Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ Սևանի ափին։ Մանկությունս անցել է Արմաղան, Աժդահակ, Սպիտակասար, Աստղոնք, Սևսար, Գնդասար և բազմաթիվ այլ լեռների գագաթներում և ստորոտներում Արգիճի գետի օձագալար ափերին։
Ծառայել եմ ՀՀ ՊՆ Զինված ուժերում։ Վաղ հասակից տարված եմ եղել Հայոց պատմությամբ և հայրենի բնաշխարհով։
Սովորում եմ Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ Թղթակցում եմ «Հանուն Հայրենիքի» ազգային գաղափարախոսական ամսաթերթին և գրում պատմագիտական հոդվածներ։
Զբաղվում եմ բնության և պատմամշակութային հուշակոթողների պահպանությամբ։
«Թոնդրակյանների խրճիթ» բնապահպանական նախագծի համահեղինակն եմ։
Սիրում եմ գիտությունը, արվեստը, մշակույթը և ամբողջ տիեզերքը։
Զբաղվում եմ սպորտով. վազորդ եմ և ժայռամագլցող։
Մի շարք փաստագրական և հայրենաճանաչողական ֆիլմերի հեղինակ եմ։
«Ես Մարդասպան չեմ», «Տիգրան Մեծի հովանավոր Գիսաստղը», «Ճանաչի՛ր Քեզ», «Ցեղաշունչ քանդակագործը․ Կառլեն Նուրիջանյան» և փաստագրական ու հայրենաճանաչողական այլ ֆիլմերի հեղինակ եմ։
«Սովորենք Պատմությունից» նախագծի հեղինակն եմ, որի միջոցով ցանկանում եմ պատմագիտությունը դարձնել կիրառական և ուսուցանող գիտություն բոլոր ժամանակների համար։
Արշավներ կազմակերպել և առաջնորդել եմ 2014 թվականից։
2019թ․-ին ստեղծել եմ «Թոնդրակ» արշավական ակումբը, որը կազմակերպում է ոչ միայն արշավներ, այլև իրականացնում հասարակական բուռն գործունեություն։
Թոնդրակը, որն ունի պատմական վաղագույն ակունքներ, պիտի դառնա հայրենաճանաչության և աշխարհաճանաչման դարբնոց։
Ինձ համար նշանաբան եմ դարձրել Նժդեհի «Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները» հայտնի ասույթը: