիտի կռուէինք թուրք արդիական բազմաթիւ հրացաններուն եւ թնդանօթներուն դէմ։ Ձեղին չարչարանքը եւ գործադրուած անարդարութիւնները մեր մէջ վրէժը լեռնացուցած էին այլեւս արիւնը արիւնով ներկելու եւ արցունքը արցունքով ծածկելու համար…Այդ տարին տակաւին մենք ռուսական մօսին չունէինք, 1877-ին գործածուած ռուսական պէրտանգանիներ էին մեր զինուորներուն ձեռքը գտնուածները, միակ իմս մօսին մաւզէր էր»: 1901թ. նոյեմբերի 7-ին շուրջ 2 000 թուրք զինվորներ մոտենում են վանքին, պաշարողական գործողությունները ղեկավարում էին Ֆերիկ և Ալի փաշաները: Հաջորդ օրը հայդուկներին հաջողվում է հակահարված տալ նրանց, որոնք ստիպված էին նահանջել: Թուրքական զորագունդը համալրվում է նոր ուժերով, որի թիվը հասնում է վեց հազարի: Նոյեմբերի 12-ին թուքերը ամբողջությամբ շրջապատում են Առաքելոց վանքը: Վորոշում է կայացվում երկարատև շրջափակման համար ձմեռել վանքի պարիսպների մոտ: Թուրք զինվորները շրջակա գյուղերից բռնի հարյուրավոր լծկան եզներ են քշում, որնց միջոցով պետք է խրամատներ կառուցեին: Օսմանյան ուժերը պատրաստվում էին դիրքային երկարատև պատերազմի: Եղանակային պայմանները չափազանց վատն էին, անընդհատ ձյուն էր տեղում, իսկ դադարներին վանքը շրջապատվում էր անթափանց մշուշով: Հենց այդ մշուշից օգտվելով թուրք զինվորները կարողանում են մոտենալ վանքին, և անցք փորելով պարսպի մեջ` ներս մտնել: Սակայն հայդուկները, ժամանակին նկատելով այդ, կարողանում են դուրս վռնդել: Նմանատիպ գրոհները շարունակվում են մինչև նոյեմբերի 16-ը: Հայդուկները հաջողությամբ հետ են շպրտում:

«Պէտք էր հսկել վանքի պարիսպին, պէտք էր հսկել թշնամիին անցուդարձերը, պէտք էր հսկել եւ քաջալերել մեր դիրքերուն մէջ նստած տղայքները, իրեց այս յանդուգն ձեռնարկին համար,պէտք էր իմանալ թշնամիին ուժեղ ճակատը եւ հոն շարել վարպետ եւ ճարտար զարնող տղայքները թշնամին վհատութեան, յուսալքումի եւ պարտութեան մատնելու համար։ Վեց հազար զինուորներ ամէն դիրքերու վրայ ուժեղցած իրենց ափին մէջ առած կը կարծէին մեզ։ Անոնք վստահ էին թէ այսօր կամ վաղը պիտի կրնան ձեռք ձգել մեզ ալ ու ձողերու վրայ անցուցած մեր գլուխները ցոյցի պիտի դնեն Մուշի եւ Պիթլիսի հրապարակներուն վրայ, իրենց կուրծքերը պատուանշաններով զարդարելու եւ նոր դիրքերու արժանանալու»։

Նոյեմբերի 17-ին թուրքերը նախահարձակ են լինում:

«Այսօրուան կռիւը ահաւոր եւ անբաղդատելի էր նախորդ կռիւներուն հետ։ Թուրք զինուորներն ու զօրականները իրենց պաշտօնատարներուն հետ զայրացած էին մեր կորովի եւ յանդուգն կեցուածքին համար։ Իրենց բոլոր երազները եւ ակնկալութիւնները չքացած եւ փճացած էին, ուստի իրենց ատելութեան մէջ մոլեգին, սկսան կրակ տեղալ անվերջ եւ անընդհատ, վայրկեան մը իսկ դադար չկար։ Վեց հազար հրացաններ ամէն կէտերէ ահաւոր ձայներով կուգային կը զարնուէին վանքի պարիսպին եւ գմբէթին, իրենց պատասխան ընդունելով միմիայն քանի մը հրացաններու համրուած փամփուշտները: Ոչ թրքական հրացանները, ոչ ցուրտն ու քամին կրնային սարսափեցնել եւ մարել կրակը մեր սրտէն, երբ դեռ երէկ արցունքի եւ վրէժի հետ սիրելի Ղազարը դաղեցինք։ Պէտք էր սպաննե՜լ, սպաննե՜լ շարունակ լուծելու համար վրէժը ամէն անոնց որոնք ինկած էին։ Տարափի պէս տեղացող հազարաւոր գնդակները կը սուլէի՜ն, կ’անցնէի՜ն մեր գլխուն քովէն, մեր ոտքերուն առջեւէն, բայց վանքը հոն էր տիրական եւ հզօր։ Մենք երբեք չթերացանք, երբեք չընկճուեցանք, այլ մեր խիզախ կեցուածքով թշնամիին թուլցած եւ վհատած բազուկներուն յուսալքում պատճառեցինք զոհեր խլելով»։

Թուրքերը անելանելի դրության մեջ էին, հսկայական կանոնավոր զորագունդը չէր կարողանում հաղթել մի բուռ հայդուկների, քանզի զարթնել էր նրանց մեջ հայկյան ոգին արիական: Թուքերը ստորացած էին: Փորձում են զինադադարի առաջարկ անել: Սակայն Անդրանիկի առաջադրած պայմանները մերժվում է: Նոյեմբերի 19-ին վերսկսվում են ռազմական գործողությունները: Հայդուկները ամեն կերպ դիմադրում են: Պատերից դուրս նրանց մասին արդեն երգեր էին երգում և լեգենդներ պատմում: Թշնամին հուսալքվել էր` որդեգրել պարտվածի հոգեբանություն: Ուստի դիմում է խաբեությունների և դիվանագիտական խաղերի: Նոյեմբերի 22-ին թուրքական պատվիրակությունը մոտենում է վանքին: Վերջիններիս ընդունելու համար Անդրանիկը վանքի հյուրանոցում հրամայում է դնել մի սեղան և չորս աթոռ: Այնուհետև նույն սենյակում դրվում է վանքի մոմերի 40 արկղեր, որոնց վրա էլ փամփուշտների արկղերը բաց վիճակում: Այս քայլով Զորավարը թշնամուն ցանկանում էր հասկացնել, որ հայդուկները դեռ զինամթերքի մեծ պաշար ունեն և պատրաստեն երկարատև պաշարման ու պայքարի: Բանակցությունների ընթացքում Անդրանիկը մերժում է բոլոր առաջարկները և հաղորդում իր պայմանները: «Մուղտատ էֆէնտին դողդոջուն ձեռքով մատիտ մը բռնած սկսաւ նօթագրել կտոր մը թղթի վրայ ինչ որ ըսի։ Մեր պահանջները հետեւեալներն էին։ 1.- Պօլիսէն մինչեւ հոս քաղաքական բոլոր հայ յանցաւորներու ներում։ 2. – Իւրաքանչիւր գիւղէ հաւաքուելիք տասանորդը պէտք է գիւղացին ինք հաւաքէ եւ յանձնէ կառավարութեան՝ իրեն հետ ունենալով բարեխիղճ պաշտօնեայ մը միայն։ 3.- Այն Քիւրտերը որոնք միշտ յարձակում գործեր են հայ գիւղերուն վրայ, զինաթափ ընել ել կամ պաշտպանել այդ գիւղերը։ 4. – Այն բոլոր հայ գիւղերը որոնք գրաւուած են Քիւրտերէն, վերադարձուին Հայերուն։ 5. – Այն բոլոր քիւրտ ցեղապետները որոնք կառավարութեան հետ հայ գիւղերէն տուրք կ’առնեն, անոնց ջնջումը։ Կառավարութեան մէջ կառավարութիւն չըլլար»: Անդրանիկը պահանջում է նաև վերացնել կրոնական խտրականությունները, ցրել համիդյան հեծելագնդերը և այլն: Պատվիրակությունը չընդունեց Անդրանիկի պահանջները և ձեռնունայն վերադարձավ Մուշ:

Նոյեմբերի 24-ին թուրքերը նոր հարձակում սկսեցին: Հայդուկները անդրդվելի էին: Թուրկական բանակում մեծանում էր հրամանատարության նկատմամբ դժգոհությունը: Ահավոր ցուրտ եղանակը ավելի էր հուսալքում նրանց, նույնիսկ կաին ցրտահարությունից մահվան դեպքեր: Չնայած ոգևորությանը` իրավիճակը ծանր էր նաև պատերից ներս: Վերջանում էր սնունդն ու ռազմամթերքը, որբերի մեջ բազմաթիվ հիվանդներ կաին: Անդրանիկը մտածում էր պաշարումը ճեղքելու մասին:

«Ռազմանիւթ, օճառ, ծխախոտ հատնելու մօտ էին եւ չկային։ Կը վախնայի թէ նոր զինուորներ ալ հիւանդանան կամ փորհարութեան հիւանդութենէն վարակուին։ Ուստի պէտք էր ճար մը, կերպ մը, ճամբայ մը մտածել դուրս գալու վանքէն։ Քսան օրուան դիմադրութիւնը եթէ զգաստութեան բերած չէր Թուրք կառավարութիւնը՝ Թուրք եւ Քիւրտ ժողովուրդներուն հետ, գէթ չափով մը օգտակար եղած էր Հայ ժողովուրդին համար։ Եթէ քսան օրուան այս անհաւասար դիմադրութիւնը օտար դեսպաններուն ուշադրութիւնը գրաւած չէր, գէթ մտահոգութիւն պատճառած էր Թուրք կառավարութեան նոր պատասխանատուութիւններէ զգուշանալու համար: Գաղտնի կերպով կը լրտեսէի հասկնալու համար զինուորներուս բարոյական կորովն ու քաջութիւնը։ Կը ջանայի կարելի եղած չափով հանգիստ պահել եւ երկար քնացնել։ Չորս խումբերու բաժնուած էինք դիրքերը հսկելու եւ մեր պարտականութիւնները կատարելու։ Երեք ժամ Գէորգ Չաւուշը կը հսկէր, երեք ժամ Վաղարշակը, երեք ժամ Հաճի Յակոբը եւ երեք ժամ ալ ես»։

Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված աննկատ հեռանում են վանքից: Գևորգ Չավուշն ու Հաջի Հակոբը շեղում են թուրքերի ուշադրությունը: Թուրքերը, հանկարծակիի գալով, սկսում են անկանոն կրակ բացել հեռացողների հետևից, որին հետեվում է հայդուկների պատասխան կրակը: Խումբը անհետանում է մթության մեջ: Նրանք հասնում են սասնո սարերը, ապա շարժվում Շեյխնիս գյուղ: Միայն առավոտյան ժամը 6-ին թուք զինվորները համարձակվում են մոտենալ վանքին: Կատատրվածը անտրամաբանելի էր: Գործնականում անհնար էր նման սոսկալի եղանակային պայմաններում ճեղքել թուրքական բազմահազարանոց զորագնդի պաշարումը: Թուրքերը դարձյալ ստրոցված էին: Հաղթանակը միայն հայդուկներինը չէր, հաղթել էր ամբող արևմտահայ բնակչությունը, հաղթել էր ամբող հայ ազգը, քանզի լավագույն հաղթանակը ազգային ազատագրական պայքարի ոգու վերածնունդն է: «Պետք է սրով հասկացնել թուրքին, որ իրավունք չունի ուրիշի սեփականությունը կողոպտելու, մարդկանց և ամբողջ ժողովրդի մը արդար իրավունքները բռնաբարելու»:-Անդրանիկ Օզանյան

Սովորենք պատմությունից…

Գոռ Ղազարյան