Գիշատիչ – զոհ փոխհարաբերություն

Գիշատիչ – զոհ փոխհարաբերություն

with No Comments

Բնության մեջ այս հարաբերությունը գոյություն ունի կյանքի ծագման հենց սկզբից: Գիշատչի պոպուլյացիայի զարգացումը չի կարելի անջատել զոհի պոպուլյացիայի զարգացումից: Դրանց զարգացումը ընթանում է համատեղ, հակառակ դեպքում նրանց բնաջնջում է սպառնում: Զոհին բռնելու համար գիշատչի մոտ զարգացման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ հարմարանքներ` սուր ատամներ և ժանիքներ, արագ ոտքեր, հովանավորող գունավորում, թունավոր գեղձեր և այլն:

 

Զոհն իր հերթին, գիշատչից խուսափելու համար, զարգացրել է պաշտպանական յուրահատուկ միջոցներ` պաշտպանական գունավորում, արագ թաքնվելու ընդունակություն, փշեր, սեպեր, զրահներ և այլն:
Ընդհանուր առմամբ՝ զոհի զարգացումը ընթանում է գիշատչի կողմից դժվար բռնվելու և գիշատչի համար
դժվարամատչելիության ուղղությամբ: Գիշատչի զարգացումը ընթանում է որս կատարելու ունակության
բարձրացման ուղղությամբ:

Սննդային շղթաներում գիշատիչը համարվում է կարևոր օղակ: Նրանց առկայությունը նպաստում է խոտակեր կենդանիների բնական ընտրության ուղղվածությանը: Օրինակ՝ այծքաղների ձագերը ծնվելուց 5 րոպե հետո կարող են ինքնուրույն շարժվել:

 

Ոչ միշտ է գիշատիչը զոհի պոպուլյացիային վնաս հասցնում: Գիշատիչը հիմնականում որսում է զոհի
պոպուլյացիայի հիվանդ, ծեր, թույլ առանձնյակներին: Դրա հետևանքով զոհի պոպուլյացիայում մնում են ավելի
երիտասարդ, օգտակար ժառանգական հատկանիշներով օժտված և կենսունակ առանձնյակները: Սակայն կան
գիշատիչներ, որոնք որպես սնունդ օգտագործում են զոհի պոպուլյացիայի բոլոր տարիքային խմբերը: Այս
դեպքում խախտվում է պոպուլյացիայի պոտենցիալ աճը: Դրանով զոհի պոպուլյացիան խուսափում է նաև
համաճարակներից:

 

Ուսումնասիրելով գիշատչի և զոհի պոպուլյացիաների շարժընթացը՝ էկոլոգները բացահայտել են, որ բնության
մեջ դրանց թվաքանակի տատանումները որոշ դեպքերում ընթանում են փոխկապակցված շրջաններով: Գիշատչիև զոհի պոպուլյացիաների թվաքանակի նմանատիպ դինամիկան ընդունված է նկարագրել 1925թ.  ամերիկացի մաթեմատիկոս, ֆիզիկաքիմիկոս Ալֆրեդ Ջեյմս Լոտկայի (անգլ.՝ Alfred James Lotka, 1880–1949 թթ.) և 1926թ. իտալացի մաթեմատիկոս Վիտո Վոլտերրայի (իտալ.՝ Vito Volterra, 1860–1940 թթ.) կողմից առաջարկված մաթեմատիկական մոդելի շրջանակներում:

Գիշատիչները մեր թշնամիները չեն: Դրանց բնաջնջումը բնության մեջ առաջ է բերում հավասարակշռության խախտում:

 

Ըստ կարգաբանական դասակարգման՝ գոյություն ունի գիշատիչների երկու տիպ`

  • իսկական գիշատիչներ (գիշատիչը հարձակվում է զոհի վրա, սպանում նրան և ուտում ամբողջովին),
  • ամենակեր գիշատիչ (սնվում է և՛ կենդանիներով, և՛ բույսերով): Օրինակ՝ գորշ արջը գարնանը սնվում
    է երիտասարդ բույսերով, ծառերի բողբոջներով, ամռանը` պտուղներով, ցորենի հատիկներով և
    կենդանական սննդով (միջատներ, թռչուններ, ձկներ, փոքր կաթնասուններ):

Հավանեցի՞ք նյութը։