Գիլանլար․ գյուղ Խոսրովի անտառում

Գիլանլար․ գյուղ Խոսրովի անտառում

with No Comments

Աշխարհից կտրված Գիլանլարի մասին քչերը գիտեն, քանի որ գյուղն անկախությունից հետո անհետացել է Հայաստանի վարչական քարտեզից:
Գիլանլարը գտնվում է “Խոսրովի անտառ” պետական արգելոցում։

 

Գյուղը հիմնադրվել է 20-րդ դարի 1950-ականներին  տարածքում հիմնված ոչխարաբուծական ֆերմայի հիմքի վրա:
Բնակատեղիում պահպանվել են նաև 9-րդ դարի խաչքարեր, 11-րդ դարի Սբ Ստեփանոս եկեղեցին, ինչպես նաեւ հին եւ նոր գերեզմանատները՝ 1800-ականների տապանաքարերով:

1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով ստեղծվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։

 

1985թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Եղեգնավան, Բայբուրդ, Շիրազլու, Շիդլու, Փոքր Վեդի, Ուրցաձոր եւ Գիլանլար գյուղերի հողատարածքները հանձնվեցին արգելոցին, ինչի պատճառով Գիլանլարի բնակիչները հայտնվեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Գյուղացիներին առաջարկվեց վերաբնակվել Հայաստանի այլ գյուղերում։
Գիլանլարցիները հրաժարվեցին թողնել իրենց ծննդավայրը և չնայած տարբեր բռնաճնշումների, շարունակում են բնակվել գյուղում նաև այսօր։

 

Գիլանլարցիները ապացուցել են, որ Գիլանլարը իրենց ծննդավայրն է և վերջ։
Նրանք չեն աղտոտում անտառը, չեն կտրում ծառեր, չեն խախտում էկոհամակարգը։

Նրանք տնկում են ծառեր, ոռոգում այգիներ, մաքրում են տարածքը և չնայած կոմունալ հարմարությունների բացակայությանը, շարունակում են ապրել և խնամել իրենց անտառ-գյուղակը՝ ներդաշնակված բնության էկոհամակարգին։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչակազմը գնահատում է գիլանլարցիների նման հոգատար վերաբերմունքը անտառի և մայր բնության հանդեպ, ուստի այլևս չի պարտադրվում գյուղացիներին լքել իրենց ծննդավայրը։
Գիլանլարում արդարությունը, իրավունքը և օրենքը ներդաշնակված են։

 

Գիլանլարում այսօր բնակվում է 25-30 ընտանիք` առանց կոմունալ հարմարությունների եւ առանց համայնքապետի:
«Բոլորս էլ մեր հերթին գյուղապետ ենք»,-կատակում են գյուղացիները։
Հեռախոսակապն այստեղ նույնպես շատ դժվար է գործում։

 

Խոսրովի անտառի ջրվեժներով հիանալուց հետո, որոշեցինք հետ վերադառնալիս այցելել Գիլանլար գյուղ

Մեզ հանդիպած գյուղացիները, որոնք տարեց կանայք էին, մեզ իրենց տնկած և խնամած ծառերի ընկույզներից հյուրասիրեցին և պատմեցին գյուղի մասին շատ հետաքրքիր անցքեր։Առաջին երիտասարդին հանդիպեցինք գյուղի կենտրոնում՝ չիմանալով, որ հասել ենք կենտրոն։
Նման ներդաշնակ կենտրոն դեռ ոչ մի գյուղում չէինք հանդիպել (ցուցադրված է լուսանկարում)։
Երիտասարդը ներկայացավ՝ Տարոն Առաքելյան:

Տարոնին հարցրեցինք, թե ինչպե՞ս հասնենք գյուղի կենտրոն, իսկ նա զարմացած պատասխանեց, որ արդեն հասել ենք։
Հետո հանդիպեցինք Տարոնի ընկերոջը՝ Բագրատին:

Տղաները ոգևորված պատմում էին իրենց ծննդավայր մասին։
Նկարագրում էին շատ հետաքրքիր վայրեր, որոնք մենք դեռ չենք այցելել։
Ասեցին Աղջոց վանք տանող ավելի հարմար երթուղու մասին, խոստացան, որ հաջորդ անգամ իրենք անձամբ մեզ կուղեկցեն։

Մեր հարցին, թե միթե դժվար չէ ապրել Գիլանլարում՝ առանց հեռախոս, առանց համացանց, տղաները պատասխանեցին, որ վերոնշյալ բաները իրենց կյանքում պարզապես շատ քիչ տեղ են զբաղեցնում։

 

«Կհանդիպենք լեռներում»,- հրաժեշտ տվեցինք մենք։
«Կհանդիպենք անտառում»,- կատակեցին նրանք։

#Կհանդիպենք_անտառում

Հավանեցի՞ք նյութը։