Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզ

with No Comments

Գեղարքունիքի մարզ

Տարածքը՝ 5349 քկմ

Բնակչությունը՝ 230,0 հազար (2017 թ.)

Կենտրոնը՝ ք. Գավառ

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը:

Գեղարքունիքը կազմավորվել է Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի վարչական նախկին շրջանների միավորումից:

Գեղարքունիքի մարզն իր տարածքով ամենամեծն է և այնքան է, ինչքան Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերը՝ միասին վերցրած: Մյուս առանձնահատկությունն այն է, որ տարածքի 1/4ը ծածկված է Սևանա լճի ջրով:

Բնակչության թվով հանրապետթյան մարզերի շարքում միջին տեղ է գրավում: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Գեղարքունիք և Սոթք գավառներն ամբողջությամբ և Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի արևելյան հատվածը, ինչպես նաև Ուտիք աշխարհի Տուզ-Կստակ գավառի ծայր հարավարևմուտքը:

ՀՀ տարածքի մեծ առանցքի վրա Գեղարքունիքի մարզը կենտրոնական դիրք ունի, իսկ փոքր առանցքի վրա՝ եզրային դիրք: Այն հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, հարավից՝ Վայոց Ձորի, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին:

Մյուս մարզերի համեմատությամբ Գեղարքունիքի տրանսպորտաշխարհագրական դիրքը պակաս նպաստավոր է, որն ընդհանուր առմամբ փակուղի է հիշեցնում:

Համապետական տարանցիկ նշանակության միակ մայրուղին, որը երկրի մայրաքաղաքը կապում է հյուսիս-արևելքին, հատում է մարզի տարածքի արևմտյան փոքր անկյունը միայն:

Մարզից դուրս եկող մյուս՝ Ճամբարակ-Բերդ և Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհների նշանակությունը փոքր է: Փակուղային է նաև միակ՝ Երևան-Սևան-Սոթք երկաթուղին: Ապագայում երկրի տնտեսական զարգացման և ճանապարհային ցանցի կատարելագործման շնորհիվ Գեղարքունիքի մարզը կարող է էապես բարելավել իր տրանսպորտաաշխարհագրական դիրքը և դառնալ կարևոր օղակ Հայաստանի Հանրապետության հարավային հյուսիսային մարզերի, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի միջև:

Բնական պայմանները և ռեսուրսները:

Գեղարքունիքի մարզը զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանն ամբողջությամբ և Աղստևի վտակ Գետիկի ավազանի հարավային մասը: Վարդենիսի և Գեղամա լեռներում տասնյակների են հասնում հրաբխային կոները:

Առավել դիտարժան են խառնարանային գեղեցիկ լիճ ունեցող Աժդահակ և Արմաղան հրաբուխները: Արեգունու և Սևանի լեռնաշղթաների դեպի լիճն իջնող լանջերը զառիթափ են, ամենուրեք հանդիպում են լերկացած տարածություններ:

Բավականին շատ են սելավային հոսքերը, որոնք վտանգավոր են լճափով անցնող ավտոճանապարհի և երկաթգծի համար:

Սևանա լճի մերձակա ամենահարթ տեղամասերը գտնվում են նրա հարավարևելյան և հարավային մասերում՝ 1900-2200 մ բարձրությունների վրա: Հայտնի է Մասրիկի դաշտը, որը ծածկված է արգավանդ սևահողերով:

Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցուրտ է. հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -5°C-10°C, ձևավորվում է հաստատուն ձնածածկույթ: Ամառը տաք է. հուլիսյան միջին ջերմաստիճանը՝ +18°C+20°C, գերիշխում են քիչ ամպամած, արևոտ եղանակները:

Սևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը: Լճի բարերար ներգործության շնորհիվ այստեղ հունվարյան միջին ջերմաստիճանը գրեթե հավասար է Երևանի ջերմաստիճանին:

Մարզի տարածքում մթնոլորտային տեղումները շատ չեն. լճի վրա և առափնյա գոտում՝ 400 450, բարձրլեռնային գոտում՝ մինչև 1000 մմ: Մինչև Սևանա լճի մակարդակի արհեստական իջեցումը այն ձմռանը հազվադեպ էր սառցակալում: Ներկայումս այն հաճախ է սառցակալում:

Մարզի հողաբուսական ծածկը և կենդանական աշխարհը բազմազան են և փոփոխվում են ըստ վերընթաց ըստ գոտիականության: Մինչև միջին բարձրությունները տիրապետում են լեռնային սևահողերը և փետրախոտային տափաստանները, բարձրլեռնային գոտում՝ լեռնամարգագետնային հողերը՝ մերձալպյան և ալպյան բուսականությամբ:

Սևանա լճից ազատված առափնյա գոտին այժմ հիմնականում պատված է արհեստական անտառով: Սևանի և Արեգունու լեռները պատմական անցյալում անտառապատ են եղել: Այժմ տեղ-տեղ պահպանվել են խղճուկ գիհուտներ և կաղնուտներ: Վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի բարձրացումն ավելի քան երեք մետրով ոչ միայն խնդիրներ է լուծում, այլ առաջացնում է նոր բնույթի խնդիրներ՝ կապված շինությունների, լողափերի և անտառների առանձին հատվածների՝ ջրով ծածկվելու հետ:

Բազմազան ու հարուստ են մարզի օգտակար հանածոները: Մեծ արժեք են ներկայացնում քրոմիտի (Շորժա), ոսկու (Սոթք), բազալտի և այլ շինանյութերի պաշարները, հանքային աղբյուրները (Լիճք և այլն):

Մարզի և ամբողջ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարները: Գետերում տարածված է կարմրախայտ ձկնատեսակը: Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների և բնակավայրերի մնացորդների, հանքավայրերի և սեպագիր արձանագրությունների: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ (Լճաշեն):

Առանձնապես ուշագրավ են մարզի բնական հուշարձանները. խառնարանային լճերը (Ակնա, Աժդահակ), խարամային կոները, ընդարձակ «քարային ծովերը»:

Բնակչությունը:

Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե՛ թվաքանակը, թե՛ ազգային կազմը: Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև ռուս աղանդավորներ (մոլոկաններ): Ներկայումս Գեղարքունիքի բնակչթյան ազգային կազմը միատարր է:

Բնակավայրերի տեղաբաշխումն անհամաչափ է, հարմարված է լճի ափամերձ գոտու գծագրությանը ռելիեֆային պայմաններին: Սևանի ավազանի հյուսիսային նեղ՝ լճի լեռների միջև սեղմված գոտում ընդամենը մի քանի գյուղ կա: Դրան հակառակ, այդ գոտու արևելյան և հարավային հատվածում գյուղերի թիվը կտրուկ մեծանում է, իսկ շատերն էլ լճափից բավական հեռու են գտնվում: Մարզի 93 գյուղերում ապրում է բնակչության 70%-ը:

Հարթավայրային տարածքներում շատ են խոշոր գյուղերը: Դրանցից են Վարդենիկը (8811 մարդ (2016 թ.)), Ներքին Գետաշենը (8558 մարդ (2016 թ.)), Սարուխանը (8241 մարդ (2016 թ.)), Զոլաքարը (6741 մարդ): Մարզի հինգ քաղաքներն էլ եղել են նախկին վարչական շրջանների կենտրոններ՝ Գավառը (19490 մարդ (2016 թ.)), Սևանը (19169 մարդ (2016 թ.)), Վարդենիսը (12597 մարդ (2016 թ.)), Մարտունին (12209 մարդ (2016 թ.)) և Ճամբարակը (5715 մարդ (2016 թ.)):

Գավառը հիմնադրել են 1830 թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը՝ պատմական Գավառականի տեղում: Ռուսական կայսրության ժամանակ քաղաքը կոչվել է Նոր Բայազետ, իսկ խորհրդային իշխանության տարիներին՝ Կամո:

Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությնը, գյուղատնտեսությունից բացի, զբաղվում էր արհեստագործությամբ և առևտրով:

Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը:

Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, մշակութային առողջապահական՝ մարզային նշանակության ձեռնարկություններ: Այստեղ է գտնվում Գավառի պետական համալսարանը:

Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է, որը հիմնադրել են անցյալ դարի առաջին կեսին կենտրոնական Ռսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը՝ Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկում և Երևան-Սոթք երկաթուղու վրա գտնվելու հանգամանքը:

Տնտեսությունը:

Գեղարքունիքի մարզի տնտեսության մեջ առաջատարը գյուղատնտեսությունն է, որի արտադրանքի ծավալով հանրապետության մարզերի թվում Գեղարքունիքը զբաղեցնում է առաջին տեղը և տալիս է ՀՀ գյուղատնտեսական համախառն արտադրանքի 19,3%-ը:

Մարզի գյուղարտադրանքի 64%-ը բաժին է ընկնում բուսաբուծությանը: Մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են հացահատիկային տնտեսությունը, կարտոֆիլագործությունը և անասնապահությունը: ՀՀ մարզերի թվում առաջինն է հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններով և դրանց համախառն բերքով:

ՀՀ հացահատիկի 29%-ը և կարտոֆիլի 46%-ը արտադրվում է Գեղարքունիքի մարզում: Մարզը ոչխարների և այծերի գլխաքանակով նույնպես առաջինն է, իսկ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով զիջում է միայն Շիրակի մարզին:

Մարզի համար բնորոշ է այն, որ հողային ֆոնդը (չհաշված Սևանի ջրային մակերեսը) գրեթե ամբողջությամբ պիտանի է գյուղատնտեսական օգտագործման համար:

Գյուղատնտեսական հողահանդակների մեծ մասն արոտավայրերն ու խոտհարքներն են: Ընդարձակ են վարելահողերը: Այսպես, գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր մակերեսը՝ 348,7 հազ. հա է, որից 27%-ը վարելահողեր են: Գեղարքունիքի մարզը մշտապես եղել է և այժմ էլ մնում է Հայաստանի բնակչությանը թարմ ձուկ մատակարարող հիմնական շրջանը: Բայց վերջին ժամանակներս Սևանա լճի ձկնային պաշարները զգալիորեն պակասել են, և որսը նկատելիորեն կրճատվել է:

Մարզի արդյնաբերության մասնագիտացումը պայմանավորված էր ազատ աշխատանքային ռեսուրսների և գյուղատնտեսական հումքի առկայությամբ: Այդ պատճառով էլ, սննդի արդյունաբերությունից բացի, մի քանի խոշոր գյուղական բնակավայրերում խորհրդային ժամանակներում ստեղծվել էին մեքենաշինության և թեթև արդյունաբերության աշխատատար արտադրություններ:

Զարգացան նաև սննդի և շինանյութերի արդյունաբերության ճյուղերը: Այժմ դրանց մի մասն է միայն գործում: Գեղարքնիքի մարզում են գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրը, որին բաժին է ընկնում երկրում արդյունահանվող ոսկու հանքաքարի մեծ մասը, և Սևան-Հրազդան կասկադի գլխամասային՝ Սևանի ստորգետնյա ջրաէլեկտրակայանը:

Սևանա լճի ափամերձ գոտին («Սևան» ազգային պարկը) ՀՀ զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ամենաակտիվ շրջաններից է և ունի զարգացման լայն հեռանկարներ: Վերջին տարիներին այստեղ կառուցվել են հյուրանոցներ և հանգստի այլ օբյեկտներ:

Մարզի տեղն ու դերը Հայաստանի տնտեսության մեջ չի սահմանափակվում նրա տարածքում եղած արտադրություններով: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ մարզում գտնվող Սևանա լճի ջրային պաշարներն օգտագործվում են մյուս մարզերի շուրջ 100 հազ. հեկտար հողերը ոռոգելու, Հրազդան գետի վրա կառուցված մյուս ջրէկ-ներն աշխատեցնելու և ամբողջ երկրին էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Հավանեցի՞ք նյութը։