Հայկ Ասատրյան

Հայկ Ասատրյան

with No Comments
Երբ ներցեղային բարոյական չկա, ազգի յուրաքանչյուր անդամը մյուսի համար դառնում է հալածիչ, ոսոխ, իսկ ինքը` ազգային ամբողջությունը, անդամալուծվում է: Հավաքականության զգացումի խաթարումը ինքնին բավական է, որ մի ազգ մեռնի, թեկուզ դա չունենա արտաքին թշնամիներ:
Հայկ Ասատրյան

Հայկ Ասատրյան

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա Հայկ Ասատրյանը ծնվել է Ալաշկերտում՝ 1900թ․ փետրվարի 5-ին։

Մասնակցել է 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, այնուհետև բնակություն հաստատել Բուլղարիայում և Ռումինիայում։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով։

Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944 թթ.)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։

Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես եկավ «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թ. Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։

Հայկ Ասատրյանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի արդյունքում հեռացվել է կուսակցությունից (1935 թ.)։

1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և մինչև 1955 թվականը տառապել խորհրդային բանտերում։

Հայկ Ասատրյանի մասին

«13 հունվար 1956-ի երեկոյան փիլիսոփա Դոկտ. Հայկ Ասատրյանը, անկողնուց ելնելով, տաք բաղնիք է առնում ու ապա իր Հեղինե աղջկան կանչելով՝ ասում է նրան.
– Պատրաստ եմ մահը դիմավորելու, բայց չեմ ուզում, որ ինձ մերկացնեն ու լվան:
Մահվան այդ մեկ-երկու ժամերին նա ապրում է իր սիրելի անհետացող ընկերների հետ՝ հարատևորեն հիշելով Ներսես Աստվածատուրյանին ու Զոր. Գարեգին Նժդեհին: Եվ երեք անգամ, երկինք նայելով, ասում է.
– Ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան:
Ու կնքում է իր մահկանացուն սրտի կաթվածով: Այսպես վերջանում է կյանքը ինքնօրինակ, ինքանտիպ, արտակարգ նկարագրի տեր, կարող մտավորական Դոկտ. Հայկ Ասատրյանի, որ միշտ մնաց տոգորուն, ազգային ջերմ զգացումներով»:

Ավո «Հեղափոխական Ալբոմ» 1971

Հրատարակված գրքեր

  • Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին, 1933:
  • Արթացի՛ր, հայ մարդ, Երևան, 1998:
  • Հայաստան: Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում, Ա գիրք, 1942 (Բ գիրքն անտիպ է), վերահրատ՝ 2000:
  • Հայկ Ասատրյան, Հատընտիր։ Երևան, 2004։

Հավանեցի՞ք նյութը։