Աղտոտման հետ միասին, միջավայրի տեխնածին ազդեցությունը դրսևորվում է նաև բնական էկոհամակարգերի, մասնավորապես անտառների կրճատումով:
Անտառային էկոհամակարգերի վրա մարդածին ազդեցության հետևանքով ներկայումս կրճատվում են անտառային տարածքները, տեղի են ունենում տեսակային կազմի և կառուցվածքային փոփոխություններ։
Ծառուտները կորցնում են բնական վերականգնման ունակությունը և նվազում է դրանց արտադրողականությունը:
Մարդածին գործոններ են անտառների գերշահագործումը, անկանոն հատումները, արածեցումը, խոտհունձը, հողազավթումները և այլն։
Չհամակարգված անտառահատումները դեռևս հանդիսանում են անտառների քայքայման հիմնական պատճառ:
Սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները:
Վերջին տասնամյակներին անթրոպոգեն ազդեցության հետ մեկտեղ կլիմայի փոփոխությունը ևս մեկ կարևոր՝ արդեն իսկ ռիսկային գոտում գտնվող անտառային էկոհամակարգերին լրացուցիչ սպառնացող գործոն է դառնում:
Ըստ ՀՀ Կլիմայի փոփոխության մասին Երկրորդ ազգային հաղորդման՝ կլիմայի փոփոխության արդյունքում սպասվում է անտառների ստորին սահմանի տեղաշարժ։
250-300 մ վեր և որպես հետևանք անտառային էկոհամակարգի կառուցվածքում տեղի կունենան էական փոփոխություններ, ինչը նաև կհանգեցնի անտառի սանիտարական վիճակի վատթարացման:
Հետևաբար, եթե չկատարվեն հարմարվողականության միջոցառումներ, ապա մինչև 2030 թ. կարող է գրանցվել 14-ից մինչև 17.5 հազ. հա անտառի կորուստ:
Հայաստանին բնորոշ սակավ անտառածածկի պայմաններում անտառազրկումն էական սպառնալիք է։
Այն կարող է կործանարար հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար, ինչպես նաև բերել եկամուտների զգալի կորստի` երկարաժամկետ ազդեցության արդյունքում էկոհամակարգային ծառայությունների ծավալների և քանակների կրճատման հետևանքով:
Ըստ ՄԱԿ-ի` կլիմայի փոփոխության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զեկույցի տվյալների, 2100 թվականին Երևան քաղաքում միջին տարեկան ջերմաստիճանը 11.6 °C-ից բաձրանալու է 16.6 °C:
Մինչդեռ օդի հարաբերական խոնավությունը նույն ժամանակահատվածում նվազելու է ավելի քան 30 %-ով:
Կլիմայի գլոբալ փոփոխությունն իր ուրույն ազդեցությունն է ունենլու ՀՀ բոլոր մարզերի վրա:
Օդի միջին ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ավելանալու է ջերմային տաք հոսանքների հաճախականությունը, ինչի հետևանքով մեծանալու է ջրի գոլորշիացումը և փոթորիկների հավանականությունը:
Վերջիններս ՀՀ-ի տարածքում դառնալու են պատճառ բնական աղետների, ինչպիսիք են ջրհեղեղները, սողանքները և սելավները:
Մերի Հոխանյան, էկոլոգ, բնապահպան