Հայաստանի անտառների նշանակությունը

Հայաստանի անտառների նշանակությունը

with No Comments

Անտառը` բնության բազմաֆունկցիոնալ օբյեկտ է, հանդիսանալով էկոհամակարգ, այն կատարում է ջրապաշտպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ ֆունկցիա, հանդիսանում է կենդանական և բուսական աշխարհի ապրելավայր և աճելավայր:

Հայաստանի անտառներն իրենց բնապահպանական նշանակությամբ, պաշտպանական /ջրապաշտպան, հողապաշտպան/ և հատուկ նշանակության /արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի/ անտառներ են: Բնական արտադրական անտառներ Հայաստանում չկան: Այդ պատճառով արգելված են արտադրական հատումները, թույլ են տրվում միայն սանիտարական և խնամքի հատումներ:

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի անտառները լեռնային անտառներ են, գտնվում են 30 աստիճանից բարձր թեքությունների վրա, ապա դրանք կատարում են հողապաշտպան ֆունկցիա: Այն տարածքներում, որտեղ համատարած հատումներ են արվում շատ կարճ ժամանակում անձրևների և ձնհալի արդյունքում լեռների լանջերից լվացվում է հողի բերրի` հումուսային շերտը և լցվում գետերը, որոնք հոսում են հարևան երկրներ և պարարտացնում են մեր հարևանների տարածքները: Հայաստանում առաջանում է հողի էռոզիա, սողանքներ և անապատացում: Հողի հումուսային շերտը դժվար վերականգնվող է կամ կարելի է ասել, որ չի վերականգնվում, քանի որ 10 սմ հումուսային շերտի վերականգնման համար անհրաժեշտ է 100 տարի:  Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան, որի վերջին ազգային զեկույցում նշված է, որ Հայաստանի ողջ տարածքի 80% ենթակա է անապատացման: Դա էկոլոգիական և ազգային անվտանգության լուրջ խնդիր է: Փաստորեն, եթե չկա անտառ, չկա բերրի հող և հակառակը, եթե չկա հող չի կարող աճել անտառ:

 

Անտառները կատարում են նաև ջրապաշտպան ֆունկցիա:  Անտառները պահպանում են գետերի հունը և այդ անտառները հատելու դեպքում, գետերի հունը փոխվում է և տեղի է ունենում ջրի կորուստ: Քանի որ հիմնականում ջրի աղբյուրները գտնվում են լեռների գագաթներին, ապա անտառները պահպանում են այդ աղբյուրները և դրանցից հոսող մանր գետակները և վտակները գոլորշիացումից: Այն տարածքներում, որտեղ անտառը համատարած հատվել է, ջրի աղբյուրները ցամաքում են և վերանում: Այստեղ էլ ակնհայտ է փոխադարձ կապը` երբ ոչնչանում է անտառը, ցամաքում են աղբյուրները, և հակառակը` առանց ջրի անտառը չի կարող աճել: Խմելու ջուրը աշխարհում համարվում է ամենաթանկ և կենսական անհրաժեշտ ռեսուրսը և ջրերի կորուստը Հայաստանում էկոլոգիական և ազգային անվտանգության խնդիր է:

 

Անտառը ունի կլիմայակարգավորիչ ֆունկցիա: Կլիմայի փոփոխությունը` գլոբալ էկոլոգիական խնդիր է: Այն կարող է առաջացնել լուրջ սոցիալական խնդիրներ: Օդի ջերմաստիճանի կայուն բարձրացումը կամ իջեցումը վնասակար ազդեցություն է ունենում կենսաբազմազանության, գյուղատնտեսության, մարդու առողջության, որոշ արդյունաբերական ճյուղերի վրա /օր. գինեգործություն, կոնյակի արտադրություն և այլ/: Պատահական չէ, որ աշխարհի մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի, կողմից ստորագրվել և վավերացվել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան իր արձանագրություններով և դեկլարացիաներով; Հայաստանը նույնպես պարտավորություն ունի ընդարձակելու անտառապատ տարածքները:

 

Նազելի Վարդանյան, Էկոլոգ-իրավաբան,

«Հայաստանի անտառներ» Հկ-ի տնօրեն

Հավանեցի՞ք նյութը։