Հայկական լեռնաշխարհ․ կենդանական աշխարհը

Հայկական լեռնաշխարհ․ կենդանական աշխարհը

with No Comments

Բազմազան է Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը:

Անասնապահության զարգացման համար առկա բարենպաստ պայմանները թույլ են տվել անհիշելի ժամանակներից այստեղ բուծել ոչխար, այծ, խոշոր եղջերավոր անասուններ (կով, գոմեշ), ավանակ (էշ), թռչունների բազմաթիվ տեսակներ: Հայաստանը հնուց համարվել է ձկնաբուծական խոշոր կենտրոն:

 

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի տվյալներով Աքեմենյան տիրապետության շրջանում (Ք.ա. VI-IV դդ.) Հայաստանը Միհր (Միթրա) աստծո տոնակատարությունների համար տրամադրող է տարեկան 20000 մտրուկ: Ձիաբուծության հայտնի կենտրոն էր մասնավորապես Արցախը: Վաղնջագույն ժամանակներում լեռնաշխարհի տարբեր շրջաններում տարածված է եղել առյուծ (Ծոփք, Ուտիք, Վասպուրական), իսկ Փոքր Հայքի տարածքում այն հանդիպել է անգամ XVII դ. կեսերին (այդ մասին հիշում է թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբին):

 

«Աշխարհացույցի» տվյալներով Մոկքում (Մոկաց աշխարհ) հանդիպել է «գեղեցկախայտ» (հիմա’ կարմրապուտ) ինձ (հովազ): Ընձառյուծ է հիշատակվում նաև Հայոց Արևելքի կողմերում: Հայաստանի հարավային գավառներում եղել են փոքրամարմին փիղ, ջայլամ: «Աշխարհացույցի» տվյալներով Արածանու ջրերում ապրել է կոկորդիլոսի մի տեսակ, որը կոչվել է «նհանգ»: Արաբական աղբյուրները խոսում են Կապուտան (Ուրմիո) լճում հանդիպող քաբուդան կենդանու մասին (հավանաբար’ փոկանման), որը ոչնչացել է ջրի հետագա աղիացման պատճառով:

 

Պարսկահայքի տարածքում հանդիպել են վայրի էշի (ցիռ) մեծաքանակ երամակներ: Վայրի կենդանիներից հանդիպում են նաև գորշ արջ, գայլ, աղվես, անտառային կատու, լուսան, փորսուղ, եղջերու, այծյամ, վայրի ոչխար (հնում’ «առն» կամ «արտիկ»), քարայծ (հնում’ «քաղ» կամ «քօշ»), բազմաթիվ թռչնատեսակներ: Հարկ է նշել, որ հնում վայրի կենդանական աշխարհն ավելի բազմազան է եղել: Ցավոք, մարդու գործունեության հետևանքով ներկայումս շատ կենդանիներ, որոնք հիշատակվում են հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում, կամ ոչնչացվել են, կամ էլ խիստ կրճատվել է նրանց կենսատարածքը (արեալը):

 

Պետք է հաշվի առնել, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում հիմնականում հանդիպում են էնդեմիկ, այսինքն բնիկ’ միայն այս տարածքին հատուկ կենդանատեսակներ:

Պատմաբան-քարտեզագիր՝ Գեղամ Բադալյան

Հավանեցի՞ք նյութը։